İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայից Հայաստան է վերադառնում ՀՀ քաղաքացիների 2-րդ խումբը՝ 7 ավտոբուս. առաջարկվում է այնտեղ ունենալ մեկ պատուհան

Այսօր Թուրքիայից Հայաստան են վերադառնում ՀՀ 177 քաղաքացի, ովքեր մեկ ամիս է, ինչ անհամբեր սպասում էին իրենց հայրենիք վերադառնալու հերթին։ Ի սկզբանե նրանցից շատերն ունեին անձնագրային և փաստաթղթային խնդիրներ, որոնց լուծման համար համավարակի և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հատուկ ջանք և ժամանակ պահանջվեց։

Ինչպես արդեն հայտնի է՝ ՀՀ քաղաքացիների՝ Թուրքիայից Հայաստան վերադարձի գործընթացի կազմակերպչական մասի աշխատանքները կամավոր ստանձնել է գործարար Գագիկ Մուշեղյանը՝ ՀՀ ԱԳՆ-ի, ինչպես նաև թուրքական և վրացական համապատասխան մարմինների անմիջական աջակցությամբ։ Գագիկ Մուշեղյանը հայտնում է, որ այսօր Թուրքիայից Հայաստան ուղևորված ՀՀ  քաղաքացիները Հայաստան գալուն պես, պարետատան սահմանած կանոնի համաձայն, ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման։

«Նախապես մեկնելու համար գրանցվել էր 245  քաղաքացի, որից 50 հոգի ընթացքում հրաժարվել էր, և մնացել էին 195 հոգի։ Այսօր նույնպես կային մարդիկ, ովքեր դեռևս անհայտ պատճառներով չէին ներկայացել։ Այս պահին 177 ՀՀ քաղաքացի է Հայաստան վերադառնում։ Քանի որ մեր ավտոբուսներում կային շատ փոքր երեխաներ, «Բայրամ փաշա» ավտոկայարանի ոստիկանական բաժանմունքի՝ ուղևորների ստուգման և վերահսկման պատասխանատու՝ թուրք ոստիկան Իլհան Քարադողանը օպերատիվ և արտահերթ սպասարկեց ավտոբուսները՝ դրսևորելով բարեհամբույր վերաբերմունք և սրտացավություն։ Ավտոկայարանի բժշկի կողմից տեղում կատարվեց նաև ուղևորների ջերմաչափում»,- ասաց Մուշեղյանը:

«Կարանտինային ռեժիմով պայմանավորված՝ Թուրքիայից դեպի Բաթում շարժվեցին 7 ավտոբուս, իսկ Բաթումում դրանք կդառնան 4 և կուղևորվեն Հայաստան (այդ 4 ավտոբուսները Հայաստանից են գալու)։ Հուսանք՝ անցակետում մեր հայրենակիցները փաստաթղթային խնդիրներ չեն ունենա։ Նմանօրինակ խնդիրների դեպքում՝ ինչպես նախորդ անգամ, Թուրքիայի Հանրապետության ԱԳՆ-ի հետ կապ եմ հաստատում, պատմում խնդիրը և փորձում օգտակար լինել նրանց։ Ցավոք, շատերը իրենց իրավունքները չգիտեն, օրենքից անտեղյակ են, հետևաբար անպաշտպան»,- հավելեց նա։ Նկատենք, որ Թուրքիայում կարանտինային ռեժիմը նախատեսում է, որ ավտոբուսը կարող է զբաղեցված լինել նստատեղերի միայն կիսով չափ՝ ուղղեւորների միջեւ որոշակի հեռավորություն ապահովելով, իսկ արդեն Բաթումում ուղեւորները կտեղավորվեն արդեն ավելի փոքրաթիվ ավտոբուսներում:

Եթե ուղևորը օրենքը չգիտի, սահմանում խոցելի է

Թուրքիայից Հայաստան մեկնող առաջին խմբի ուղևորներից՝ ՖԲ օգտատեր Նաիրա Հարությունյանը, իր էջում տեղեկություն էր տարածել այն մասին, որ թուրք սահմանապահներն իրենց երկրի օրենքը չիմանալով՝ ավելորդ  տուգանքներ են սահմանում, ինչպես նաև  դրանք չվճարելու դեպքում՝ արտաքսում (ներկայացրել էր որոշ մանրամասներ Թուրքիայից Հայաստան վերադարձած հայաստանցիների առաջին խմբի՝ անցակետում ունեցած խնդիրներից )։

Ստամբուլի Քոչ համալասարանի սոցիոլոգիայի բաժնի ասպիրանտուրայի ուսանող, միգրացիոն և միջմշակութային հարցերով հետազոտող  Իրենա Գրիգորյանը, ով ուսումնասիրում է միգրանտների խնդիրները, մեզ հետ զրույցում ասաց․ «Ստամբուլում աշխատող Հայաստանի քաղաքացիների մեծ մասն անկանոն միգրանտներ են կամ դառնում են այդպիսին ժամանակի ընթացքում։ Դա ենթադրում է, որ մարդիկ փաստաթղթային խնդիրներ են ունենում ոչ միայն Թուրքիայում օրինական բնակվելու ու աշխատելու հետ կապված, այլև Հայաստան վերադառնալիս։

– Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում ի՞նչ կարևոր հարցեր են մեջտեղ գալիս։

– Կորոնավիրուսի պատճառով  Թուրքիայից Հայաստան վերադարձի մեջ մեծ դերակատարում ունի հենց միգրանտների ինքնակազմակերպումը, որտեղ մի քանի կամավորներ առաջ եկան ու ստանձնեցին կազմակերպչական բարդ հարցեր։ Իհարկե, կամավորությունն ու հումանիզմը բավարար չեն։ Որքան էլ ինքնակազմակերպվեն, դա չի կարող լրացնել այն բացը, որ կա դիվանագիտական ներկայացուցչություն չունենալու և տվյալ տարածքում սեփական պետության կողմից պաշտպանություն չունենալու պատճառով։ Թուրքիայում միգրացիոն օրենքները հաճախ են փոխվում և հաճախ նույնիսկ մասնագետներն ու հետազոտողները չեն հասցնում հետևել փոփոխվող կարգին։ Սա առավել ևս շփոթեցնող է այն մարդկանց համար, ովքեր կարողություն չունեն հետևելու օրենքների փոփոխությանը կամ գոյություն ունեցող կարգին։

– Ինչպե՞ս կարելի է լրացնել այդ բացը։

– Անհրաժեշտ է ունենալ որևէ պատուհան կամ ներկայացուցիչ, որին ՀՀ քաղաքացիները կարող են մոտենալ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն ու հնարավոր իրավաբանական խորհրդատվությունը կամ աջակցությունը։ Սա մեծ ռեսուրսներ չի ենթադրում, և նման պատուհանը կարող է կցված լինել Ստամբուլում գործող որևէ հայկական կառույցի կամ ոչ հայկական, բայց միգրացիայի ոլորտում աշխատող հասարակական կառույցի։ Ստամբուլում կան հասարակական կազմակերպություններ, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում միգրանտների համար, սակայն դրանք հիմնականում ուղղված են Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից եկած ներգաղթյալներին։ Նաև պարտադիր չէ, որ տվյալ պատուհանը զբաղվի միայն հայ միգրանտների խնդիրներով։ Ստամբուլում հետխորհրդային երկրների բնակիչներն աշխատում են կողք կողքի, տարբեր մակարդակներում ունեն նման խնդիրներ․․․ Ուստի, եթե միայն հայ միգրանտներին օգնող օղակը կարող է խնդրահարույց թվալ, դա կարելի է անել ավելի համապարփակ ձևով։ Նման փոքր, բայց կարևոր քայլերով միգրացիան կարգավորելը չի նշանակում խրախուսել արտագաղթը, այլ մարդկանց հնարավորություն տալ լինել ավելի քիչ խոցելի և ավելի շատ տեղեկացված ու պաշտպանված։ Հուսանք՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները սահմանում նմանօրինակ խնդիրների առաջ չեն կանգնի։

ՀԳ Ինչ խոսք, ուղևորների մեջ կլինեն մարդիկ, որոնց վիզայի ժամկետն անցել է կամ տարիներ շարունակ անօրինական են ապրել Թուրքիայում։ Հետևաբար պետք է  կա՛մ տուգանվեն, կա՛մ տուգանքը չմուծելու դեպքում՝ արտաքսվեն։ Հիշեցնենք, որ Թուրքիան և Հայաստանը 1991 թվականից ի վեր չունեն դիվանագիտական հարաբերություններ և հատկապես նոր տիպի կորոնավիրուսի վարակի (COVİD-19) շուրջ ստեղծված իրավիճակը ավելի պարզ ցույց տվեց, թե դիվանագիտական հարաբերության բացակայության դեպքում Թուրքիայում գտնվող հայաստանցիների ՀՀ տեղափոխման գործընթացն ինչ բարդություններ կարող է ենթադրել։

Լիլիթ Պողոսյան, 

Թուրքիա

https://armtimes.com/hy/article/188393?fbclid=IwAR1sPFeo33Ejgug7EIQXuQcN1nzaQKVEO8q-V3hvYeL_8Unw5sPvJq8UjYQ

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın