İçeriğe geçmek için "Enter"a basın

Պատերազմի ծանրագույն, անհուսալի օրերը, որ մենք հաղթահարեցինք 1991-1994-ին

Թաթուլ Հակոբյան

1991-1994 թվականների Արցախյան պատերազմում, որ տևեց մոտավորապես 1000 օր, հայկական կողմը ունեցել է ծանր, ծանրագույն, անգամ անհուսալի թվացող ժամանակահատվածներ: Ավելին, մենք ունեցել ենք նաև խուճապային պահեր, սակայն բոլոր դեպքերում, կարողացել ենք հաղթահարել և հասնել 1994-ի մայիսյան զինադադարին, որը հայկական դիվանագիտությանը տվել է ամուր դիրք բանակցային գործընթացում:

Արցախյան պատերազմի առաջին ծանրագույն պահը 1991-ի հունիս-հուլիսին էր՝ տխրահռչակ Կոլցո գործողությունից հետո: Դա կարելի է համարել խորհրդային բանակի վերջին ամոթալի և պատժիչ գործողությունը: Ադրբեջանական զինված խմբավորումների հետ նրանք իրականացրին տեղահանումներ Արցախի հյուսիսում և հարավում, ինչպես նաև Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի հատվածում: Այնպիսի անհուսալի վիճակ էր ստեղծվել, որ 1991-ի հուլիսի 20-ին Արցախի, այն ժամանակ՝ ԼՂԻՄ-ի ղեկավարությունը Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ մեկնեց Բաքու, հանդիպեց Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ և, ըստ էության, ընդունեց, որ ԼՂԻՄ-ը կարող է լինել Ադրբեջանի կազմում:

Մի քանի օր անց տեղի ունեցավ մի իրադարձություն, որ ամբողջովին փոխեց իրավիճակը: Մոսկվայում կատարված հեղաշրջման ձախողված փորձը նոր իրավիճակ ստեղծեց: Հոգեվարքի մեջ գտնվող ԽՍՀՄ-ը, ըստ էության, փլուզվեց: Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, որին հաջորդեց Արցախի անկախությունը:

Երկրորդ անհուսալի թվացող վիճակը 1992-ի ամռանն էր, երբ Ադրբեջանում իշխանության եկավ Աբուլֆազ Էլչիբեյը, և ադրբեջանական բանակը հակահարձակման անցավ՝ մի քանի շաբաթվա ընթացքում գրավելով Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը և Մարտակերտի շրջանի մեծ մասը՝ Մարտակերտ քաղաքի հետ միասին: Այդ ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ էր Արցախի տարածքի մոտ 40 տոկոսը:

Մոտ 40 հազար փախստական շարժվում էր դեպի Ստեփանակերտ: Դա պատերազմի ամենածանր, խուճապային և հուսալքված պահն էր: Թվում էր՝ արդեն վերջն է՝ հայ ժողովուրդը կորցնում է ոչ միայն Արցախը, այլև արցախահայությանը:

Երրորդ, 1992-ի աշնանը եղավ մի պահ, երբ ադրբեջանական բանակը այնպես սեղմեց, որ գրեթե փակվում էր մայիսին բացված Լաչինի, այսօր՝ Բերձոր, մարդասիրական միջանցքը:

Չորրորդ, 1993-ի դեկտեմբերին Հեյդար Ալիևը նոր հարձակում սկսեց ճակատի գծի ամբողջ երկարությամբ: Ադրբեջանական բանակին հաջողվեց գրավել Քարվաճառի մի մասը, ապա նաև Արաքսի երկարությամբ շարժվել առաջ: 1993-ի դեկտեմբեր-ապրիլ ժամանակահատվածում կողմերը տվեցին ամենամեծ մարդկային կորուստները ամբողջ պատերազմի ընթացքում: Հայկական կողմի կորուստները այդ հինգ ամիսներին կազմեց մինչև 2000 մարդ, Ադրբեջանինը՝ մոտ 5000: Միայն Հորադիսի ուղղությամբ հայկական կողմը տվեց շուրջ 400 զոհ:

Մեր հիշատակած բոլոր չորս դեպքերում հայկական բանակը և ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ հայ ժողովուրդը ի վիճակի եղավ սթափ, առանց խուճապի փոխել իրադարձությունների ընթացքը և կերտել պատմություն, որ հայտնի է Արցախյան ազատամարտ անունով:

Թաթուլ Հակոբյան

https://www.civilnet.am/news/2020/10/12/Պատերազմի-ծանրագույն-անհուսալի-օրերը-որ-մենք-հաղթահարեցինք-1991-1994-ին/400982

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın