İçeriğe geçmek için "Enter"a basın

Կարծես կենդանու տեղ դրած լինեին. 85-ամյա հայ կինը՝ Ադրբեջանում իր նկատմամբ վերաբերմունքի մասին

Հադրութ քաղաքի բնակիչ, գերեվարված 85-ամյա Եվգենիա Բաբայանը պատմել է Բաքվում անցկացրած օրերի ընթացքում իր նկատմամբ վերաբերմունքի մասին:

ՀՀ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում հայ կինը պատմում է Բաքվի ոստիկանական բաժանմունքներում անցկացրած օրերի մասին:

«Հոկտեմբերի 15-ի, լույս 16-ի գիշերը ռմբակոծության պատճառով գիշերել եմ իմ տան նկուղում, որը ծառայում է, որպես ապաստարան` պատերը հաստ են: Առավոտյան դուրս եմ եկել ապաստարանից, որպեսզի հավերիս կերակրեմ: Հենց այդ պահին նկատեցի, որ տղամարդկանց ձայներ են մոտենում տանը: Մտածեցի որդիս` Սուրենն է եկել տուն: Այդ պահին տան դուռը բացվեց ու ադրբեջաներեն լեզվով խոսող շուրջ 10 զինվորականներ ներխուժեցին մեր տուն: Տեսնելով նրանց, վախեցա ու վայր ընկա: Այդ պահին ադրբեջաներեն խոսող զինվորականները մոտեցան ինձ, ձեռքիցս քաշեցին, բարձրացրին եւ ասացին, որ ինձ Բաքու են տանելու: Ես ընդդիմացա, ասացի, որ մեծ տարիքով կին եմ, սա իմ տունն է, ուզում եմ այստեղ մնալ, թողեք ինձ իմ տանը, սակայն նշված զինվորականներն ասացին, որ պետք է տանեն, որից հետո ձեռքերիցս քարշ տվեցին, տարան եւ նստեցրին իրենց ավտոմեքենան: Դրանից հետո ինձ տարել են Ադրբեջանի Բաքու քաղաք, որտեղ երեք ոստիկանական կետերի հետ եմ շփվել: Ինձ շատ վատ են վերաբերվել, կարծես կենդանու, շան տեղ դրած լինեին»,- պատմում է կինը:

Բաբայանն ասում է, որ հետո իրեն տեղափոխել են երկրորդ ոստիկանական կետ. «Աշխատակիցներն ինձ ստիպում էին, որ ես ասեմ` Փաշինյանը լավը չէ, ինքն է սարքել այս կռիվը: Ասում էին, որ ինքն է մեղավոր, ես էլ ասում էի, որ Հադրութն իրենցը չէ, այլ մերն է: Իրենք ինձ տեսախցիկներով նկարում էին, հարցեր էին տալիս, ես իրենց ասածով պատասխանում էի: Դրանից հետո ինձ տարան երրորդ ոստիկանական կետը, որտեղ երկու հայ կային` մեկը երիտասարդ տղա էր` քաղաքացիական հագուստով, մյուսը` տարիքով մեծ էր: Երիտասարդին կապկպել էին` ձեռքերը, ոտքերը, փակել էին աչքերը, գցել էին մի անկյուն եւ հերթով ոտքով հարվածում էին: Տարիքով մեծ հայի ձեռքերը կոտրտված էին եւ նա ուղղակի նստած էր»։

Նա նշում է, որ այդ երեք բաժանմունքներից յուրաքանչյուրում մեկական օր է մնացել. «Երիտասարդ հայը, որի մասին նշեցի, հագին կար կապույտ գույնի քաղաքացիական վերնաշապիկ, ոտաբոբիկ էր: Երրորդ օրը, երբ ինձ հանեցին բաժնից, հայ երիտասարդին գցել էին պարկի մեջ եւ քարշ տալով տարան ու գցեցին ավտոմեքենան, իսկ մյուս տղամարդուն եւ ինձ նստեցրին ավտոմեքենան, որից հետո ինձ տարան Բաքվի հիվանդանոց, իսկ նշված երկու հայերին տարան ինձ անհայտ ուղղությամբ: Հետո ինձ ասացին, որ այդ երկու հայերին իրենք մորթել են, վզները կտրել ու սպանել են»։

85-ամյա Եվգենիա Բաբայանը Բաքվի հիվանդանոցում մնացել է 10 օր, որտեղ իրեն այցելել են Կարմիր խաչի աշխատակիցները, հագուստ են տվել եւ այլ իրեր: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերի 28-ին իրեն Բաքվից տարել են Վրաստան, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով բերել Հայաստան:

https://news.am/arm/news/610737.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın