İçeriğe geçmek için "Enter"a basın

Լոռու Ձորում՝ Ալավերդի կամ Ալլահ Վերդի

Թաթուլ Հակոբյան

Հարյուրավոր դարեր Հայաստանի հողը ասպատակել են թյուրքալեզու քոչվորները՝ իրենց հետ բերելով ու իրենցից հետո թողնելով հարյուրավոր տեղանուններ:

Խորհրդային տարիներին հարյուրավոր գյուղեր ազատվել են թյուրք-քուրդ-պարսկական անուններից, թեև որոշ դեպքերում, անգամ 70-80 տարի անց, տեղացիները օգտագործում են հին, օտարաշունչ անունը, այն անունը, ինչ լսել են պապից ու հորից: Սա դեռ ոչինչ, կան տեղանուններ, որոնց փոխելուն տեղացիները դեմ են: Դրանցից մեկը Լոռու մարզի Ալավերդի քաղաքն է, որի անունը թյուրքական Ալլահ Վերդին է, այսինքն՝ Ալլահի տված, իսկ եթե հայերեն թարգմանենք՝ Աստվածատրյան: Ալավերդի է կոչվել 17-րդ դարի բորչալու կոչված քոչվոր ցեղի առաջնորդներից մեկի՝ Ալլահվերդու անունով:

Այո, Թումանյանի Լոռու Ձորում՝ թյուրքական անունով Ալավերդի: Ի դեպ, 1930-ական թվականների, գուցե ավելի ուշ շրջանի, հրատարակություններում հստակ գրված է Ալլահվերդի: Ժամանակի ընթացքում հրաժարվել ենք լ-երից մեկից ու հ-ից, բայց էությունը չի փոխվել. ի՞նչ տարբերություն՝ Ալավերդի, թե՞ Ալլահ Վերդի:

Ալավերդի անունը փոխել-չփոխելու հարցը թողնենք տեղի իշխանություններին ու հասարակությանը, իսկ մենք կարճ ներկայացնենք այս քաղաքի պատմությունը, հատկապես այն ժամանակաշրջանը, երբ այն վեճի առարկա էր Հայաստանի և Վրաստանի միջև՝ 1918-1921 թվականներին:

1880 թվականին ցարական Ռուսաստանի վարչատարածքային նոր բաժանման արդյունքում ստեղծվեց Բորչալուի գավառը (բորչալու ցեղի անունից) Թիֆլիսի նահանգի կազմում՝ Շուլավեր կենտրոնով: Բորչալուի գավառի մաս կազմեցին այսօրվա Վրաստանի Դմանիսի, Բոլնիսի, Ծալկայի և Մառնեուլի շրջանները, ինչպես նաև այսօրվա Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Դեբեդի հովիտը, Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրի շրջաններն ու Սպիտակի մի մասը: Այս գավառում, 1897թ. ցարական մարդահամարի տվյալներով, հայերը մեծամասնություն էին՝ 37 տոկոս, երկրորդը թաթարներն էին՝ այսօրվա ադրբեջանցիները՝ մոտ 30 և վրացիները՝ միայն 6 տոկոս: Ահա այդ պատճառով է նաև, որ Բորչալուի ադրբեջանաբնակ հատվածը տարածքային վեճի պատճառ դարձավ Վրաստանի և Ադրբեջանի միջև:

1918-ի մայիս-հունիսին, երբ հիմնադրվում էր Հայաստանը, Ալավերդին ՀՀ-ի մաս չէր կազմում և մինչև ՀՀ անկումը, չկազմեց: Դեռ մայիսին, երբ թուրքերը անցան Ախուրյանը, գրավեցին Ալեքսանդրապոլն ու Ղարաքիլիսան, Լոռի՝ նախկին Բորչալուի գավառ մտան վրացական զորքերը: Երբ նույն տարվա աշնանը Օսմանյան կայսրությունը իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում և զորքերը դուրս բերեց Կովկասից, Բորչալուի գավառի համար պատերազմ սկսվեց Հայաստանի և Վրաստանի միջև: Այն տևեց երկու շաբաթ, իսկ 1919-ի հունվարին Թիֆլիսում կայացած հայ-վրացական խորհրդաժողովի որոշմամբ ստեղծվեց հայ-վրացական Չեզոք գոտին, որի մեջ էր նաև այսօրվա Ալավերդին: Այսպես հայ-վրացական հակասությունները սառեցվեցին:

Երբ 1920թ. աշնանը քեմալականները հարձակվեցին Հայաստանի վրա, նոյեմբերի 6-ին զավթեցին Ալեքսանդրապոլը, թուրքական զորքերի մուտքը դեպի Լոռի կանխելու նպատակով, մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 13-ին Թիֆլիսում ստորագրվեց հայ-վրացական փաստաթուղթ, որով վրացական զորքերին իրավունք էր տրվում մտնել Չեզոք գոտի, ինչը, սակայն, վրացիներին տարածքի նկատմամբ նոր իրավունքների հիմք չէր կարող լինել:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանը դարձավ խորհրդային: Նոր իշխանությունը անմիջապես՝ դեկտեմբերի 7-ին, վրացիներից պահանջեց զորքերը դուրս բերել Չեզոք գոտուց: Վրաստանը, սակայն, որ դեռ անկախ էր և չէր խորհրդայնացվել, ձգձգում էր պահանջը:

1921թ. փետրվարի 12-ին Չեզոք գոտում սկսվեց գյուղացիական ապստամբություն ընդդեմ վրացական զորքերի, որից անմիջապես օգտվեց Խորհրդային 11-րդ բանակը: Վրաստանը խորհրդայնացնելու առիթ էր պետք, և այդ առիթը ստեղծվել էր: Երեք օրվա ընթացքում խորհրդային զորքերը վրացական զորքերին դուրս հանեցին Չեզոք գոտուց, սակայն կանգ չառան և շարունակեցին արշավը դեպի Թիֆլիս: Փետրվարի 25-ին Վրաստանը արդեն խորհրդային էր:

Նույն տարվա նոյեմբերի 6-ին ստորագրվեց հայ-վրացական համաձայնագիր, որով հաստատվեցին սահմանները: Դրանք մոտավորապես համապատասխանում են այսօրվա Հայաստան-Վրաստան սահմանագծին:

Այսպիսով, Հայաստանի խորհրդայնացումից հետո Չեզոք գոտին՝ Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի, ինչպես նաև՝ Նոյեմբերյանի շրջանի Դեբեդի հովտի գյուղերը Խորհրդային Հայաստանի մաս կազմեցին: Փոխարենը, հայ բոլշևիկները հետ կանգնեցին Ախալքալաքի նկատմամբ հավակնություններից: Նշենք, որ 1918-1920թթ․ Ախալքալաքը երբեք չի եղել ՀՀ-ի մաս:

Ալավերդու տարածքում դեռ 18-րդ դարում պղինձ էր արդյունահանվում: Առաջին պղնձաձուլարանը կառուցել են Օսմանյան կայսրությունից՝ Գյումուշհանեից եկած պոնտացի հույն հանքագործները: 19-րդ դարի վերջերից այստեղ հաստատվեցին ֆրանսիացիները: Իսկ երբ 1899-ին կառուցվեց Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղին, պղնձարդյունաբերությունը, հետևաբար նաև՝ Ալավերդին և շրջանը լուրջ զարգացում ապրեցին:

1831 թվականի տվյալներով Ալավերդին աննշան գյուղ էր՝ ընդամենը 24 հայ բնակիչներով: 1873-ին բնակչության թիվը հասավ 748-ի, որից միայն 70-նն էր հայ, իսկ 673-ը՝ հույն: 1897թ․ ցարական մարդահամարով բնակչության թիվը 1 423 էր, որից 104-ը՝ հայ, 187-ը՝ իսլամ, 1100-ը՝ ուղղափառ, այն է՝ հույներ:

ԽՍՀՄ առաջին՝ 1926թ․ մարդահամարի համաձայն, Ալավերդին ուներ 2 103 բնակիչ, որից 563-ը՝ հայ, 40-ը՝ թուրք, 1 500-ը՝ հույն:

Այսպիսով, խորհրդային առաջին տարիներին Ալավերդին Հայաստանի ամենամեծ հունական բնակավայրն էր: 1980-ական թթ․ վերջերից սկսվեց Հայաստանում բնակվող հույների զանգվածային արտագաղթը կամ հայրենադարձությունը դեպի հայրենիք՝ Հունաստան: Ալավերդիում և ամբողջ Հայաստանում այսօր մի քանի հարյուր հույն է մնացել:

https://www.civilnet.am/news/2020/05/04/Լոռու-Ձորում-Ալավերդի-կամ-Ալլահ-Վերդի/383617

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın