İçeriğe geçmek için "Enter"a basın

Անկախ Վրաստանը և հայ քաղաքական միտքը. 1918-ի մայիսի 26-ը

Թաթուլ Հակոբյան

Մայիսի 26-ը Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման օրն է:

1918-ին անդրկովկասյան հանրապետություններից առաջինը իր անկախությունը հռչակեց Վրաստանը։ Դա տեղի ունեցավ մայիսի 26-ին՝ նույն օրը, երբ Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունը լուծարվեց։

Թեև մի քանի օր անց Հայաստանը ևս փաստացի հռչակեց իր անկախությունը (մայիսի 30-ի Հայոց ազգային խորհուրդը հայտարարության մեջ չօգտագործեց անկախություն բառը), սակայն հայ քաղաքական կուսակցությունները և գործիչները միանշանակ չընդունեցին վրացիների՝ Անդրկովկասում անկախ պետություն ունենալու ձգտումը։

Դեռ Բաթումի բանակցությունների ընթացքում՝ 1918-ի մայիսի երրորդ տասնօրյակում, հայ պատվիրակների համար պարզ է դառնում, որ վրացիները անկախություն են ուզում, ինչպես նաև՝ հաշտություն Օսմանյան կայսրության հետ։ Բաթումում, երբ հայ պատվիրակներից Ալեքսանդր Խատիսյանը Նոյ Ժորդանիային բողոքում է, որ գեղեցիկ բան չէ ընկերներին թողնել նեղության պահին, Վրաստանի ապագա վարչապետը պատասխանում է. «Եթե դուք խորտակվում եք, ապա մենք պարտավոր չենք խորտակվել ձեզ հետ։ Վրաստանը սովոր չէ լինել թուրքերի իշխանության տակ, իսկ հայերը սովոր են»։

Մայիսի 26-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանը Թիֆլիսում Նոյ Ժորդանիայի հետ հանդիպման ընթացքում մի կողմից ողջունում է Վրաստանի անկախության հռչակումը, մյուս կողմից՝ «մի լավ նախատում նրանց վարմունքը հանդեպ հայերի»։

Հայ նշանավոր գործիչներից անկուսակցական Ստեփան Մամիկոնյանը առաջարկում է Վրաստանի անկախությունը ընդունել իբրև կատարված փաստ և ոչ մի ողջույն չանել. «Մենք անկախությանը դեմ ենք եղել, շարունակելու ենք նույն գիծը։ Բայց այս ակտով ստեղծվել է ծանր դրություն հայկական գավառների համար, մնացել են առանց գլխի, կառավարության»։

ՀՅԴ անդամներից Սիրական Տիգրանյանը կողմ է արտահայտվում Վրաստանի անկախությունը ողջունելուն, նկատելով, որ «խորհրդավոր լռություն պահելը անընդունելի է՝ բացասական հետևանքներ կունենա տեղական և գաղթական հայության համար»։  Ռուբեն Տեր-Մինասյանը (ՀՅԴ) ասում է, որ «վրաց անկախությունը մեզ չպետք է տանջի, ահագին հայություն է պատսպարված այստեղ, չի կարելի հաշվի չառնել այդ հանգամանքը»։ Նիկոլ Աղբալյանը (ՀՅԴ) հստակ կողմ է արտահայտվում Վրաստանի անկախությունը ողջունելուն. «Ինձ համար հիմա ամենաերջանիկ օրը Վրաստանի անկախությունն է»։

Մի շարք այլ կարծիքներ լսելուց հետո Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը Վրաստանի անկախության հարցում ընդունում է հետևյալ որոշումը՝ որպես կատարված փաստ ընդունել Վրաստանի անկախությունը, պահել կոռեկտ՝ առանց թշնամական որևէ քայլի։

Անդրկովկասյան երեք հանրապետությունների փաստացի անկախության հռչակումից մի քանի օր անց՝ հունիսի 1-ին, Վրաստանի ռազմական նախարարը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ահարոնյանին հղած գրավոր տեքստով անթույլատրելի է համարում «Վրաստանի տարածքում օրենսդիր և վարչական գործառույթներով օժտված որևէ այլ քաղաքական մարմնի գոյությունը»։

Վրացիները հայ գործիչերից բացի, նույնն անում են թաթարների՝ ադրբեջանցիներ հանդեպ, այն է՝ Թիֆլիսից հեռանալ, մինչդեռ և հայերը, և թաթարները չէին շտապում։ Ապա վրացիները հայերից և ադրբեջանցիներից պահանջում են անմիջապես լքել նաև Անդրկովկասի Դաշնային Հանրապետության ղեկավարության նստավայրը՝ նախկին փոխարքայի պալատը։ Հայերը հեռանում են, ադրբեջանցիները՝ համառում. վրացիները նրանց հեռացնում են ուժով։

Հունիսի 2-ին Թիֆլիսի Հայոց և Մուսուլմանական ազգային խորհուրդները համատեղ նիստում որոշում են ընդունում, որ «յուրաքանչյուր խորհուրդ կշարունակի մնալ Թիֆլիսում այնքան ժամանակ, ինչքան դա անհրաժեշտ կլինի իրերի բերումով»։

Ի վերջո, և հայ, և մուսուլման՝ թաթար գործիչները շաբաթներ անց հեռացան Թիֆլիսից, հայերը՝ դեպի Երևան, թաթարները՝ այսօրվա Գյանջա, քանի որ Բաքուն գտնվում էր Ստեփան Շահումյանի իշխանության տակ։

Անդրկովկասյան երեք հանրապետություններից ամենաերկար անկախությունը ունեցավ Վրաստանը: Եթե Ադրբեջանը խորհրդայնացվեց 1920 թ ապրիլի 28-ին, Հայաստանը՝ նույն տարվա դեկտեմբերի 2-ին, ապա Վրաստանը՝ 1921թ. մարտի 18-ին:

Վրաստանը ունեցել է երկու վարչապետ՝ Նոյ Ռամիշվիլին (26 մայիս, 1918 – 24 հունիս, 1918) և Նոյ Ժորդանիան (24 հունիս, 1918 -18 մարտ, 1921):

https://www.civilnet.am/news/2020/05/26/Անկախ-Վրաստանը-և-հայ-քաղաքական-միտքը-1918-ի-մայիսի-26-ը/385669

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın