İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի բնակչությունը 1908-ին մոտենում է 1 միլիոնի

Թաթուլ Հակոբյան

Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումները՝

Հայաստանի բնակչությունը 1897-ին. ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարը

Հայաստանի բնակչությունը 1886-ին

Հայաստանի բնակչությունը 1873-ին

Հայաստանի բնակչությունը 1831-ին. 10 ամենամեծ բնակավայրերը

․․․

1908 թվականին Հայաստանի բնակչությունը մոտենում է 1 միլիոնի: Հայաստան ասելով նկատի ենք ունենում այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերը, որոնք 1908-ին հիմնականում ընդգրկված էին Երևանի, Թիֆլիսի ու Ելիզավետպոլի նահանգների մի մասում, Կարսի մարզի Աղբաբայի, այսօր՝ Ամասիայի շրջանում: 

Հայկական մարզի (1828-1840) ստեղծումից և Արևելյան Հայաստանի ՝ Ռուսաստանին միացվելուց 80 տարի անց բնակչությունը հասավ գրեթե 1 միլիոնի: Ամենամեծ ազգությունը հայերն էին, ապա գալիս էին մուսուլմանները՝ հիմնականում կովկասյան թաթարներ, այսօրվա ադրբեջանցիներ, քրդեր, պարսիկներ և օսմանյան թուրքեր: Այս նույն շրջանում՝ 1908-ին, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում հայերի թիվը մոտենում էր 2 միլիոնին:

Այս շարքի մեր նախորդ 4 հրապարակումներում՝ 1831, 1873, 1886 և 1897 թվականների մարդահամարներին անդրադառնալիս, մենք չենք տվել Հայաստանի բնակչության աճի տեմպն ու ազգությունների համամասնությունը:

Այսպես, 1831 թվականին Հայաստանի բնակչության թիվը կազմել է 161. 747 մարդ, որից հայերը 110.671, թուրքական խումբը՝ 50.274, այլք՝ 802 հոգի: Թուրքական խումբը գերազանցապես կովկասյան թաթարներն էին:

Չորս տասնամյակ անց՝ 1873 թվականի մարդահամարի տվյալներով, Հայաստանի բնակչությունը գրեթե եռապատկվել էր: Ընդհանուր 496.140 բնակիչներից հայեր էին 329.266-ը, թուրքական խումբ՝ 132.125-ը, այլք՝ 34.749:

1886 թվականին Հայաստանի բնակչության թիվը հասավ 635.833 հոգու, որից հայերը՝ 430.865, թուրքական խումբը՝ 160.963, այլք՝ 44.005 հոգի:

1897 թվականին անցկացված ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարի տվյալներով, Հայաստանի բնակչության թիվը 797.853 էր, որից հայերը կազմում էին 510.855, թուրքական խումբը՝ 240.323, մյուսները՝ 46.675 հոգի:

Ռուսաստանում, այդ թվում՝ Արևելյան Հայաստանում, 1908 թվականին աշխարհագիր կամ բնակչության հաշվառում անց չի կացվել: 

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանը իր «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային  աշխատության մեջ ներկայացրել է նաև 1908 թվականի տվյալները, օգտվելով 1910 թվականին լույս տեսած Памятная книжка Эриванской губернии և Памятная книжка Елизаветопольской губернии գրքերում տպագրված գյուղացուցակներից, ինչպես նաև 1909 թվականի Կովկասյան օրացույցի՝ Кавказский календарь, ցուցակներից: 1908 թվականի հաշվառման համար Կորկոտյանը բնակչության ազգային պատկերը չի տալիս:

Հայաստանի ամենամեծ բնակավայրը շարունակում էր մնալ Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին 32.901 բնակիչներով: 

Երևանի բնակչության թիվը 30.670 էր: Թեև նահանգի կենտրոնը Երևան էր, սակայն բնակչության թվով շարունակում էր զիջել Ալեքսանդրապոլին:  

Հայաստանում երրորդ խոշոր բնակավայրը Նոյ Բայազետն էր՝ այօրվա Գավառը 9.872 բնակիչներով:

Չորրորդը Խնձորեսկն էր՝ 7.059 հոգի: 

Աշտարակը հինգերորդն էր 4.000 բնակիչներով:

1908 թվականին Հայաստանում երեք հազարից ավելի բնակչություն ունեցող 17 բնակավայր կար:

Մեծությամբ վեցերորդը Ղարաքիլիսան էր կամ Մեծ Ղարաքիլիսան, այսօրվա Վանաձորը՝ 3.865 հոգի:

Յոթերորդը Ռնդամալ գյուղն է 3.769 բնակիչներով: Ռնդամալը հետագայում վերանվանվեց Ջրառատ, իսկ այսօր Հրազդան քաղաքի մասերից է: 

Գյումրիի հարևանությամբ գտնվող Ազատանը, այն ժամանակ Ղարաքիլիսա անունով, ութերորդն էր և ուներ 3.704 բնակիչ:

Իններորդը Գավառի շրջանի Սարուխան գյուղն էր 3.648 բնակիչներով:

Եվ վերջապես տասներորդ խոշոր բնակավայրը Իջևանի շրջանի Այգեհովիտ, այն ժամանակ Ուզունթալա գյուղն էր 3.555 բնակինրենով: Այս շրջանում Իջևանը, այն ժամանակ Քարվանսարա անունով գյուղն ուներ 3.074 բնակիչ: 

Ներկայացնենք նաև 1908 թվականի տվյալներով 3000-ից ավելի բնակչություն ունեցող մյուս գյուղերը՝ փակագծերում՝ նախկին անուններով, որոնցից մի քանիսը այսօր ունեն քաղաքի կարգավիճակ. Ներքին Գետաշեն (Գյուզալդարա)՝ 3.554, Սպիտակ (Համամլու)՝ 3.542, Սևքար՝ 3.480, Օձուն (Ուզունլար)՝ 3.370, Տաշիր (Վորոնցովկա, Կալինինո)՝ 3.325, Ալավերդի՝ 3.250, Արթիկ՝ 3.215, Վաղարշապատ՝ 3.203, Ճամբարակ (Կարմիր գյուղ, Կրասնոսելսկ)՝ 3.190, Մասիս (Նարիմանլու, Զանգիբասար)՝ 3.171, Տեղ՝ 3.100 հոգի:

Առաջին աշխարհամարտի՝ 1914-ի նախօրեին, Հայաստանի բնակչությունը անցավ 1 միլիոնից:

Լուսանկարում՝ Շիրակավան, եկեղեցու հարավային դուռը, լուսանկարիչ՝ Թորոս Թորամանյան

https://www.civilnet.am/news/2020/03/24/Հայաստանի-բնակչությունը-1908-ին-մոտենում-է-1-միլիոնի/379646

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın