İçeriğe geçmek için "Enter"a basın

Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին  իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի և հակամարտության շուրջ ստեղծված հուզական ֆոնը կվերադառնա իր բնականոն հուն․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ, որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության անձնագիր, և նրանք բոլորն էլ Ռուսաստանի Դաշնության «պարկեշտ քաղաքացիներ են, նրանք բոլորն էլ հասարակության հարգված անդամներ են»:

«Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս քաղաքացիներին անտարբեր թողնել, և, իհարկե, նրանք էմոցիոնալ կերպով ցույց են տալիս իրենց արձագանքը», – նշել է Պեսկովը:

Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կային և հետո հաստատվեցին, որ այդ ամենի հետ կապ ունեին ադրբեջանցիները, մասնավորապես շուկայի սեփականատերերից մեկը, որն արմատներով ադրբեջանցի է։

Հուլիսի 18-ին արդեն հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայերը, տասնյակ կիլոմետրեր կտրելով, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը: 

Ավելի վաղ՝ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը գործի կդնի բոլոր հնարավորությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև ներկայիս սրացումը կարգավորելու համար: Իսկ դրանից առաջ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով: 

Գեղեցիկ Ոսկանյան

https://www.civilnet.am/news/2020/07/20/Հույս-ունենք-որ-հայ-ադրբեջանական-սահմանին-իրավիճակը-հնարավորինս-արագ-կկարգավորվի%E2%80%A4-Դմիտրի-Պեսկով/390693

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın