İçeriğe geçmek için "Enter"a basın

Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին գումար են նվիրաբերել Ստամբուլի ասորական և հունական համայնքները

Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդ Բարդուղիմեոսը և Ստամբուլի ասորական հիմնադրամը միացել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին։ Վերջինս «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավ է սկսել։ 

Պոլսի հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը հայտարարել է, որ պատրիարքարանը և հունական համայնքը դրամահավաքի հաշվեհամարին  300․000 թուրքական լիրա են նվիրաբերել։

Իսկ Ստամբուլի ասորական համայնքը և Ստամբուլի ասորական ուղղափառ եկեղեցին, արշավին միանալով, 100․000 թուրքական լիրա են նվիրաբերել։

Նշենք, որ այդ արշավին միացել էին նաև Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ։ Նրանք 100․000 թուրքական լիրա էին փոխանցել դրամահավաքի հաշվեհամարին։  

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստակապով անցկացրած կառավարության նիստից հետո հայտարարել էր «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք սկսելու մասին:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավի նպատակը պետության կազմակերպած դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարով կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում երկրի նվազ եկամուտ ունեցող բնակիչներին լրացուցիչ օգնություն ցույց տալն է: Ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների նախարարությունը այդ նպատակով արդեն հատուկ հաշվեհամար է բացել:

Էրդողանը նշել էր, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը և իր 7 ամսվա աշխատավարձը փոխանցել էր հաշվեհամարին: Նա կոչ էր արել կառավարության բոլոր անդամներին, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նահանգային կառույցներին, մեջլիսի պատգամավորներին, քաղաքապետարաններին, ինչպես նաև խոշոր գործարարներին ու բարերարներին, մասնակցել դրամահավաքին:

Աղբյուր`  ntv.com.tr

https://www.ermenihaber.am/am/news/2020/04/02/Էրդողան-Թուրքիա-հույն-ասորի/180072

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın