İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի բնակչությունը Առաջին աշխարհամարտի նախօրեին՝ 1914 թվականին

Թաթուլ Հակոբյան

Առաջին աշխարհամարտը (1914-1918թթ․) ամենամեծ աղետն էր հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ: Պատերազմի տարիներին և դրան հաջորդած ժամանակահատվածում՝ մինչև 1921 թվականը, շուրջ 1,5 միլիոն հայեր՝ գերազանցապես արևմտահայությունը, զոհ գնաց, առաջին հերթին՝ Հայոց ցեղասպանությանը:

Համաշխարհային պատերազմի նախօրեին մոլորակի հայության մեծագույն մասը բնակվում էր Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության մնացած մասերում՝ մոտ 2 միլիոն, ևս 1,5 միլիոն հայեր բնակվում էին Անդրկովկասում և նրա մաս կազմող Երևանի նահանգում:

Առաջին աշխարհամարտի նախօրեին Հայաստանի բնակչությունը առաջին անգամ գերազանցեց մեկ միլիոնը՝ կազմելով 1 միլիոն 14 հազար 255 հոգի:

Հայաստան ասելով՝ նկատի ունենք այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերը, որոնք 1914-ին հիմնականում ընդգրկված էին Երևանի, Թիֆլիսի ու Ելիզավետպոլի նահանգների մի մասում, Կարսի մարզի Աղբաբայի, այսօր՝ Ամասիայի շրջանում:

Ռուսաստանում, այդ թվում՝ Արևելյան Հայաստանում, 1914 թվականին աշխարհագիր կամ բնակչության հաշվառում չի անցկացվել:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանը իր «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային  աշխատության մեջ ներկայացրել է նաև 1914 թվականի տվյալները՝ օգտվելով Կովկասյան օրացույցի՝ Кавказский календарь, ցուցակներից: 1914 թվականի հաշվառման համար Կորկոտյանը թեև բնակչության հստակ ազգային կազմի պատկերը չի տալիս, սակայն կից սյունակով ներկայացնում է յուրաքանչյուր բնակավայրի գլխավոր ազգությունը:  

1914 թվականին Հայաստանի խոշորագույն բնակավայրը շարունակում էր մնալ Ալեքսանդրապոլը՝ այսօրվա Գյումրին՝ 51 316 հոգի:

Մեծությամբ երկրորդ բնակավայրը Երևանի նահանգային կենտրոն Երևան քաղաքն էր՝ 29 766 բնակիչներով:

Այսպիսով, 1914-ին Ալեքսանդրապոլը 20 հազարով ավելի բնակչություն ուներ, քան Երևանը, կամ գրեթե կրկնակի: Ուշագրավ է մեկ այլ իրողություն, որի բացատրությունը այս գրության մեջ դժվարանում եմ տալ: 1897 թվականին անցկացված՝ ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարի համաձայն, այդ թվականից մինչև 1914-ը Երևանի բնակչությունը ավելացել էր ընդամենը 760 մարդով: Սա շատ փոքր աճ է 17 տարիների համար: Հակառակը, այս նույն ժամանակահատվածում Ալեքսանդրապոլը աճել էր գրեթե 21 հազարով՝ դառնալով ծաղկուն քաղաք իր քաղաքային մշակույթով, կրթական հաստատություններով, արհեստներով ու ռուսական կլասիցիզմին յուրահատուկ քաղաքային ճարտարապետությամբ:

Հայաստանում մեծությամբ երրորդ քաղաքը շարունակում էր մնալ Նոր Բայազետը՝ այսօրվա Գավառը՝ 12 630 բնակիչներով:

Չորրորդ խոշոր բնակավայրը Խնձորեսկ գյուղն էր՝ 8 335 հոգի:

Այս շրջանում սկսվում է Գորիս քաղաքի վերելքը: Գորիսը Ելիզավետպոլ նահանգի Զանգեզուր գավառի կենտրոնն էր և ստացել էր քաղաքի կարգավիճակ ցարական իշխանությունների կողմից: 1914-ին Գորիսն ուներ 7 297 բնակիչ և Հայաստանի՝ մեծությամբ հինգերորդ բնակավայրն էր:

Վեցերորդ բնակավայրը Ղարաքիլիսա կամ Մեծ Ղարաքիլիսա գյուղն էր՝ այսօրվա Վանաձորը՝ 6 671 հոգի:

Վաղարշապատը կամ Մայր Աթոռը, որ այսօր հաճախ անվանվում է Էջմիածին, ուներ 5 755 բնակիչ:

Մեծությամբ ութերորդ բնակավայրը Աշտարակն էր՝ 4 867 հոգի, իններորդը՝ Ղարաքիլիսան, այսօրվա Ազատան գյուղը Գյումրիի հարևանությամբ՝ 4 722 հոգի, տասներորդը՝ Սարուխան գյուղը Սևանի ավազանում՝ 4 308 հոգի:

1914 թվականի տվյալներով՝ 4000-ից ավելի բնակավայր ունեցող ևս մեկ գյուղ կար Հայաստանում՝ Իջևանը, այն ժամանակ՝ Քարվանսարա՝ 4 135 հոգի:

3000 և ավելի բնակչություն ունեցող գյուղերի թիվը Հայաստանում 1914-ին մի քանի տասնյակ էր: Նշենք մի քանիսը՝ Տեղը Գորիսի շրջանում, Վարդենիկը (այն ժամանակ՝ Գյոզալդարա) Սևանի ավազանում, Օձունը (Ուզունլար), Կողբը և Բարանան (այսօր՝ Նոյեմբերյան) Լոռու հատվածում, Այգեհովիտը (Ուզունթալա) Իջևանի շրջանում, Արթիկը, Օշականը և բազմաթիվ այլ գյուղեր: 

https://www.civilnet.am/news/2020/03/25/Հայաստանի-բնակչությունը-Առաջին-աշխարհամարտի-նախօրեին՝-1914-թվականին/379856

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın