İçeriğe geçmek için "Enter"a basın

Արա գեղեցիկն ու մեր օրերի շմայսները

Պատրիկ Նժդեհի Ազատյան / Patrick Azadian

Նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում երկրի հասարակական-քաղաքական իրադարձությունները ստեղծեցին լուրջ մրցակցություն հնդկական հեռուստասերիալների համար:

Ազգային ժողովում ապրիլի 28-ին լեզվակռիվ ծավալվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» (ԼՀ) խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև, որի ընթացքում պատագամավորներն անցան անձնական վիրավորանքների։ Ալեն Սիմոնյանը ի վերջո ուղղեց իր սեռական կարծրատիպերով լի վիրավորանքը ԼՀ պատգմավոր Անի Սամսոնյանին, ասելով․ «Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում: Անընդհատ ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ մոտ ինչ-որ մանիա կա»։ 

Իհարկե, ըստ Սիմոնյանի, եթե կին պատգամավորը քննադատում է իրեն, դա կարող է ունենալ մի պատճառ՝ միայն «մանիա» իր գրավչության հանդեպ: Սիմոնյանի տրամաբանությունը նմանվում է այն մորը, որը մխիթարում է իր անկիրթ տղային, որին դպրոցում մյուս աշակերտները չեն սիրում: Մայրն անընդհատ հորդորում է իր տղային, որ մյուս աշակերտները խանդում են նրան՝ «խելացի» և «գեղադեմ» լինելու պատճառով: Մայրը չի կարողանում իր տղային իրականությունն ասել, ինչպես Սիմոնյանը չի կարողանում ընդունել այն տարբերակը, որ կին պատգամավորը կարող է իրեն քննադատել իր գաղափարների համար, այլ ոչ որովհետև Սիմոնյանն ունի այնպիսի մոգական հմայք, որն անխտիր գայթակղում է իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին։

«Գեղեցիկ լինելն էլ ունի իր իրեն բնորոշ դժվարությունները»,- ասում են մեր պարսիկ հարևանները: Իմ կարգին, հասկանում եմ Ձեր ցավը, հարգելի՛ պատգամավոր:

Ենթադրյալ Շամիրամի թակարդից փախուստ տալուց մի օր անց մերօրյա Արա Գեղեցիկին հաջողվեց կատարել այն, ինչ անհնար էր համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Նա կարողացավ գլխի մի հարվածով «Ադեկվադի» Արթուր Դանիելյանին պարգևել զոհի կարգավիճակ։

Նման դեպքերում լիբանանահայ ընկերներս կասեին՝ «մեկը առ միւսին զար՛կ»։ Եվ բառացիորեն այդպես էլ եղավ:  

Երկուշաբթի, մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ երևի աշխարհում առաջին երկիրը, ուր, չնայած թագաժանտախտի վարակակիրների արագընթաց աճին, տեղաշարժման սահմանափակումները սկսեցին վերացվել: Տնտեսության (էկոնոմիկայի) նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ մայիսի 4-ից կհանվեն ազատ տեղաշարժի սահմանափակումները։ «Բոլոր քաղաքացիները ՀՀ տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել»,- ընդգծեց փոխնախարարը։ Տրամաբանական էր, որ լուրը հայտարարողը տնտեսության փոխնախարարն էր, որովհետև հայտարարության մեջ չկար առողջապահական որևէ նկատառում:

Նույն օրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակեց թվեր կրակելու իր սովորությունը՝ նշելով, որ կանոնները չպահպանելու դեպքում կարող են «պայթյունավտանգ բռնկումներ» լինել, ՀՀ-ում վարակակիրների թիվը կարող է հասնել 500 000-ի՝ հազարավոր մահերով, կարող են հոսպիտալացվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Նախարարը չբացառեց, որ սահմանափակումների վերացումը կնպաստի վարակի տարածման աճին: 

Իհարկե, դա նման է ասելուն, որ ծորակը բացելիս ջուր կհոսի։ Երբ լուրեր սկսեցին շրջանառվել, որ մայիսի 4-ին սահմանափակումները վերացվելու են, վարակակիրների թվերը մի քանի օրվա ընթացքում գրեթե քառապատկվեցին: 

«Նաև պետք է խոստովանեմ, որ ինչ-որ չափով անխուսափելի է, որովհետև հնարավոր չէ ապրել ամեն ինչ փակ վիճակով։ Դա մի օր պետք է տեղի ունենար, և այդ ժամանակը մենք օգտագործեցինք ինչ-որ կերպ առողջապահական համակարգը կարգի գցելու և մարդկանց մեջ որոշակի վարքագծային կանոններ դրսևորելու համար։ Օրինակ, եթե մի ամիս առաջ սրճարանները բացվեին, մենք վարքագծային կանոններ չունեինք, հիմա ունենք»: Ի՞նչ է նշանակում «ինչ-որ չափով» անխուսափելի է: Կա՛մ խուսափելի է, կա՛մ ոչ: 

Այո՛, եթե մի ամիս առաջ չլինեին սահմանփակումներ, վարակակիրների թիվն ավելին լիներ, և ըստ նույն տրամաբանության, այժմ, սահմափակումների վերացմանը զուգահեռ, թվերը աճելու են նոր թափով: Ասում են՝ գիտենք, որ վարակակիրների թիվն աճելու է ավելի մեծ թափով, լինելու են մահվան դեպքեր, բայց այնուամենայնիվ, սահամնափակումները մասամբ վերացնում ենք, որովհետև «դա մի օր պետք է տեղի ունենար»։

Ալբերտ Էյնշտեյնն ասել է նման մի բան. «Հիմարությունն այն է, երբ անընդհատ անում ես նույն բանը և ակնկալում տարբեր արդյունքներ»: Մեր դեպքում կարելի է փոխարինել այդ միտքը հետևյալով. «Հիմարությունն այն է, երբ անընդհատ անում ես նույն բանը, և հետո որոշում ավելի շատ անել այդ բանից՝ ակնկալելով տարբեր արդյունքներ»:

Մայիսի 7-ին արդեն կային լավ լուրեր: Ընձառյուծը հիսուն տարի անց վերադարձել էր Տավուշի մարզ: Երևի նա երկու տարի ուշացումով լսել էր Թավշյա հեղափոխութան մասին և որոշել էր ներգաղթել Հայաստան՝ հազարավոր այլ «հայրենադարձների» հետ: Իսկ հեղափոխության ղեկավարին իր երախտապարտությունը ապացուցելու համար ընձառյուծը որպես բնակավայր ընտրեց վարչապետի ծննդավայրը: «Ֆանտաստի՛կ»,- արձագանքում է վարչպետը իր ֆեյսբուքյան էջում: «Տեսախցիկը ապացուցեց Իջևանի անտառներում կովկասյան ընձառյուծի ներկայությունը։ Շնորհավորում եմ բոլորիս (ժպիտ)»,- ասում է Փաշինյանը: Չնայած բնապահպան Լևոն Գալստյանը համացանցում անմիջապես հիշեցրեց վարչպետին, որ ընձառյուծը կովկասյան չէ, այլ առաջավորասիական, վարչապետը կառչեց իր հավատամքին, որ ընձառյուծը միանշանակ կովկասյան է: 

«Մի ծաղկով գարուն չի գա»,- ասում ենք հայերս: Իսկ մի ընձառյուծով էլ Հայաստաանի բնապահպանական խնդիրները չի կարելի լուծված համարել:

Մայիսի 8-ին, ոգևորված ընձառյուծի հայրենադարձությունից, Ազգային Ժողովի պատգամավորներից մի քանիսը որոշեցին մեկ օրով խորհրդարանը վերածել ջունգլիի:

Խորհրդարանում ծեծկռտուք սկսվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը բարեբախտաբար Մարուքյանի համար, դադարեց նրանց գործընկերների միջամտությունից հետո:

Ազգային Ժողովի պատգամավորների մեջ կարծես մրցակցություն կա, թե ով է լինելու մեր օրերի «Շմայսը»։ Բայց հետաքրքիրն այն է, որ այն պատգամավորը, որն ամբիոնից «տղավարի» հայտարարում էր՝  «Արա, իմ վիզը կտրողը չի՛ ծնվել»,  մի քանի րոպե անց բողոքում է՝ «Մեկը էկավ, էն ո՞վ էկավ՝ թաքուն մեջքից խփեց, թաքուն մեջքիս խփեց»: Մեր պատգամավորները պետք է կողմնորոշվեն: Կա՛մ պետք է ձգտել «շմայսության», կամ քաղաքակրթության: Երկուսը միասին հաջող չի ստացվում: Իսկ, ինչպես ասում են լիբանանահայերը, «ծուռ նստինք, շիտակ խօսինք», ո՞վ էր իրականում հավատում, որ Մարուքյանը լրջորեն պատրաստ էր Միքայելյանի հետ բռնցքամարտի մեջ մտնել, երբ իջնում էր ամբիոնից և քայլում դեպի Միքայելյանը:

Լիբանանահայերից ոմանք կասեին՝ «խնդամ նե, պարապի չ’անցնի…»։

Վերջին նիստից հետո չհայտնաբերվեց նոր «Շմայսը», սակայն Արա Գեղեցիկի տեղակալն արդեն տեղում է: Իսկ կա «շամիրամության մեջ» մեղադրվող առնվազն մեկ կին պատգամավոր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր զայրութը հայտնեց այս իրադարձությունների շուրջ:

«Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի է՝ հեղափոխական թիմը, այդ թվում այս խորհրդարանական մեծամասնությունը և այս կառավարությունը, հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների…»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովում տեղի ունեցածին։ Նրա խոսքով՝ իրենց «ուզում են հանել հավասարակշռությունից, շեղել իրենց արժեքներից, խեղճացնել քաղաքական մեծամասնությանը և քայքայել այն»։ Նա դատապարտեց միջադեպն ու ասաց, որ դա «քստմնելի սադրանք է»։

Շատ բարի, բայց մի բան հարցնեմ: Եթե երկու տարի շարունակ «Իմ քայլը» խմբակցությունը ենթարկվում է «բարոյական և հոգեբանական բռնությունների» և «սադրանքների», ավելի ճիշտ չէ՞ր լինի այս երկու տարվա ընթացքում «Իմ քայլի» պատգամավորներին զգուշացնել, որ «քստմնելի սադրանքների» չենթարկվեն, «Ադեկվադի» նման ցածր վարկանիշ ունեցող խմբակցությանը զոհի կարգավիճակ չպարգևեն, խորհրդարանի կին պատգամավորին չանարգեն, և վերջապես, ապտակն ու վիզ կտրելու սպառնալիքը որպես երկխոսության միջոց չօգտագործեն: 

Այս նույն տրամաբանությամբ, ամուսինը կարո՞ղ է կնոջը ապտակել կամ քիթը ջարդել, եթե ենթադրում է, որ կինը շարունակաբար իրեն հոգեբանական ճնշումների է ենթարկում: Երիտասարդ տղան իրավունք ունի՞ հարևանի աղջկա հասցեին գռեհիկ արտահայտություններ անել (կամ ավելին), եթե նա ենթադրում է, որ աղջիկը կարճ շրջազգեստ է հագել, իրեն «սադրելու» համար: 

Իսկ «մանիակության» դեպքից մոտավորպես մի շաբաթ անց, Արա Գեղեցիկը փորձեց հաշտվել հանրապետության տարածքում գտնվող իգական սեռի բոլոր ներկայացուցիչների հետ՝ կարմիր վարդեր նվիրելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ թեև հաճախ վիճում է Զոհրաբյանի հետ, այնումենայնիվ, ցանկանում է, որ Զոհրաբյանի փորձառությունն ու գեղեցկությունը ԱԺ դահլիճում անսպառ լինի։

Իսկ «գեղեցկությունը» ի՞նչ կապ ունի պատգամավոր լինելու հետ: Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ: Կարծես թե սեքսիզմից փախուստ չկա ոմանց համար: Հին բարեկամիս սասունցի տատիկը միշտ ասում էր «ընես գեշ կ՛ըլլաս, չ՛ընես էշ կ՛ըլլաս…», և այս դեպքում անիկա ճիշդ կ՛ըլլար։

Երբեմնի լուսանկարանվող, գեղեցկությունը գնահատող և Անգելա Մերկելի հետ սելֆիների առիթը բաց չթողնող պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չմերժեց վարդերը՝ արտասանելով Շուշանիկ Կուրղինյանի հետևյալ խոսքերը.

Ինձ մի՛ սիրիր ծաղկի նման,

Կուզեմ ապրել արժանի՝

Որպես հյուլեն՝ վշտի տիտան,

Որպես զավակ խուժանի…

Զոհրաբյանը մի պահ չխորհեց, թե Անժելա Մերկելը, Շուշանիկ Կուրղինյանը կամ Զապել Եսայանը ի՞նչ կանեին, եթե նրանց կարմիր վարդեր նվիրեին և գովաբանեին նրանց գեղեցկությունը: 

Չզարմանանք: Մերոնք սիրում են համաշխարհային հեղինակություն ունեցող մարդկանց հետ սելֆիներ անել, բայց, միաժամանակ, ոչինչ չսովորել նրանց արժեքներից և գործելակերպից։

https://www.civilnet.am/news/2020/05/11/Արա-գեղեցիկն-ու-մեր-օրերի-շմայսները/384312

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın