İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայ արվեստագետները՝ քաղցկեղով հիվանդ երեխաների կողքին

Տարբեր երկրներում ապրող ճանաչված արվեստագետներն, անտեսելով Կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը, միավորվել են «Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական միջոցառման շուրջ՝ օգնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Հուլիսի 4-ին, Երևանի ժամանակով 22:00-ին Հանրային հեռուստաընկերությամբ և «Togetherforchildren» YouTube-յան ալիքով հեռարձակվող համերգային երեկոյին միացել են Արա Մալիկյանը (Իսպանիա), Արա Գևորգյանը (Հայաստան), Յարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), Ռոզի Արմենը (Ֆրանսիա), Սիբիլը (Թուրքիա), Վահե Բերբերյանը (ԱՄՆ), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Սեպուհ Սիմոնյանը (ԱՄՆ), Լենա Շամամյանը (Սիրիա), Սերուժ Քրաջյանը (Կանադա), Էլի Բերբերյանը (Կանադա), Կև Օրկիյանը (Անգլիա), Նյու Դոկտա/ New Docta խումբը (ԱՄՆ), Ալվարո Հակոբյանը (Ուրուգվայ), «Գուսան» նվագախումբը (Արգենտինա):
Միջոցառման կազմակերպիչն արգենտինահայ հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Լեո Մոմջյանն է: «Կորոնավիրուսի համավարակը ստիպեց ո՛չ միայն առերեսվել մարդկության դիմագրաված դժվարություններին, այլև՝ կանգ առնել, խորհել ու վերարժևորել շատ երևույթներ: Այն մղեց որևէ օգտակար բան անել` ստեղծված իրավիճակը միասին հաղթահարելու համար,- խոսելով կայանալիք համերգի մասին՝ նշում է Լեոն ու հավելում, որ երեկոյի միտքը ծագել է իր հեղինակային՝ «Ayres de Armenia» ռադիոհաղորդման ընթացքում,- Համավարակի օրերին զրուցում էի աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի հետ՝ պարզելու, թե ինչպես են ապրում ինքնամեկուսացման պայմաններում: Հարցազրույցներից մեկը պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ էր: Ասացի, որ ցանկանում եմ աշխարհի հայ երաժիշտների մասնակցությամբ համերգ կազմակերպել: Սիբիլը խանդավառվեց գաղափարով և իր աջակցությունը հայտնեց: Միաժամանակ առաջարկեց համերգը ծառայեցնել բարեգործական նպատակի»:

«Միասին երեխաների համար» խորհրդանշական խորագիրը կրող միջոցառման հասույթն ուղղվելու է «City of Smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ հիվանդությունը հաղթահարելու դժվարին ճանապարհին:

«Անվիճելի է, որ առողջությունն ամենաթանկ բանն է մարդու կյանքում. դրանում համոզվեցինք հատկապես այս օրերին: Այդ նպատակով որոշեցինք համագործակցել «City of Smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ, որը հոգում է, որպեսզի երեխաներն առողջ մանկություն ունենան: Երբ ծանոթացա վերջինիս կատարած աշխատանքին, այն ջանքերին, որոնք գործադրում են հիմնադրամի շուրջ հավաքված մարդիկ, հասկացա, որ ամենաբարի գործը կլինի համախմբել աշխարհասփյուռ հայերին և օգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին»,-նշում է Լեոն:

Առաջին երաժիշտը, որի հետ կապ է հաստատել արգենտինահայ հեռուստահաղորդավարը, աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանն էր: «Երբ նա հաստատեց իր մասնակցությունը, եռանդս բազմապատկվեց: Հպարտությամբ պետք է նշեմ, որ բարեգործական ձեռնարկին միացել են ճանաչված արվեստագետներ, որոնք ապրում և ստեղծագործում են աշխարհի տարբեր երկրներում, սակայն միավորվել են՝ ապացուցելու, որ միասին կարող ենք հաղթահարել յուրաքանչյուր փորձություն: Քաղցկեղով հիվանդ երեխաները բոլորիս աջակցության կարիքն ունեն: Նրանք իրենց ամենօրյա պայքարով, իրենց լուսավոր ժպիտներով մեզ սովորեցնում չհուսահատվել, չընկճվել ու լավատեսությամբ նայել ապագային. չէ՞ որ, քանի դեռ կա կյանք, կա նաև՝ հույս»,-նշում է Լեո Մոմջյանն ու հույս հայտնում, որ արվեստագետների կոչին կարձագանքեն շատերը:

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın