İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի բնակչությունը 1897-ին. ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարը

Թաթուլ Հակոբյան

Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումները՝

Հայաստանի բնակչությունը 1831 թվականին. 10 ամենամեծ բնակավայրերը

Հայաստանի բնակչությունը 1873 թվականին

Հայաստանի բնակչությունը 1886-ին

․․․

Ռոմանովների գահակալության 300 տարիների ընթացքում (1613-1917) մարդահամար միայն մեկ անգամ է անց կացվել՝ 1897 թվականին: Մինչ այս թվականը ցարական Ռուսաստանում անց են կացվել 10 աշխարհագրեր, որոնցից առաջինը 1719-ին, վերջինը՝ 1886-ին:

Հայաստանը՝ Հայկական մարզը և դրան հաջորդած Երևանի նահանգը, Ռուսաստանի կազմի մեջ եղել են շուրջ 90 տարի՝ 1827-ից մինչև 1918 թվականը, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը:

Ի՞նչ փոփոխություններ էին տեղի ունեցել Երևանի նահանգում և Անդրկովկասում, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի կյանքում ցարական Ռուսաստանի առաջին մարդահամարին նախորդող 10 տարիների ընթացքում:

Հայերի համար նշանակալից էր ռուսական բանակի կողմից Կարսի և Արդահանի գրավումը: Կարսը և Անին եղել էին Բագրատուների հայկական թագավորության մայրաքաղաքը 10-11-րդ դարերում: Անդրկովկասի հայերը ազատված էին ռազմական ծառայությունից, սակայն երբ սկսվեց 1877 թվականի ռուս-թուրքական պատերազմը, բազմաթիվ հայեր կամավորության սկզբունքով կռվեցին ռուսական բանակի կազմում ընդդեմ թուրքերի, որպեսզի ազատագրեն պատմական մայրաքաղաքները՝ Կարսը և Անին: Հենց այս շրջանում էր, որ անհատ հայերն ու ձևավորվող հայկական կազմակերպությունները սկսեցին մտածել միացյալ Հայաստանի մասին, որը պետք է գտնվեր ռուսական հովանավորության ներքո:

Ռուսների հանդեպ դրական վերաբերմունքը փոխվեց այն բանից հետո, երբ Ալեքսանդր Երրորդ ցարի թիրախում հայտնվեցին կայսրության ոչ ռուս ազգությունները, այդ թվում՝ հայերը: 1884թ. փետրվարի 16-ին Ալեքսանդր 3-րդ ցարը հաստատեց «Հայ լուսավորչական եկեղեցական ուսումնարանների մասին կանոնը», որը թույլ չէր տալիս տարրականից բարձր հայկական դպրոցների գործունեությունը: Հայկական դպրոցների մեծ մասն անցան ռուսերենով ուսուցմանը:

Այս ժամանակաշրջանը համընկավ հայ քաղաքական կազմակերպությունների ձևավորման հետ: Վեց-յոթ տարիների ընթացքում հիմնադրվեցին երեք հայկական կուսակցությունները՝ Արմենականը Վանում 1885-ին, Հնչակյանը՝ Ժնևում 1887-ին և Դաշնակցությունը Թիֆլիսում 1990-ին: Թեև երեքն էլ ձևավորվեցին Երևանի նահանգից դուրս, սակայն նրանց ազդեցությունը արևելահայ քաղաքական կյանքի վրա զգալի էր:

Օսմանյան կայսրության և Արևմտյան Հայաստանում 1894-1896 թվականներին կազմակերպվեցին հայկական ջարդեր: Սա Հայկական հարցի բարձրացման համար Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի պատասխանն էր:

Մարքսիստ Հնչակյանները 1890-ական թվականներից սկսած Արևմտյան, ապա նաև Արևելայան Հայաստանը պատկերացնում էին անկախ, իսկ սոցիալիստ և ազգայնական Դաշնակցությունը մինչև Առաջին աշխարհամարտ պաշտպանում էր Արևմտյան Հայաստանի ինքնավարությունը Օսմանյան կայսրության կազմում:

1897 թվականի հունվարի 28-ին կատարվեց Համառուսական առաջին մարդահամարը, որը տվեց կայսրության ամբողջ տարածքում առկա բնակչության թվաքանակը:

19-րդ դարավերջին սկսվում է Երևանի ընդլայնումը: 1897 թվականի մարդահամարի տվյալներով, թեև Ալեքսանդրապոլը (այսօր՝ Գյումրի) շարունակում էր մնալ Երևանի նահանգի ամենամեծ ու հայաշատ քաղաքը, սակայն Երևանը սկսել էր մոտենալ Ալեքսանդրապոլին:

1897 թվականի մարդահամարը ուշագրավ է նրանով, որ ոչ թե ազգությունն էր նշվում, այլ կրոնը: Հայաստանի դեպքում առանձնացվել են հետևյալ կրոնական խմբերը՝ հայ լուսավորչական և հայ կաթոլիկներ, ընդ որում, նրանք ներառվել են նույն խմբում, իսլամ (սուննի և շիա), պրավոսլավ, այսինքն՝ ուղղափառ (ռուս, վրացի, հույն) և այլ: Այս վերջին խմբում ներառված են բողոքականները, աղանդավորները, եզդիները:

Ալեքսանդրապոլի 30.616 բնակիչներից հայեր էին՝ լուսավորչական կամ կաթոլիկ, 21.763-ը: 5.408-ը ուղղափառներ էին, 2.182-ը՝ այլ, 1.263-ը՝ իսլամ:

Երևանի 29.006 բնակիչներից 12.529-ը հայեր էին, 12.216-ը՝ իսլամ, 2.929-ը՝ ուղղափառ, 1.032-ը՝ այլ:

Մեծությամբ երրորդ քաղաքը շարունակում էր մնալ Նոր Բայազետը, այսօրվա Գավառը: 8.486 բնակիչներից հայեր էին 8.087-ը, 283՝ իսլամ, 65՝ ուղղափառ և 51՝ այլ:

Վաղարշապատը մեծությամբ չորրորդն էր 4.789 բնակիչներով, որոնցից հայեր էին 4.561-ը, 156-ը՝ ուղղափառ, 53-ը՝ իսլամ, 19-ը՝ այլ:

Հինգերորդը Խնձորեսկն էր 4.516 բնակիչներով, բոլորը՝ հայեր:

Այս շրջանում սկսվում է այսօրվա Վանաձորի, այն ժամանակ՝ Մեծ կամ պարզապես Ղարաքիլիսայի ընդարձակումը: 1897-ին այս գյուղն ուներ 3.917 բնակիչ, որից 217-ը՝ ուղղափառ, 98-ը՝ այլ, 57-ը՝ իսլամ:

Յոթերորդը Աշտարակն էր 3.561 բնակիչներով, որոնցից 3.515-ը՝ հայեր, 27-ը՝ իսլամ, 16-ը՝ ուղղափառ և 3-ը՝ այլ:

Մեծությամբ ութերորդը մյուս Ղարաքիլիսան էր, այսօրվա Ազատանը Գյումրիի հարևանությամբ: Գյուղի 3.468 բնակիչներից հայեր էին 3.379-ը, ուղղափառ՝ 66-ը, այլ՝ 21-ը և իսլամ՝ 2-ը:

Իններորդը Դավալուն էր, այսօրվա Արարատը: Գյուղի 3.367 բնակիչներից հայեր էին 2.559-ը, իսլամ՝ 686-ը, ուղղափառ՝ 114-ը և այլ՝ 8-ը:

Եվ վերջապես մեծությամբ տասներորդ բնակավայրը Վորոնցովկան էր, այսօրվա Տաշիրը, որ խորհրդային ժամանակներում կրում էր Կալինինո անունը: 3.076 բնակիչներից իսլամ էր 31 հոգի, հայ՝ 53, ուղղափառ, այս դեպքում՝ ռուսներ՝ 691-ը, իսկ բնակչության մեծամասնությունը կազմում էին մոլոկանները, որոնք դասվում էին աղանդավորների շարքին՝ 2.301 հոգի: 

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ պատկեր Վանաձորից (նախկինում՝ Ղարաքիլիսա, ապա Կիրովական)

https://www.civilnet.am/news/2020/03/22/Հայաստանի-բնակչությունը-1897-ին-ցարական-Ռուսաստանի-առաջին-և-վերջին-մարդահամարը/379415

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın