İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայկական կոնյակը օղուց էլ լավ կարող է հաղթահարել «վիրուսային» ճգնաժամը. ռուս փորձագետ

Փորձագետը բացատրեց, թե ինչու Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակի համար ներկայիս ճգնաժամը վտանգավոր չէ։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի –Sputnik, Արամ Գարեգինյան. Կորոնավիրուսի պատճառով առաջացած ներկա ճգնաժամային իրավիճակում ռուսական շուկայում հայկական կոնյակի պահանջարկը նույնիսկ կարող է ավելի կայուն լինել, քան օղունը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի փորձագետ, Ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը։

Ճգնաժամի ժամանակ ռուսաստանցիները (և ոչ միայն նրանք) սովորաբար սկսում են ավելի շատ օղի խմել։ Այդպես է եղել և՛ 1998 թվականին, և՛ 2008–ին, և 2014-15–ին։ Սակայն հիմա ամեն ինչ կարող է մի փոքր այլ կերպ լինել։

Դրոբիզի խոսքով` մարդիկ նստած են տանը, օղի խմելու ընկեր չունեն, դրա համար ներկա ճգնաժամում, ըստ ամենայնի, ավելի պահանջված կլինի գարեջուրը։

«Ինչպես իրենց կդրսևորեն կանայք, դժվար է ասել, սակայն տղամարդիկ ավելի շատ գարեջուր կխմեն։ Գարեջրի տոկոսայնությունը 8 անգամ ցածր է, քան օղունը, այդ պատճառով այն կարելի է խմել առավոտից երեկո` չկորցնելով աշխատունակությունը», – նշեց Դրոբիզը (փորձագետի մեկնաբանությունը գարեջրի կամ ալկոհոլի այլ տեսակների օգտագործման կոչ չի պարունակում – խմբ.)։

Փորձագետի կարծիքով` Ռուսաստանում գինի ավելի շատ կանայք են խմում, սակայն նրանց մի մասը գնային տարբերության պատճառով ևս կարող է անցնել գարեջրի։

Սակայն բոլոր այս փոփոխությունները, նրա խոսքով, կոնյակին չեն առնչվի, որովհետև կոնյակ ավելի շատ գնում են հարազատներին, աշխատակիցներին նվեր տանելու համար։ Ճգնաժամ լինի, թե չէ, մարդիկ շարունակում են նվերներ գնել։ Այդ է պատճառը, որ հայկական կամ որևէ այլ կոնյակի սպառումը, Դրոբիզի կանխատեսմամբ,  առանձնակի չի նվազի նույնիսկ ներկա իրավիճակում։

«Կոնյակի սպառման անկում, որպես կանոն, տեղի չի ունենում նույնիսկ սոցիալ–տնտեսական լուրջ ճգնաժամերի դեպքում», – ընդգծեց նա։

2020 թվականի հունվարից Ռուսաստանում հերթական անգամ բարձրացան թունդ ալկոհոլի մանրածախ գները (այդ թվում օղու և կոնյակի)։ Սակայն դա էլ, փորձագետի խոսքով, հազիվ թե որևէ լուրջ փոխոխության տանի, քանի որ կոնյակը գնում են հատուկ առիթներով, 5-10% գնի բարձրացմանը ոչ ոք չի նայելու։ Ներկա պայմաններում ավելի շուտ նշանակություն կարող է ունենալ տարադրամի փոխարժեքը։ Եթե ռուսաստանցի դիստրիբյուտորները կոնյակ են գնում դոլարով, ապա ռուբլով այն կարող է նկատելիորեն թանկանալ։

«Բայց, ընդհանուր առմամբ, հայկական կոնյակին որևէ բան չի սպառնում։ Կհասնի շուկա` կվաճառվի»,-համոզված է մասնագետը։

Հայկական կոնյակին չի խանգարում նույնիկս այն, որ դրա մի մասն այնքան էլ հայկական չէ։  Մենք արդեն գրել ենք, որ 2019 թվականին Հայաստան ավելի հաճախակի են սկսել կոնյակի սպիրտ ներմուծել, իսկ մինչև «թավշյա հեղափոխությունը» այս պրակտիկան եղել է գրեթե միշտ։

Սակայն Ռուսաստանում այս մասին քչերը գիտեն կամ քչերն են ուշադրություն դարձնում։  Մոտավորապես նման իրավիճակ է աբխազական գինու հետ, որը ստանում են մոլդովական գինու նյութից։ Պատահաբար կամ դիտավորյալ, սակայն լուրջ վերահսկողություն այնտեղ չկա, այդ պատճառով չկան նաև խնդիրներ։

Ինչ վերաբերում է գինուն, ապա Ռուսաստանում հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ռուսական գինիներում օտարերկրյա հումք օգտագործելու արգելքը։ Սակայն կոնյակի վրա այս արգելքը չի տարածվում։ Այդ իսկ պատճառով չի արգելվում նաև հայկական կոնյակի սպիրտի արտահանումը (արդյոք հայկական է այն, թե ոչ՝ ևս այդքան էլ պարզ չէ, ինչի մասին գրված է վերոնշյալ հոդվածում)։

Նշենք, որ Հայաստանը տարեկան ավելի քան 20 մլն լիտր կոնյակ և կոնյակի սպիրտ է արտահանում։ 2019 թվականին արտահանումը կազմեց 24 մլն լիտր (100%–ի հաշվարկով)։ Թեև դրանից պատրաստի կոնյակ արտահանվել է 11 մլն լիտրից մի փոքր ավելի, իսկ սպիրտ՝ 12 մլն։ Արտահանման արժեքը գերազանցել է 250 մլն դոլարը։

https://armeniasputnik.am/economy/20200410/22676865/haykakan-konyaky-oxucel-lav-karoxe-haxtaharel-virusayin-jgnajamy.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın