İçeriğe geçmek için "Enter"a basın

Մխիթարյանին դուրս թողնելը՝ անթույլատրելի շռայլություն

Թաթուլ Հակոբյան

2016-ի դեկտեմբերին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ներկայացնելով երկրի և ժողովրդի վիճակը, եզրակացրեց. «Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է»:

Սա չափազանցություն չէր ոչ այն օրերին, ոչ էլ՝ այսօր: Գուցե ոչ միակ, բայց բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստը շարունակում է ուրախություն և հպարտություն պատճառել: Այսօր նա աշխարհի ամենահայտնի և հաջողված հայերից է:

Ցավալի է, սակայն, որ նա չի միացել Հայաստանի ազգային հավաքականին և բաց է թողնելու սեպտեմբերի 5-ին և 8-ին կայանալիք՝ Հյուսիային Մակեդոնիայի և Էստոնիայի հետ ՈւԵՖԱ լիգայի մրցաշարի երկու հանդիպումները:

Ինքը՝ Մխիթարյանը, որ երկար տարիներ ազգային հավաքականի ավագն է և անփոխարինելի առաջատարը, որևէ մեկնաբանություն կամ բացատրություն չի տվել: Փոխարենը, խոսել է հավաքականի գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապարոսը:

«…Ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքին ասել է Կապարոսը, որը Հայաստանի հավաքականի հետ այսօր երեկոյան առաջին մարզումն է անցկացնում:

Այս բացատրությունը, սակայն, համոզիչ չէ և չի կարող լինել: Մենք կասկածի տակ չենք դնում, որ Հենրիխը իր մերժումը հենց այդպես արդարացրած լինի: «Ռոմա»-ի կազմում Մխիթարյանը լավ մարզավիճակում և հաջող խաղերով ավարտեց մրցաշրջանը: Ավելին՝ իտալական ակումբի 8 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ առաջատարներից Ջեկոն ու Կոլարովը, միացել են իրենց ազգային հավաքականներին:

Մխիթարյանի հրաժարվելը, որ, հուսանք, ժամանակավոր է, պետք է փնտրել անցյալ տարեվերջին ՀՖՖ արտահերթ ժողովում տեղի ունեցած մի քանի տհաճ դրվագներում: Նրա մայրը, որ երկար տարիների ՀՖՖ Գործկոմի անդամ էր և ճակատագրական դեր է ունեցել Հենրիխի ֆուտբոլային կարիերայում, այդ ժողովում չընտրվեց: Ակնհայտ է նաև, որ Մարինա Թաշճյանն ու ՀՖՖ նոր ղեկավարությունը միմյանց լեզուները չեն հասկանում:

Դեռ այն ժամանակ էր Թաշճյանը ակնարկել, որ որդին կարող է հրաժարվել խաղալ ազգային հավաքականում՝ տեսնելով մոր հանդեպ վերաբերմունքը:

Անկախ նրանից, թե ում մեղքով և ինչու է ֆուտբոլիստի մայրը դուրս մնացել հայկական ֆուտբոլից, պետք էր ամեն ինչ անել Հենրիխի սիրտը շահելու համար: Հենրիխի՝ հավաքականում չհայտնվելը անթույլատրելի շռայլություն է: Այս շռայլության համար Հայաստանի հավաքականը, նրա իսպանացի մարզիչն ու ՀՖՖ նոր ղեկավարությունը կարող են թանկ վճարել:

Ինչպես անցնող դեկտեմբերին, երբ տեղի ունեցավ ՀՖՖ արտահերթ ժողովը, այնպես էլ այսօր, ուղղորդված կերպով վարկաբեկման արշավ է տարվում Մխիթարյանների ընտանիքի դեմ: Սա ևս անթույլատրելի է: Եթե անգամ Հենրիխն անձամբ է որոշում կայացրել չմիանալ հավաքականին, եթե դա սխալ որոշում է, ապա հասկանալ կարելի է նման անհատականության տեսանկյունից:

Իսկ Հենրիխը շարունակում է իր ֆուտբոլային ճամփորդությունը: Երեկ BBC-ն և համաշխարհային առաջատար լրատվամիջոցները հաղորդեցին, որ Լոնդոնի «Արսենալի» և Մխիթարյանի միջև կնքված պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, և հայ ֆուտբոլիստը դարձել է Հռոմի «Ռոմա» թիմի անդամ, որի կազմում հանդես էր գալիս 2019-2020-ին:

Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել «Արսենալին», թիմի անձնակազմին, երկրպագուներին, առանձնահատուկ շեշտել նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին՝ իրեն «Արսենալ» բերելու և վստահելու համար:

«Այժմ սկսվում է նոր մրցաշրջանի նոր փորձության նախապատրաստական հատվածն ու երկրորդ տարվա արկածներն Ա սերիայում: Սիրում եմ այս քաղաքը, ակումբը, իսկ երկրպագուներն իմ սրտում են։ Ես կներդնեմ իմ բոլոր ջանքերը, որ մեր նպատակներն իրականություն դարձնենք»,- գրել է Մխիթարյանը։

Հենրիխի ֆուտբոլային կարիերան կարող է դասագրքային օրինակ լինել շատ ու շատ ֆուտբոլիստների համար: Առաջին հերթին աներևակայելի աշխատասիրությունը, համեստությունը, նպատակասլացությունն ու բարձունքներ նվաճելու հավատը 20-ամյա ֆուտբոլիստին Երևանի «Փյունիկից» հասցրեց Դոնեցկի «Մետալուրգ» և «Շախտյոր», որտեղ այդ ժամանակ 12 բրազիլացի էր խաղում, ապա Դորտմունդի «Բորուսիա», անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» ու Լոնդոնի «Արսենալ»:

2018-ին հեղինակավոր The Players Tribune-ում Մխիթարյանը այսպես ներկայացրեց իր մանկության ամենսուր հիշողությունը. «Երբ ես վեց տարեկան էի, ծնողներս ասացին, որ [Ֆրանսիայից] տեղափոխվում ենք տուն` Հայաստան:  Իրականում չէի հասկանում` ինչ է պատահում: Հայրս դադարել էր ֆուտբոլ խաղալ և ամբողջ ժամանակ տանն էր: Ես չգիտեի, սակայն հայրս ուղեղի ուռուցք ուներ: Ամեն բան շատ արագ պատահեց: Մեկ տարվա մեջ նա մահացավ: Քանի որ ես շատ փոքր էի, չկարողացա ամբողջությամբ ըմբռնել մահվան իմաստը: Հիշում եմ՝ մայրս և քույրս միշտ լալիս էին, և ես հարցնում էի. «Ո՞ւր է իմ հայրը»:

Ավելի վաղ՝ 2017-ին, BBC-ի «Ֆուտբոլը՝ դիտակետում» հաղորդաշարին տված հարցազրույցում Մխիթարյանը հոր՝ Խորհրդային Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի՝ Համլետ Մխիթարյանի մասին ասել էր. «Նա էր իմ շարժիչ ուժը, նպատակը, երազանքը։ Ես գիտեի, որ հայրս շարունակում է հետևել ինձ երկնքից։ Պետք է որ հիմա հպարտանա ինձնով»։

Հենրիխն անտարբեր չէ նաև Հայաստանի ներքաղաքական կարևոր իրադարձությունների հանդեպ: 2018-ի մայսին նա ֆեյսբուքի իր էջում գրեց. «Այսօր ես յուրահատուկ երջանկությամբ եմ լցված իմ երկրի համար: Մի քանի շաբաթ Հայաստանի ամբողջ տարածքով խաղաղ և ժողովրդական շարժում կատարելուց հետո, մեր երկիրը ցույց տվեց աշխարհին, թե ինչպես կարելի է լսելի դարձնել ժողովրդի ձայնը: Ցանկանում եմ, որ Հայաստանն այնպիսի վայր լինի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա երազանքների իրականացման լավագույն հնարավորությունները: Կեցցե՛ս, հայ ժողովուրդ»:

https://www.civilnet.am/news/2020/09/01/Մխիթարյանին-դուրս-թողնելը-անթույլատրելի-շռայլություն/393922

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın