İçeriğe geçmek için "Enter"a basın

Լիբանան. օգնել համայնքային կառույցներին և Հայաստանում հաստատվել ցանկացողներին

Թաթուլ Հակոբյան

Երեկվա իմ սյունակում գրել էի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնի ամբողջ գումարը պետք է ուղղվի Սփյուռքին և հայրենադարձությանը՝ նկատի ունենալով նախևառաջ Լիբանանը, որտեղ օգոստոսի 4-ի երեկոյան պայթյունը խլել է բազմաթիվ կյանքեր, այդ թվում՝ մեկ տասնյակից ավելի հայերի: Բազմաթիվ հայ վիրավորներ կան: Հարյուրավոր տներ, խանութներ, ավտոմեքենաներ վնասվել են: Մեծ վնասներ են կրել հայկական համայնքային կառույցները:

Բեյրութը Սփյուռքի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է: Լիբանանում են Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե եկեղեցու նստավայրը և Զմառի վանական համալիրը: Այստեղ ներկայություն ունի հայ ավետարանական համայնքը: Լիբանանում կարևոր ներկայություն ունեն ՀԲԸՄ-ն, բազմաթիվ մշակութային ու բարեգործական կառույցներ, հայ ավանդական երեք կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը: Հայաստանից դուրս Լիբանանը միակ երկիրն է, որտեղ հայությունը ունի իշխանություն՝ նախարար/ներ և պատգամավորներ, որն ամրագրված է օրենսդրորեն:

Բայց Լիբանանի արժեքը առաջին հերթին այն է, որ այս երկիրը Հայոց ցեղասպանությունից հետո անցնող հարյուրամյակում սնել է ամբողջ սփյուռքը՝ տալով մանկավարժներ, հոգևորականներ, գործարարներ, ճարտարապետներ, իրավաբաններ, բժիշկներ: Չնայած 15-ամյա քաղաքացիական պատերազմին, Լիբանանը շարունակեց անսպառ շտեմարանի իր դերը: 

Պատուհասած աղետից Լիբանանին օգնությունը պետք է մի քանի ուղղություններով իրականացնել: Որպես պետություն՝ Հայաստանը պետք է մաս կազմի միջազգային հանրությանը և մարդասաիրական օգնություն տրամադրի կառավարական մակարդակով: Շատ ճիշտ կլիներ, եթե առաջիկայում Լիբանան այցելեին Հայաստանի նախագահը կամ վարչապետը:

Հայաստանն ու համայն հայությունը պետք է օգնեն լիբանանահայությանը երկու հիմնական ուղղություններով՝ համայնքային և անհատական:

Առաջիններից մեկը, ով օգնություն խոստացավ, ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն էր: Պայթյունից զոհված յուրաքանչյուր լիբանանահայ ընտանիք կստանա 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ Բեյրութի Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնելու համար կտրամադրվի 200 հազար դոլար։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել, որից 50 միլիոն դրամը փոխանցվելու է զոհված հայերի ընտանիքներին, 50 միլիոն դրամը՝ Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնելու նպատակով:

Անկասկած, առաջիկայում կլինեն այլ նվիրատուներ: Կարճ ժամանակում Լիբանանը և հայկական կառույցները կկարողանան վերականգնել իրենց բնականոն գործունեությունը: Սա էլ է լիբանանյան սինդրոմ՝ զարմանալի կարճ ժամանակում վերականգնվել ու շարունակել բնականոն գործունեությունը:

Այդուհանդերձ, օգոստոսի 4-ի պայթյունը առաջացնելու է արտագաղթի նոր ալիք: Մինչ այդ էլ լիբանանահայությունը դանդաղ մաշվում էր՝ հեռանալով Ավստրալիա, Կանադա, ԱՄՆ, Եվրոպա, որոշ չափով՝ նաև Հայաստան:

Միայն Լիբանանը չէ, որ զրկվում է իր հայ և քրիստոնյա բնակչությունից: Հիսուն տարի առաջ Լիբանանում, Սիրիայում, Իրանում, Իրաքում և Եգիպտոսում հայերի թիվը անցնում էր 600 հազարից, այսօր Արևելքի այս չորս երկրներում առավելագույնը 150 հազար հայ է մնացել: Նույնն է նաև մյուս քրիստոնյաների պարագայում: Իրաքում և Սիրիայում հատկապես քրիստոնայների թիվը բազմակի կրճատվել է:

Քաղաքակիրթ ու բարեկեցիկ Ավստրալիան, Կանադան, եվրոպական ու այլ երկրներ քաշելու են հայությանը: Պետք չէ ունենալ պատրանքներ: Անկասկած, Լիբանանի հայակական կառույցները պետք է վերականգնվեն ու ամրանան օգոստոսի 4-ի պայթյունից, սակայն կյանքը գնալու է իր հունով: Հետևաբար, որպես պետություն և որպես համահայկական միակ ու անփոխարինելի կենտրոն՝ Հայաստանը պետք է օգնի բոլոր այլ լիբանանահայերին, ովքեր ցանկանում են հեռանալ Լիբանանից: Այստեղ համայնքային կառույցները թուլացնելու խնդիր չէ դրված: Պետք է օգնել մարդկանց և կազմակերպել հայրենադարձություն: Եթե դա մենք չանենք, անելու են Ավստրալիան, Կանադան ու այլ երկրներ: Հեռանալ ցանկացողը հեռանալու է, և լավ կլինի, որ ընտրությունը կանգ առնի Հայաստանի վրա:

Որպես պետություն և որպես համահայկական միակ ու անփոխարինելի կենտրոն՝ Հայաստանը պետք է օգնի բոլոր այլ լիբանանահայերին, ովքեր ցանկանում են հեռանալ Լիբանանից: Այստեղ համայնքային կառույցները թուլացնելու խնդիր չէ դրված: Պետք է օգնել մարդկանց և կազմակերպել հայրենադարձություն

Հայրենադարձությունը զգայուն և բազմաշերտ թեմա է: Մարդկանց համար պետք է ստեղծել կյանքի նվազագույն պայմաններ: Ցանկալի չէ Բեյրութի կամ արվարձանի քաղաքային բնակչին տուն և հող առաջարկել գյուղական վայրում: Հայաստանում կան բազմաթիվ հարմար քաղաքներ: Պետք է հաշվի առնել նաև բնակլիմայական պայմանները: Միջերկրծովյան մեղմ կլիմային սովոր մարդը չի կարող դիմանալ 2 000 մետր բարձրության վրա գտնվող քաղաքի պայմաններին:

Շատ կարևոր է նաև արևմտահայ դպրոց ունենալ: Այդ պատճառով, հայրենադարձությունը սկզբնական տարիներին պետք է լինի այնպես, որ մարդիկ ունենան համատեղ մեկ վայրում բնակվելու հնարավորություն:

Հայաստանը դեռ այն վիճակում չէ, որ կարողանա հայրենադարձության համար շատ նպաստավոր և գայթակղիչ պայմաններ առաջարկել: Բայց պետք է սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ: Ճիշտ և թափանցիկ գործելու դեպքում հնարավոր կլինի ներգրավել գումարներ միջազգային կառույցներից և արևմտյան սփյուռքից:

https://www.civilnet.am/news/2020/08/06/Լիբանան-օգնել-համայնքային-կառույցներին-և-Հայաստանում-հաստատվել-ցանկացողներին/392142

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın