İçeriğe geçmek için "Enter"a basın

Խավարից առաջ

Պատրիկ Նժդեհի Ազատյան

Յուրաքանչյուր ընտանիք իր պատմությունն ունի։

Հայրական պապս՝ Սահակը, երբեք չէր խոսում Ցեղասպանության մասին: Իսկ տատիկիս՝ Քարմիլին, երբեք չեմ տեսել, քանի որ նա մահացել էր նախքան իմ ծնվելը, բայց անունները, ինչպիսիք են՝ Շատախ, Հայոց Ձոր, Վան, Ռշտունիք, Վասպուրական և Ոստան, բոլորն ինձ ծանոթ էին դեռ մանկուց։ Ես նաև աղոտ կերպով հիշում եմ, որ պապիկիս վանեցի ընկերները մերթընդմերթ կատակում էին, որ նա Կարկառից է (ոչ Արցախի կամ Խարբերդի Կարկառ), մի վայր, որը զուտ հայտնի էր իր մենավոր խնձորենով: Թե որտեղ է այդ, կամ արդյո՞ք այդ պատմությունը ճշմարիտ է՝ դեռ չգիտեմ: Հնարավոր է, որ «կարկառ» բառն օգտագործվել է որպես սովորական գոյական՝ «քարակույտ, քարակարկառ, քարադեզ, կարկառակույտ, քաշկառ» հայերեն իմաստով: Հավանաբար, նույն ընկերների խումբն էլ պապիկիս Ռշտունի էր կոչում, անուն, որը նա սիրում էր, քանի որ այն վերագրվում է Վանա լճի (Ռշտունյաց ծով) հարավում մի փոքր, բայց քաջարի ազնվական տան:

Հայրական կողմից ընտանիքիս պատմությունից միայն պատառիկներ են ինձ հայտնի։ Պապս Վանա լճի հարավում, պատմական հայկական Վասպուրական նահանգում գտնվող Շատախի շրջանից էր, իսկ տատս, ամենայն հավանականությամբ, եղել է Քյոշկից` Վանա լճի արևելքում, Հայոց ձորի գյուղերից մեկից: Ժամանակին հայերով բնակեցված այդ գյուղի մասին տվյալներ գրեթե չեն պահպանվել։ Գտածս միակ աղբյուրը նշում էր, որ 1915 թ. գյուղի բնակչությունն անհետացել է, ինչը կարծես ճշգրիտ է, բայց ոչ լիովին։ Տատիկս ու պապիկս իրենց  համապատասխան ընտանիքներից ողջ մնացած անդամների հետ միասին, Լևոն Շաղոյանի գլխավորությամբ և հայ ֆիդայիների խմբի պաշտպանության ներքո, ուղևորվել են դեպի հարավ՝ այժմյան Իրաք։ Ի վերջո, նրանք բնակություն են հաստատել Իրանի Աբադան քաղաքում: Անցյալ տարեվերջին ես սկսեցի հավաքել նրանց պատմությունների պատառիկները, երբ պատրաստվում էի այցելել տատիկիս ու պապիկիս հայրենի երկիրը և սեփական աչքերով տեսնել այն վայրերը, որն իմ պապիկը հավանաբար տեսել էր ութ տարեկանում՝ նախքան իր ծննդավայրը ստիպված լքելը։ Տատիկս ընդամենը երեք տարեկան էր, երբ իր ընտանիքի հետ ճանապարհ ընկավ դեպի հարավ:

Ինձ համար դեռ շատ բան անհայտ է մնում: Պատմության կետերից շատերը դեռ իրար չեն միանում, և շատերը երբեք չեն միանա: Բայց տատիկիս և պապիկիս հայրենի երկիր այցելելը կարծես սկիզբը կարող է լինի այդ կետերի միացման։

***

Վրաստան-Թուրքիա սահմանը հատելիս չգիտեի՝ ինչ ակնկալել Արևմտյան Հայաստան, Իգդիր և Կարս կատարած իմ առաջին այցից: Տարածքներ, որոնք ներկայումս պաշտոնապես թուրքական պետության կազմում են (ես նրանց այսուհետ կանդրադառնամ որպես Արևմտյան Հայաստան, չնայած Իգդիր ու Կարս գավառները, որոնք ներառում են Հին Անի քաղաքը, Արևմտյան Հայաստանի մաս չեն կազմում): Պետք է խոստովանեմ, որ ես այն մարդկանցից էի, որոնք տարբեր պատճառներով հրաժարվում էին այցելել Արևմտյան Հայաստան, և մեղմ քամահրանք ունեի նրանց նկատմամբ, ովքեր այնտեղ ավելի շատ ժամանակ էին անցկացնում, քան բուն Հայաստանի Հանրապետությունում: Սակայն իմ կողմից արհեստականորեն ստեղծված հետաքրքրության պակասի պատճառը Թուրքիան խորհրդանշականորեն բոյկոտելը չէր: Ես ինքս ինձ պատճառաբանում էի, որ այցելելով իմ նախնիների հայրենիք՝ ի վերջո այնքան հուզական կենսուժ կտրամադրեի մի իրականության վրա, որը կապված է ցավի, տառապանքի և կորստի հետ, և որ ավելի լավ կլիներ այն ծառայեցնել այժմյան Հայաստանին: Ես պայքարում էի անցյալի, կորստի և ողբերգության հետ է՛լ ավելի հուզականորեն կապվելու գայթակղության դեմ: Համոզված էի, որ հուզական կենսուժի յուրաքանչյուր կաթիլ, որը կարող էի տալ իմ ժողովրդի ոչնչացմանն ականատես եղած հողերին, պետք է տրամադրվի այսօրվա Հայաստանին:

Ավելին, ես կարծում էի, որ դեպի Արևմտյան Հայաստան շրջագայությունները Թուրքիայի և հայերի միջև հարմար մի գործընկերություն էին: Հայերը, իրենց հուզական կենսուժը ներդնելով Արևմտյան Հայաստանում, կարող էին օտարում զգալ ներկայիս Հայաստանից, այն համարել նվազ հարազատ և տարվել անցյալի զգացմունքայնությամբ և ենթադրյալ դրախտավայրով։ Մյուս կողմից, Թուրքիան, կրավորականորեն խրախուսելով Արևմտյան Հայաստանի հետ կապվածությունը, կարող էր օգուտ քաղել հայերի՝ Հայաստանի Հանրապետությունից և երկրում առկա խնդիրներից հեռանալուց։ Երկրում արմատներ ունենալն ու Ցեղասպանության փոխանցված հիշողությունը պահելը շատերիս խոցելի է դարձնում հուզական շահարկման: Չէի ցանկանում, որ իմ հույզերը շահարկվեն:

Երևի սխալվում էի: Ինձ համար, համենայն դեպս, այցը հակառակ ազդեցությունն ունեցավ: Մեր հայրենիքի արևմտյան հատվածը ինձ համար պահած ուներ ավելին, քան ցավն ու տառապանքը։ Թերևս, այն ավելի ամբողջացրեց իմ հայկական ինքնությունը, օգնեց ինձ գնահատել ներկա Հայաստանը (ներառյալ Արցախը) և ավելի լավ հասկանալ մեր ժողովրդի ներուժը:

 *** 

Դեպի Կարս տանող լավ հարթված ճանապարհին գրեթե չկային խորհրդանիշներ, որոնք իմ մեջ հույզ ու կապվածություն առաջացնեին։ Արևելյան Թուրքիան կարծես Եվրոպայի և Մերձավոր Արևելքի խառնուրդ լիներ: Ընդարձակ մայրուղիներ, ժամանակակից շենքեր, բեռնատարներ, թուրքական և թրքացված տեղանուններ, և ժամանակ առ ժամանակ ՝ հսկայական թուրքական դրոշ, որը, կարծես, ուզում էր հիշեցնել մեզ և տեղի քրդերին, որ մենք պաշտոնապես գտնվում էինք Թուրքիայի տարածքում: Անսովոր աչքին և միամիտ մտքին, պատմությանն անծանոթ կամ ծանոթանալու ցանկություն չունեցող մեկին կթվար, թե այս հողերում երբեք էլ չեն ապրել հայերը։

Դա հանկարծ փոխվեց, երբ մտանք Կարս: Խանութների թուրքալեզու ցուցանակների խառնաշփոթի և ձնաբքի հորդառատ անձրևի տակ շենքերը ծանոթ շունչ ունեին։ Առանց թուրքալեզու ցուցանակների կարող էր թվալ, որ գտնվում եք զուգահեռ տիեզերքի Գյումրիում: Սահմաններն ու պետությունները տարօրինակ երևույթներ են: Այս տարածաշրջանում, երբ վերագծվում է սահմանը, սահմանի ներսում գտնվող ժողովրդագրությունը և ձեռակերտ կառույցներն արագորեն սկսում են վերափոխվել ՝ համապատասխանելու այն պետությանը, որում հայտնվել են: Կարսում, սակայն, քիչ ժամանակ է անցել, որպեսզի քաղաքի դիմագիծը համապատասխանեցվի սահմանի մյուս կողմում գտնվող քաղաքի կարծրատիպին: Սուրբ Առաքելոց եկեղեցին (այժմ վերածվել է մզկիթի) քաղաքի հայկական արմատների վկայությունն է: Եվ դեռ կա այն խարխուլ կառույցը, որը ոմանք համարում են Եղիշե Չարենցի տունը: Տան պատմության շուրջ մի քանի վարկած կա: Առաջին վարկածն այն է, որ տունը Չարնեցինն էր և քանդվել է Կարսի քաղաքապետի հրամանով, որն, ի դեպ, ադրբեջանական ծագում ունի: Երկրորդ վարկածն այն է, որ Չարենցն իսկապես բնակվել է այնտեղ, սակայն տունը նրանը չէր, բայց այն քանդվել էր նույն քաղաքապետի հրամանով:

Վերջապես, վերջին վարկածը պնդում է, որ Չարենցը երբեք էլ այնտեղ չի ապրել, բայց տունը, այնուամենայնիվ, քանդվել է քաղաքապետի հրամանով, քանի որ նա համարում էր, որ դա Չարենցի տունն է: Երեք պատմությունների միակ ընդհանրությունն այն է, թե ում հրամանով և ինչու է քանդվել տունը։ Կարսը լավ օրինակ է այն բանի, թե ինչ է տեղի ունենում քաղաքի հետ համեմատաբար կարճ ժամանակահատվածում, երբ վերագծվում են սահմանները, և քաղաքը հայտնվում է թշնամական տարածքում: Մի քաղաք, որն ընդամենը մեկ դար առաջ հայկական մեծամասնություն ուներ, այժմ զուրկ է հայկական կյանքից: Ղեկավարության կողմից դատողության հնարավոր սայթաքում, օտարերկրյա տերությունների կողմից խաղաղության և բարգավաճման կեղծ խոստումների արդյունքում զինվորների ոտքերում ու սրտերում առաջացած հոգնածություն, կամ աշխարհի այլ վայրերում գտնվող գաղութարար ուժերի վերակազմավորում, և աչքի մեկ թարթումով քաղաքի և նրա ժողովրդի ճակատագիրը կարող է ընդմիշտ փոխվել:

Երբ դուրս եկանք Կարսից՝ ուղևորվելու դեպի Վան, այն փոքրիկ բեկորը, որը մնացել է Հայաստանից՝ Հայաստանի Հանրապետության տեսքով, արդեն ավելի թանկ էր թվում: Մայրուղին դեպի Վան լայն էր, տարածքները` ընդարձակ, իսկ բնությունն՝ անձեռակերտ։ Թուրքական բեռնատարների և Թուրքիայի ռազմական ոստիկանության կողմից ժամանակ առ ժամանակ պարտադրված կանգառների պարագայում պահանջվեց իմ երևակայության ամբողջ ուժը՝ պատկերացնելու, որ ժամանակին այդ հողերում շրջում էին Բագրատունիները, իսկ ավելի ուշ ՝ Զաքարյան հայ նախարարական տոհմերի անդամները իրենց ազնվական ձիերով: Ոչ վաղ անցյալում այս հողերում աշխատում էին հայ գյուղացիները և, ի հեճուկս ամեն ինչի, սերնդեսերունդ պահպանում իրենց ինքնությունը։

Մեզ սպասում էին Բիայնիլիի մայրաքաղաքը և Արծրունի ազնվականների երկիրը:

***

Մենք մուտք գործեցինք հայկական պատմական Վասպուրական նահանգ (կոպիտ ասած՝ ներկայիս Վան Իլի) հյուսիսային կողմից: Լավ հարթված ճանապարհը մի քանի ոլորաններից հետո վերջապես տեղի տվեց Վանա լճի հյուսիսարևելյան ափի տեսարանին: Դեկտեմբերի վերջն էր, և լճի կապույտ երանգով արծաթազարդ մակերեսը փայլփլում էր ձմռան հեզ արևի ներքո: Մեր աջ կողմում բացվեցին ծովափնյա հատվածի ձյունածածկ բլուրները, որոնք կարծես գրկում էին լճի ափերը: Վանա լճի ափերին զարգացման և առևտրայնացման պակասը հաճելի անակնկալ էր: Այն ինձ ստիպեց մտածել, որ մեր նախնիների տեսած բնապատկերն այնքան էլ տարբեր չէր նրանից, ինչ ես էի տեսնում այդ օրը: Սերունդներ էին ոգեշնչվել այս բնապատկերով, մշակել հողերը, ձկնորսությամբ զբաղվել լճում, ստեղծել և նորարարել այս բնապատկերի տեսարանին։ Ժողովրդագրությունը և մշակութային հուշարձանները փոխվում են, երբեմն ՝ դարերով ձգվող պատմության բնական հոլովույթի արդյունքում, երբեմն էլ՝ մարդկության կողմից հանցավոր և համակարգված դաժան ծրագրումով: Բայց բնությունը կանգուն ականատեսն է ոչ միայն այդ հոլովույթի, այլև տառապանքի:

Մեր ժամանումը Վան աննկատ անցավ։ Ժամանակակից Վան քաղաքը կարոտախտ չառաջացրեց։ Այն շատ տարբեր էր Կարսից։ Նախ բարձրացանք Վանի բերդ: Վանի պատմական տիրակալների մասին վկայող շերտերը ներկա էին բերդի պատերում ՝ սկսած ուրարտացիներից մինչև մեր օրեր: Բերդի վերևից այն, ինչը մնացել էր հին քաղաքից, հիշեցնում էր Մարս մոլորակի կենսազուրկ փոքրիկ մի հատված: Մոտ մեկ դար առաջ այնտեղից էր, որ Արամ Մանուկեանը (Վանի Արամը) ոգեշնչեց և առաջնորդեց քաղաքի հայ բնակչությանը` աներկբա մահվան փոխարեն կյանքն ընտրելու։ 

Ի վերջո, բերդից իջանք քաղաք: Վանը գործնականում նոր քաղաք է՝ առևտրի կենտրոններով և բազմաթիվ նորակառույց բազմաբնակարան շենքերով, որոնք թուրքական ձևավորման հստակ տարրեր ունեն: Այստեղ հնարավոր չէ փորձել կարոտախտ առաջացնել։ Ի տարբերություն Կարսի, որտեղ բնակչության մեծամասնությունը թուրքական կամ ադրբեջանական ծագում ունի, Վանում կա քրդական զգալի մեծամասնություն: Եվ, ի տարբերություն Կարսի, Վանում զգալի էր ռազմական ոստիկանության ներկայությունը, որի զրահապատ մեքենաները կայանված էին ձյունածածկ փողոցներում։ Տեղացիները չեն խուսափում մշակութային յուրացումից, ամենուր առկա էին ուրարտական անուններով ընկերությունների ցուցանակներ: Զբոսաշրջական խանութները հագեցած էին Աղթամար կղզու հուշանվերներով և, ինչպես Երևանում, հյուրանոցները լի էին իրանցի զբոսաշրջիկներով, իսկ մանրածախ խանութները՝ «արտադրված  է Թուրքիայում» պիտակը կրող ապրանքներով: Առաջին հայացքից Վանի բնակչությունը ներքաշված ու ավանդապահ, բայց, միևնույն ժամանակ, ժամանակակից տպավորություն է թողնում: Չկար մի հյուրանոց կամ ճաշարան, որտեղից չհնչեր ավանդական թուրքական երաժշտությունը։ Գալով Երևանից, որտեղ սպասարկման ոլորտը զբոսաշրջիկներին ձգտում է գոհացնել այն կեղծ տրամաբանությամբ, որ բոլոր այցելուները փափագում են արևմտյան փոփ մշակույթի անհաջող վերակատարումները, ես մի փոքր նախանձ զգացի։

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին տեսնելու համար նավակին հասնելու ճանապարհին մենք անցանք Խորգոմը (ներկայիս Դիլկայա)՝ Արշիլ Գորկու ծննդավայրը, և Ոստանը (ներկայիս Գեվաշ): Գորկին (այն ժամանակ՝ Ոստանիկ) մոտ տասը կամ տասներկու տարեկան է եղել, երբ մոր հետ 1915-ին փախուստ են տվել Ցեղասպանությունից: «Աչքն ուղեղի ուղեկցողն  է», ասել է Գորկին 1927-ին: Այդ ժամանակ նա արդեն սկսել էր իր «Նկարիչը և իր մայրը» կտավը, որն ավարտին կհասցներ 1942 թվականին: Երկրի երանգներն ու բնանկարը վստահաբար տպավորություն պետք է թողած լինեին նրա պատանի մտքի վրա: Թերևս, այս գույներն են իրենց արտացոլումը ստացել «Մեկ տարի կաթնախոտը», «Խորգոմից հետո» կամ «Ցանկություն ի կատար» գործերում: Միգուցե երևակայությունս արտաժամյա էր սկսել աշխատել, բայց նրա պատմությունը վկայում է, որ աղետն ու սարսափը ոչ միշտ են կարողանում հաղթել ստեղծագործությանը: Սակայն Գորկիի վերջնական ճակատագիրը նաև հուշում է, որ կան վերքեր, որոնք երբեք չեն սպիանում։

Մենք այժմ գտնվում էինք Ռշտունիքի պատմական գավառում ՝ Ռշտունի ազնվականների ժառանգական տիրույթում: Այս տարածքը գտնվում է Վանա լճի ափին՝ Աղթամար կղզու հարավում: Հնում, Ռշտունյաց տունը հայկական բանակում կռվում էր հազար հեծյալներով: Ռշտունիները նաև հրամանատարներ էին Մեծ Հայքի հարավային բանակում: Այդ ժամանակներում դեռ մենք էինք հսկում և պաշտպանում մեր բոլոր սահմանները: Ըստ հայ պատմիչ Մովսես Խորենացու՝ Տիգրան Մեծը կայսրության հարավային շրջաններում Բարզափրան Ռշտունուն նշանակեց որպես հայկական և պարսից զորքերի հրամանատար, որի հրամանատարությամբ էլ հայկական բանակը հայոց կայսրության գագաթնակետին գրավեց Պաղեստինը և Երուսաղեմը (մ.թ.ա. 80): Պապս չէր սխալվել Ռշտունիներին իր գնահատականը տալիս: Հավանաբար, Ռշտունիները թանկ վճարեցին ռազմաճակատի առաջին գծում գտնվելու համար և շատ շուտ անցան պատմության գիրկը: Ազնվական տան վերջին հիշատակումը մ.թ. 705 թվականին է:

Վանա լճի մակերևույթից հետ փչող անխնա քամին գրեթե անհնար էր դարձնում նավի տախտակամած դուրս գալը։ Բայց սա մի տեսարան էր, որում պետք էր լիովին ընկղմվել։ Նավն ի վերջո խարիսխ ձգեց, և մենք ոտք դրեցինք կղզի: Ուղևորվեցինք դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, որն այժմ պաշտոնապես կոչվում է Աքդամարի թանգարան («Աքդամար» բառը, որը թուրքերենից թարմանաբար նշանակում է «սպիտակ երակ», կղզու հայկական անվան` Աղթամարի թրքացված տաբերակն է)։ Հրաշք է, որ Վասպուրականի թագավորության հայոց թագավոր Գագիկ Ա. Արծրունու օրոք կառուցված (915-921 թթ.) տաճարը դեռևս ամուր կանգնած է կղզու վրա՝ հաշվի առնելով, որ կղզին 1950-ականներին օգտագործվել է որպես ռազմավարժանքների տարածք: 1915 թվականից հետո եկեղեցին ենթարկվել է լայնածավալ վանդալության: Եկեղեցու վերականգնումից առաջ եկեղեցու քանդակները օգտագործվել են որպես նշանառության թիրախներ: Ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուն, որը մասնակցում էր եկեղեցու վերականգնմանը, Հրանտ Դինքի հետ հարցազրույցում այսպես է նկարագրել իրավիճակը. «Եկեղեցու ճակատը լի է փամփուշտների թողած փոսերով: Նրանցից ոմանք այնքան մեծ են, որ վերանորոգման ընթացքում չեն կարող ծածկվել»: 1951 թ. եկեղեցին քանդելու համար վարչական հրաման էր տրվել, սակայն հայտնի քուրդ գրող և իրավապաշտպան Յաշար Քեմալը կարողացել է դադարեցնել գործընթացը: Անկախ նրանից, թե ինչ էին Սուրբ Խաչ տաճարի վերականգնման դրդապատճառները, վերականգնված տաճարն ավելի է հարստացրել մշակույթի և ճարտարապետության աշխարհը։ Մայր տաճարի վերականգնումը նաև վկայություն է այն բանի, որ ոչ մի հասարակություն միատարր չէ իր մտածողության և գործունեության մեջ, և մի նպատակի շուրջ համախմբված անհատները կարող են պայքարել և հաղթահարել պատմության խեղաթյուրման և մշակութային կոթողների կործանման փորձերը: 

Կարս վերադառնալու ճանապարհին մենք մի փոքր շեղվեցինք ուղուց, որպեսզի կանգ առնենք Վանա լճի արևելքում գտնվող ավելի փոքր և քիչ հայտնի մի լճի մոտ: Արճակ կամ Արճիշակ լիճը (ներկայիս Էրչեք) աղի լիճ է, որը երևում է պատմական Վասպուրականի քարտեզներում: Լճի մասին շատ առասպելներ կան: Հայերը հավատում էին, որ լճում ապրում էին հրեղեն մի ձի, տղամարդ ու կին: Արճակ (կամ Արճիշակ) գյուղի մերձակայքում աղբյուրներ կային, և հրեղեն կինը հաճախ լողանում էր այնտեղ, բայց կնոջը գետի ափին գտնվող օձերի պատճառով վտանգ էր սպառնում: Ուստի հրեղեն ձին օգնության էր հասնում և սմբակներով հարվածում օձերին՝ կնոջը ապահով պահելու համար: Տեղացիները հավատում էին, որ առանց հրեղեն ձիու ամբողջ աշխարհը կլցվեր օձերով: Հրեղեն ձին որպես այդպիսին հայկական բանահյուսության մեջ դարձավ ընտանիքի պաշտպանության և պահպանման խորհրդանիշ:

Ազգի անքակտելի մասերից է նրա ընդհանուր հիշողությունը, սովորույթներն ու առասպելները: Վերջինիս մեծ մասը կապված է հողի հետ: Հողի կորստի հետ մեկտեղ՝ առասպելներն արմատախիլ են արվում և ժամանակի հետ մարում մարդկանց հիշողության մեջ, կտրում են կապվակցվածության և ընդհանրության լարը, մարդկանց ժողովրդից վերածելով զուտ անհատների մի հավաքածուի։

*** 

Մենք այժմ լքում էինք Արծրունիների տիրույթը և կրկին մտնում Բագրատունիների երկիր: 965-1045 թթ. Բագրատունյաց Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին մեզ էր սպասում Ախուրյան գետի հյուսիսարևմտյան ափին:

Հին մայրաքաղաքի դարպասներով մուտք գործելուն պես կարծես կյանքի կոչվեց միջնադարյան Հայաստանի շքեղությունը: Եվ չնայած երկրաշարժերը, խստաշունչ կլիման, մարդկանց և պետության կողմից հովանավորվող ավերածությունը աղճատել են միջնադարյան քաղաքի ընդհանուր դիմագիծը, նույնիսկ իր ներկայիս տեսքով Անին դեռ ոգեշնչման վիթխարի աղբյուր է: Քաղաքի հողե ճամփաներով քայլելիս կարելի է պատկերացնել Անին իր հզորության գագաթնակետին, երբ այն աշխարհի ամենամեծ տիեզերական կենտրոններից մեկն էր: Պատմական խեղաթյուրումը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ավելի խորամանկ երանգ է ստացել` ավելի ընդգծելով քաղաքի զրադաշտական, քրիստոնեական, մահմեդական, բյուզանդական, սելջուկյան, վրացական և «անատոլիական» ազդեցությունները, և միևնույն ժամանակ չհերքելով Բագրատունիներինը, հետևաբար նաև միջնադարյան մայրաքաղաքի հայկականությունը։ Սակայն, Անին դեռ կանգնած է որպես միջնադարյան Հայաստանի՝ ազգ-պետություն փառահեղության, ինչպես նաև հայ ժողովրդի ներուժի ու ստեղծագործ հնարամտության ամենաշոշափելի վկայություն:

Անիի հնագիտական կայքի վերաբերյալ Յունեսկօ-ի նկարագրության մեջ ասվում է. «Չկա մի հուշարձան, որը չունենա լուրջ կառուցվածքային խնդիրներ՝ կա՛մ երկրաշարժերի ու մարդու կողմից ավերածության հետևանքով, կա՛մ անհաջող միջամտությունների պատճառով»: Պահպանման վերջին ջանքերը կենտրոնանում են քայքայման հետևանքները կանխելու վրա, շեշտը դնելով բնօրինակի պահպանման միջամտությունների, ինչպես նաև, մի շարք հուշարձանների դեպքում, այլանդակ վերանորոգումները վերացնելու վրա։ Այլ կերպ ասած, Անիում կարծես առաջնային չեն վերականգնման աշխատանքները, և, հաշվի առնելով անցյալի ոչ մասնագիտական փորձերը, դա հավանաբար ողջունելի պետք է համարել, քանի դեռ իրական մասնագետները չեն մասնակցում այդ գործընթացին, ինչպես դա արեցին Աղթամար կղզու Սուրբ Խաչի պարագայում:  

*** 

Պատմությունը կարևոր է: Այն մեզ հուշում է, թե որտեղից ենք եկել, և հայելին է մեր ընդհանուր ստեղծագործական ներուժի։ Արևմտյան Հայաստանը և մասնավորապես Աղթամարի Սուրբ խաչի եկեղեցին ու միջնադարյան Անի քաղաքը վկայում են այն մասին, որ պետությունը ժողովրդի ստեղծագործ ներուժին զարկ տալու և հովանավորելու ամենակարևոր աղբյուրն է։ Հետհայաց, հայ ժողովրդի ներուժը այսօրվա ակնոցով դիտելն անարդար կլիներ։ Անին իր շքեղությամբ այն վայրն էր, որտեղ ի մի էին եկել ճարտարապետական փորձարարության և նորարարության, առևտրի, արվեստի և ռազմական հզորության, ինչպես նաև խորաթափանց արտաքին դիվանագիտության ստեղծագործ ուժերը: Արևմտյան Հայաստանը ներկայիս Հայաստանի և Սփյուռքի համար պահում է հայ ինքնության անհերքելի մասը: Նյութական և մարմնական ոչնչացումից բացի, Հայոց ցեղասպանությունը փորձ էր ՝ զրկելու մեզ մեր ընտանեկան ծառի այդ շատ կարևոր ճյուղի գալիք ծաղկումներից: Այն փորձ էր ՝ զինաթափելու մեզ ստեղծագործման և նորարարության գործիքներից: Փորձ ՝ նաև կանխելու Արճակ լճի առասպելի փոխանցումը ապագա սերունդներին:

Չնայած այն փաստին, որ Անին այժմ պաշտոնապես հաստատված հնագիտական տարածք է, և վերականգնված է Աղթամարի Սուրբ Խաչ տաճարը, հայ քաղաքակրթության անցյալի հուշարձաններին անհրաժեշտ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային հանրության ուշադրությունը և պաշտպանությունը: Հայերի համար բնական կլիներ առաջնահերթությունների թվում ներառել այդ ուղղությամբ տարվող համաշխարհային ջանքերին աջակցելը: Անին դեռ հենակներով է ոտքի մնացել և կարող է ամեն պահ ծնկի գալ։ Եվ մինչ պատմության և մշակույթի պահպանումը մեզ հիշեցնում է արարելու և կառուցելու մեր կարողության մասին, չպետք է մոռանալ, որ առանց վերստին արարելու և նորը ստեղծելու, միայն անցյալի մասունքները պատճենելն ու գաղութարար մշակույթներին ընդօրինակելը կարող է մեզ վերածել մի ժողովրդի, որն ապրում է անցյալի փառքով և կլանված է իր նախնիների ցավով, ինչպես մի ծառ, որը միայն գոյատևել գիտի և կորցրել է ծաղկելու և բերք տալու ունակությունը: Պետք է թանկ գնահատել այն, ինչ մնացել է պատմական Հայաստանից` ի դեմս Հայաստանի Հանրապետության, և ամրապնդել նրա պետականությունը՝ որը  կարող է նպաստել այն միջավայրի ստեղծմանը, որտեղ հայ ժողովուրդը կարող է մեկ անգամ ևս ապրել իր ներուժով և իսկապես վերականգնվել Ցեղասպանության աղետից:

Սահակի ու Քարմիլի պատմությունը դեռ ինչ-որ չափով առեղծված է մնում, սակայն այժմ կարող եմ պնդել, որ տեսել եմ այն բնապատկերը, որի ականատեսներն են եղել նրանք իրենց մանկության տարիներին: Բայց երբեք չեմ կարող հավակնել, որ ապրել եմ նրանց անաղարտ հոգիների տառապանքը։

Անիի Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին

Անիի Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Անիի պարիսպները

Արարատ լեռը Իգդիրից

Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր Տաճար

Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր Տաճար

Գագիկ թագավորի Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար

Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին

Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին

Վանի բերդ

Վանա լիճ

Read the article in English

https://www.civilnet.am/news/2020/05/09/Խավարից-առաջ/384177

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın