İçeriğe geçmek için "Enter"a basın

Աշխարհի ոչ մի երկիր այլևս վարդերի այգի չի խոստանալու. Ժակլին Չելիք

Լիլիթ Պողոսյան

«Այն ժամանակվանից սկսած՝ տան միջնապատերում թաքնված լեզուն մարդկանց շնորհիվ կրկին կենդանացավ։ Հայաստանցիների գալու հետ մեկտեղ Ստամբուլի հայերը (երկու տարբեր մշակույթ ունեցող մարդիկմիմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն ստացան։ Այնտեղից եկածները հանգիստ ներկայացնում էին իրենց հայ լինելը, ինչը լավ ազդեցություն ունեցավ մեր ճնշված վախերի վրա». Ժակլին Չելիք

Թուրքիայի հայազգի գրող Ժակլին Չելիքը ծննդով Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից է։ Նա փոքր էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Ստամբուլ՝ բնակություն հաստատելով Քումքափը թաղամասում։

Նրա գրչին են պատկանում «Ավազե ժամին Քումքափը» (2000թ.), «Օձի ճանապարհը» (2003թ.) վեպերը, «Պատմվածքներով այբուբեն» (2004թ.) առակների եւ «Փախստական ուղևորը» (2005թ․) պատմվածքների ժողովածունները։ Առաջին վեպը՝ «Զայրույթի խրախճանքը», լույս է տեսել 2011 թվականին և նույն տարում թարգմանվել քրդերեն, իսկ 2018 թվականին այն նաև հրատարակվել է Հայաստանում։ Ժակլին Չելիքի հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածները պարբերաբար լույս են տեսել թե՛ պոլսահայ, թե՛ թուրքական մամուլում։ Նա այն համարձակներից է, ով չի վախենում բարձրաձայնել Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրները՝ քննադատելով բոլոր անօրինականությունները և այն, ինչ չարիք է մարդկության համար։ Այս շաբաթ լույս կտեսնի գրողի նոր վեպը՝ «Հարբեցողների հինգշաբթին»։

– Ժակլի՛ն, վերջին տարիներին ի՞նչ գույներ ստացավ հայաստանցիներով բնակեցված Քումքափը, որտեղ Ձեզ հետ միասին «Ավազե ժամին Քումքափը» գրքի հերոսներն են ապրել:

– Ըստ էության՝ 1970-ականներին և այսօր հայաստանցիների Քումքափը նախընտրելու պառճառները նույնն են՝ պատրիարքարան, եկեղեցի և դպրոց, որտեղ կարող են ուղարկել իրենց երեխաներին և, իհարկե, աշխատանք գտնելու հնարավորությունը։ Այս թաղամասը Անատոլիայի տարբեր կողմերից եկած մարդկանց մեծամասնության առաջին կանգառն էր։ Միևնույն ժամանակ այն նաև լավ ապագա ծրագրելու կամ ինչպիսի՞ն է լինելու այդ լավ ապագան հարցը տալու առաջին կանգառն էր։

1990-ականների սկզբին տեքստիլի և կոշիկի արտադրամասերի տարածման և թաղամասի բնակչության կազմի փոփոխության հետ մեկտեղ շատ հայ ընտանիքներ լքեցին Քումքափը, իսկ մենք մնացինք, մնացինք, որովհետև այս քաղաքը փոխարինել էր մեր լքած քաղաքին։ Քումքափը և հատկապես տունը, որտեղ մենք էինք ապրում, արդեն մեր նոր երկիրն էր։ Կարծում եմ՝ այնտեղ մեզ պահողը նորից ու նորից գաղթի հետևանքով կորցնելու վախն էր։ Մնալ ցանկացանք և մնացինք։ 1996 թվականին, երբ բաժանվեցինք այնտեղից՝ տեղափոխվելով այլ թաղամաս, Հայաստանից Քումքափը եկան մեր հայրենակիցները, և մեր տան մեջ նորից ոտնաձայներ լսվեցին։ Այդ ամենը նույնիսկ չէինք կարող պատկերացնել։ Այն ժամանակվանից սկսած՝ տան միջնապատերում թաքնված լեզուն մարդկանց շնորհիվ կրկին կենդանացավ։ Հայաստանցիների գալու հետ մեկտեղ Ստամբուլի հայերը (երկու տարբեր մշակույթ ունեցող մարդիկ) միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն ստացան։ Այնտեղից եկածները հանգիստ ներկայացնում էին իրենց հայ լինելը, ինչը լավ ազդեցություն ունեցավ մեր ճնշված վախերի վրա։

– Հայաստանցիները Թուրքիայում տարբեր աշխատանքներ են կատարում՝ դայակից մինչև մաքրուհի, այգեպանից մինչև արհեստավոր, առևտրականից մինչև ուսուցիչ։ Ինչպիսի՞ն է հայաստանցիների կյանքն այստեղ։ Ինչերի՞ միջով են նրանք անցնում։

– Իրականում չի կարելի ասել, թե այստեղ շատ լավ պայմաններում են ապրում։ Չնայած դրան՝ ասում են՝ պայմանները Հայաստանից ավելի լավն են։ Ինչի՞ համեմատ։ Երեխաներին ուղարկում են վճարովի դպրոց, առօրյա ապրելակերպը կազմակերպելու չափով դրամ են վաստակում։ Նրանցից շատերը վատ պայմաններում են ապրում, ավելին՝ ոչ մի երաշխիք չունեն։ Սա հին հռոմեական քաղաք է։ Այժմյան Ստամբուլը Քումքափըի ներսում գտնվող թերակղզու վրա է ծավալվել։ Այսօր, սակայն, այս թաղամասը թմրավաճառների, մարմնավաճառության, անշարժ գույքի մաֆիայի ձեռքն անցած վտանգավոր տեղ է։

Եկածներին էլ իրենց հերթին տարբերել է պետք։ Առաջինները երկրում տուն, աշխատանք ստեղծող, հայրենիքում մնացած ընտանիքին գումար ուղարկող, երեխաների համար ավելի լավ ապագայի նպատակ ունեցողներն են։ Երկրորդ խումբը՝ աննպատակները։ Երբեմն նրանցից ոմանք հանցագործությունների են խառնվում։ Երանի այդպես չլիներ, սակայն ի վերջո Հայաստանը բոլոր վայրերի նման մի երկիր է, որտեղ ամեն տեսակի մարդ կա։ Այս առումով շատ արտառոց պատմություններ եմ հավաքել։

Մյուս կողմից ավանդություններին ամուր են կառչած: Պայմանները, տնտեսական հնարավորություններն ինչպիսին էլ որ լինեն, հատուկ օրերը նրանց համար շատ կարևոր տեղ ունեն։ Տոներ, ծննդյան տարեդարձեր, երաժշտություն, պատրաստված սեղաններ (սեղանի ուտեստները անուշ-անուշ Հայաստան են բուրում)։ Փողոցով անցնելիս մի պատուհանից հայկական երաժշտություն եք լսում։ Ամենաաղքատ սեղաններին անգամ չեն մոռանում անցավորների հոգու համար բաժակ բարձրացնել (այդ տեսակով հպարտանում եմ)։ Որքան էլ որ այս ամենին ականատես լինելը ինձ հաճելի լինի, այնուամենայնիվ, միակ ցանկությունս է, որ նրանք իրենց կյանքը Հայաստանում շարունակեն։ Անկեղծ ասած՝ չեմ ուզում, որ հայաստանցին գա այս երկիր հենց միայն այն պատճառով, որ մեր սերտած թուրքական պաշտոնական բանախոսության հովանոցի տակ նույն օդը չշնչի և միջազգային հարաբերություններում որպես սպառնալիք չօգտագործվի։ Կրթություն ունեցող կամ չունեցող մարդկանց այստեղ այդպիսի ցածր որակավորում պահանջող աշխատանքներ կատարելն ինձ ցավ է պատճառում։

– Համավարակի ճգնաժամն ազդել է նրանց ապրելակերպին․ նյութական խնդիրներին գումարվել է նաև հայրենիք վերադառնալու հրամայականը։ Մի՞թե նրանք այլընտրանք ունեն։

– Դժբախտաբար, վատ է ազդել։ Թուրքիայում ապրող մյուս գաղթականների նման նրանք նույնպես անօգնական են։ Առաջնահերթությունը առողջ մնալն է, որովհետև առողջության ապահովագրություն չունեն։ Այս հարցում չգիտեմ, թե Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցը որքանով է ազդեցիկ, հուսամ՝ ոչ մեկին կես ճանապարհին չի թողնի։ Թուրքիայի պետական հիվանդանոց ընկնելիս՝ ըստ երկրների սահմանված գնացուցակ կա։ Հայաստանին հատկացվածը «սպանող» տեսակից է. այդքան թանկ ու անմատչելի է: Բոլորն անհամբեր սպասում են, թե ի՞նչ է լինելու, և այս վիճակը ի՞նչ փոփոխություն է բերելու։

Հայրենիք վերադառնալու անհրաժեշտությունը վիրուսից առաջ սկսված մի ընթացք է։ Հայտնի է, որ Թուրքիան արդեն իսկ մեծ տնտեսական ճգնաժամի մեջ էր։ Մյուս կողմից Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով ընդունած գաղթականների հետ չգիտի՝ ինչ անել և անընդհատ փոփոխության է ենթարկում գաղթականների կանոնները․ անցյալ տարի կացության և աշխատանքի իրավունք չունեցողներին հետ է ուղարկել իրենց երկրներ։ Այդ իսկ պատճառով անցյալ տարվանից սկսած՝ այդ շրջանակը արդեն նեղանում է։ Համավարակից հետո ալիքն ավելի մեծ է լինելու, և շատերը ստիպված կլինեն «փախչել» իրենց երկրներ։ Իրականում աշխարհի ոչ մի երկիր այլևս  վարդերի այգի չի խոստանալու։ ԱՄՆ-ի առողջապահական համակարգը մեկ ամսվա մեջ մեր աչքի առաջ հալեց։

Համավարակը մեզ դեպի մեկ այլ աշխարհ է տանում։ Մենք նույնպես պետք է վերադառնանք հողին և վերստին պետք է սկսենք արտադրել։ Այստեղ ապրող հայաստանցիների համար միակ ընտրությունը հայրենիք վերադառնալն ու միանալն է Փաշինյանի՝ ավելի լավ ապագա ունենալու ջանքերին՝ ասելով՝ եթե անգամ ցամաք հաց եմ ուտելու, թող հայրենիքիս հացը լինի։

– Տարիներ շարունակ այստեղ ապրած եւ Հայաստան վերադարձող ընտանիքները Ձեր կարծիքով ի՞նչ են իրենց հետ տանելու (Թուրքիայի մասին իրենց պատկերացումները առաջվանը չեն)։

– 90-ականներին եկածներն իրենց ինքությունն ավելի հաճախ ագրեսիվ վերաբերմունքով էին դրսևորում։ Ինչ խոսք, դժվար վիճակ էր․ ծանր, հուսահատության շրջանով անցած և գումար վաստակելու համար ստիպված են եղել Թուրքիա գալ։ Վերջին տարիներին նկատելի է այդ մարդկանց մի քիչ թեթևացած լինելը։ Հանգիստ կենցաղից բացի, մշակութային ազդեցությունը նույնպես իր բաժինն ունի այստեղ։ Հայրենիք վերադառնալու ժամանակ, իհարկե, Թուրքիայի մասին նրանց մտքերը ճկուն են լինելու։ Տեսեք՝ չեմ ասում փոխվելու են, որովհետև Թուրքիան հայի ինքնագնահատականը բարձրացնելու (լավ մտածողություն ունենալու) համար ջանք չի գործադրի․․․

Լիլիթ Պողոսյան

Թուրքիա

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın