İçeriğe geçmek için "Enter"a basın

Ալեն Սիմոնյան, ամենևին չեք տարբերվում մեր «բարեկամ» հարևան պետությունների հայատյաց մտածողությունից. Տեր Մուշե

Փաստերը խեղաթյուրելով երկար ճանապարհ չես գնա կամ ինչպես ասում են «ստի ոտը կարճ է»: Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Տեր Մուշե քահանա Ենգիբարյանը:

Հոգեւորականը մասնավորապես գրել է. «Ս/թ. ապրիլի 14-15-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսի news.am լրատվական կայքի հարցմանն ի պատասխան հնչեցրած դիրքորոշման (https://news.am/arm/news/572501.html) և ՀՀ Ազգային ժողովի նախագաի տեղակալ Ա. Սիմոնյանի սանձարձակ արձագանքը (news.am/arm/news/572607.html) խորը հիասթափություն և վրդովմունք է առաջ բերել բազմաթիվ հայորդիների մոտ: Այստեղ չենք ցանկանում անդրադառնալ Ա. Սիմոնյանի վերաբերյալ արձագանքին. հոգևոր հայրերի, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական և պարզ հավատացյալների կողմից ամեն ինչ ասված է, և լավ է ասված:

Այստեղ ցանկանում ենք անդրադառնալ Ա. Սիմոնյանի մեկ այլ արձագանքի (https://www.youtube.com/watch?v=Pynj8sNXab4&t=55s), որտեղ ակնհայտ կերպով խեղաթյուրված են ներկայացվում փաստերը, կամ դիտավորյալ սուտ է խոսվում:

Օրինակ կարող ենք հարց ուղղել Ա. Սիմոնյանին, թե ինչպես է որոշել կամ ինչ չափորոշիչով է չափել, որ Կաթողիկոսը հանրության առօրյայի մաս չի կազմում կամ այդ որ համազգային հարցում Կաթողիկոսի ներկայությունը Սիմոնյանը չի զգացել: Պետք է նշել, որ ճիշտ հակառակը՝ Կաթողիկոսը ամենօրյա ներկայություն է, իսկ նրա գործունեությունը հայության կյանքում՝ զգալի և փաստացի իրողություն: Իսկ այն պնդմանը, թե Կաթողիկոսին Նոր տարուց Նոր տարի են տեսնում, այն էլ էկրաններին, կամ՝ համաճարակի օրերին ԱԺ պատգամավորներն են հորդորում սրբությունները դուրս բերել և աղոթել, ևս մեկ անգամ ցույց է տալիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի սիրողական կերպով իր պաշտոնին և հանգամանքին վերաբերվելը: Ով-ով, գոնե խորհրդարանական համակարգ ունեցող երկրում, ԱԺ նախագահի տեղակալը, որը տվյալ պարագայում նաև միաժամանակ ներկա իշխանության «կարկառուն» ներկայացուցիչ է, պետք է ի պաշտոնե պարտավորված լիներ հետևելու Մայր Աթոռի տպագիր («Էջմիածին» ամսագիր, «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ) և համացանցային (կայք՝ www.armenianchurch.org, FB էջեր՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) պաշտոնական լրահոսին, երբեմն-երբեմն «Շողակաթ» ՀԵ-ի (www.shoghakat.am) «Եկեղեցական կյանք» և այլ հաղորդաշարերին, որպեսզի թե՛ իր և թե՛ իր գործընկերների մոտ փարատվեն այն ստահոդ և անհիմն կարծիքներն ու հերյուրանքները, որոնք սուրճի սեղանի շուրջ և տղամարդուն ոչ վայել խոսակցությունների պատճառով հանրության մեջ հյուսել եք երբեմն հենց դուք, իսկ երբեմն էլ հակաեկեղեցականներն ու աղանդավորները:

Ա. Սիմոնյանը, որը ոչ պետական այրին, ոչ հավատացյալին, նույնիսկ ոչ հավատացյալին անվայել գրառումից հետո իրեն իրավունք է վերապահում խոսել Կաթողիկոսի անձի և հոգևոր նկարագրի մասին, դա դեռ բավական չէ, ցինիկ կերպով նշում է, որ ինքն անձամբ ճանաչում է Վեհափառին և դատողություններ է անում: Ամենայն Հայոց Կաթողիկոսին ճանաչելու համար լավ կլինի նախևառաջ ուսումնասիրեք նրա հոգևոր-եկեղեցական և ազգային գործունեությունը, այլ ոչ թե կարծիք ձևավորեք բառացիորեն սրա-նրա հայտնած կանխակալ խոսքերով: Թույլ տվեք պնդել՝ դուք չեք ճանաչում Վեհափառ Հայրապետին և այլևս չունեք նրան ճանաչելու հնարավորություն:

Դուք, պարոն Սիմոնյան, ցավ ի սիրտ, ձեզ իրավունք եք վերապահում խոսել նաև մի թեմայի շուրջ, որի մասին վստահաբար չունեք բավարար գիտելիքներ: Ձեր մտքի «գոհարները»՝ եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունների և կաթողիկոսական ընտրությունների վերաբերյալ, ի դերև են հանում ձեր բացարձակ անտեղյակությունը ոչ միայն եկեղեցագիտության, այլև՝ Հայոց պատմության բնագավառում: Նախ գոյություն չունեն և չեն էլ ունեցել եկեղեցի-իշխանություն հարաբերություններ: Եկեղեցու համար գոյություն ունի եկեղեցի-պետություն/պետականություն հարաբերություններ, որոնք բոլորովին այլ բնույթ և նշանակություն ունեն: Ցավոք տարիներ շարունակ մի շարք «քաղաքական գործիչներ» միտումնավոր մոլորեցրել են հանրությանը և դիտավորյալ սխալ մեկնաբանություն տալով եկեղեցու և հայրենի իշխանությունների (այդ թվում նախկին և ներկա) հարաբերություններին և գործակցությանը:

Դուք, Ա. Սիմոնյան, համոզված պնդում եք, որ համազգային բառացիորեն միակ կառույցի Առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սիրո, համերաշխության և մարդասիրության մղումով տոգորված դիրքորոշումը քաղաքական միջամտություն է դատական գործընթացին: Փաստորեն ամենևին չեք տարբերվում մեր «բարեկամ» հարևան պետությունների՝ Թուքիայի և Ադրբեջանի պետական հայատյաց մտածողությունից: Օրինակ Թուրքիայում Վեհափառ Հայրապետի Մեծ եղեռնի առնչությամբ արված հայտարարության պատճառով թուրքական իշխանությունները Վեհափառի նկատմամբ հետաքննություն են սկսել թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով: Գուցե հետևեք թուրքական իշխանություններին: Իսկ թե ինչպես են Ադրբեջանում մեկնաբանել գերի ընկած մի շարք հայորդիների գերությունից ազատելու համար Կաթողիկոսի բազմաթիվ միջնորդությունները՝ ուղղված տարբեր միջազգային կառույցների ղեկավարների և հոգևոր պետերի, այդ թվում Ադրբեջանի հոգևոր պետին, թողնում ենք ձեր «հետաքննությանը»:

Դուք խորապես սխալվում եք պարոն Սիմոնյան, Վեհափառ Հայրապետը սիրված և գնահատված է ժողովրդի կողմից. ձեզ սխալ են տեղեկացնում, կամ, որ ավելի հավանական է, դուք ականջալուր եք լինում միայն ձեր շրջապատում գտվող հակաեկեղեցականներին և աղանդավորներին:

Իսկ ինչ վերաբերում է այն շահարկումներին, թե ինչո՞ւ Վեհափառ Հայրապետը նախկինում չի արձագանքել այս կամ այն քաղաքական գործիչների ձերբակալություններին, տեղեկացնենք, որ բավական է նշել այն իրողությունը, որ հենց Գարեգին Բ Հայրապետի օրոք հիմնվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչությունը, որի շուրջ մեկ տասնյակ հոգևորականներ այսօր ևս իրենց հոգեւոր սպասավորությունն են իրականացնում համապատասխան բոլոր հիմնարկներում՝ կալանավորներին հոգևոր գիտելիք ու սնունդ փոխանցելով: Նաև վստահեցնում ենք, որ նույն կառույցի միջոցով Վեհափառ Հայրապետը, ի հարկի, պատկան մարմինների առջև բարձրացնում է կալանավորներին հուզող բազմաթիվ հարցեր:

Թերևս ձեզ հետ կհամաձայնեմ մի հարցում՝ հոգևոր առաջնորդը պետք է լինի համեստ և խոնարհ: Վստահեցնում եմ Վեհափառ Հայրապետն այդպիսին է:

Հ.Գ.

Ոչ մեկից ներողություն չխնդրելու հայտարարությունը վերանայեք: Շուտով առիթ եք ունենալու այն անել:

https://news.am/arm/news/573401.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın