İçeriğe geçmek için "Enter"a basın

Դեպի Բեյրութ. Հայաստանը և հայ ժողովուրդը նայում է մեկ ուղղությամբ

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարներն ու տեսանյութերը չեն կարող տալ ավերածության ու վնասի չափերը, որ կրել է Բեյրութը օգոստոսի 4-ի պայթյունից հետո: Բառերը և խոսքերը չեն կարող նկարագրել այն տխուր և ճնշող իրավիճակը, որում հայտնվել են Լիբանանի մայրաքաղաքն ու արվարձանները:

Այս պայմաններում խոսքերն ավելորդ են դառնում, պետք է օգնել Լիբանանին ու նրա ժողովրդին: Առաջիններից մեկը Հայաստանն էր, որ պատրաստակամություն հայտնեց օգնության հասնել: Արդեն երկու օդանավ մարդասիրական օգնություն է ուղարկվել, շուտով կլինի երրորդը: Դրանցից երկուսը նախատեսված են Լիբանանի, երրորդը՝ լիբանանահայության համար:

Երկրորդ օդանավով հասած օգնության մեջ մասնակցություն ունի նաև Արցախը, ինչը շատ բարձր է գնահատվել լիբանանահայ համայնքում:

Կիրակի, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում տեղի ունեցած պատարագի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարեց, որ Լիբանանի հայությունը նախ և առաջ նյութական օգնության կարիք ունի:

«Մեկ հասցե, մեկ ուղղություն՝ Լիբանանի վերականգնման ուղղություն: Լիբանանի հայության վերականգնումը համահայկական օրակարգի վրա առաջնային պետք է լինի»,- ասաց Արամ Ա-ն:  

Իր հայրապետական պատգամը առ Աստված ուղղված գոհաբանական աղոթքով սկսելուց հետո, Վեհափառը մի քանի հաստատումներ կատարեց. «Առաջին՝  Լիբանանի հայությո՛ւն, մեր ողջ ազգը քեզ հետ է:  Երկրորդ՝ Լիբանանի հայության հզորացումը Հայաստանի ու Սփյուռքի հզորացումն է: Լիբանանը իր առանցքային դերակատարությամբ միշտ կմնա կարևոր համայնք, համահայկական աշխատանքներում ու տեսլականներում կարևոր ներդրում կատարած ու կատարելու կոչված գաղութ, հետևաբար՝ նրա վերականգնումը պետք է լինի միասնական ճիգով»:

Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած պատարագին և հոգեհանգստին՝ պայթյունի հետևանքով զոհված հայերի հոգիների համար, ներկա էր Հայաստանի կառավարական պատվիրակությունը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ:

Վերջին տվյալներով՝ լիբանանահայ զոհերի թիվը հասել է մեկուկես տասնյակի, ևս մի քանի հարյուր հայեր ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Լիբանանահայերի և Բեյրութի հայկական քաղաքական, հոգևոր և համայնքային այլ կառույցների կրած նյութական վնասները կազմում եմ հարյուր միլիոնավոր դոլարներ:

Հայաստանի կառավարական պատվիրակությունը Բեյրութում է, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին և մշակի մարտավարություն՝ լիբանանահայությանը օժանդակելու համար:

Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո Արամ Ա-ն հանդիպեց Հայաստանի կառավարական պատվիրակության հետ, որի կազմում էին Սփյուռքի գործերի գլխավար հանձնակատարը և աշխատակազմի ղեկավար Սառա Անջարգոլյանը, Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը, Հայաստանի Ազգային ժողովի Լիբանան-Հայաստան բարեկամության հանձնախումբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և փոխվարչապետի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Երեկ, կիիրակի, օրվա ընթացքում Հայաստանի պատվիրակությունը առանձին հանդիպումներ ունեցավ Հայ կաթողիկե համայնքի պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդ Գաբրոյանի և Հայ ավետարանական համայնքի ներկայացուցիչներ, Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի և Հայկազյան համալսարանի տնօրեն Փոլ Հայդոստյանի հետ:

Երեկոյան, Լիբանանում Հայաստանի դեսպանության շենքում պատվիրակությունը հանդիպում ունեցավ Լիբանանի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ:

Այսօր նախատեսված են հանդիպումներ հայ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Նշենք նաև, որ մարդասիրական օգնություն հասցրած առաջին օդանավով Հայաստան են վերադարձել 37 լիբանանահայեր՝ հայրենիքում հաստատվելու ցանկությամբ և հեռանկարով:

Թաթուլ Հակոբյան, Բեյրութ

https://www.civilnet.am/news/2020/08/10/Դեպի-Բեյրութ-Հայաստանը-և-հայ-ժողովուրդը-նայում-է-մեկ-ուղղությամբ/392316

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın