İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի բնակչությունը 1873 թվականին

Թաթուլ Հակոբյան

Հայաստանում կանոնակարգված ձևով մարդահամար՝ աշխարհագիր կամ բնակչության հաշվառում 1831 թվականից հետո անց է կացվել 1873 թվականին՝ 42 տարի անց:

Ի՞նչ փոփոխություններ էին կատարվել Հայաստանում այս չորս տասնամյակների ընթացքում:

Ամենակարևորը մշակութային փոփոխությունն էր. հարյուրամյակներ պարսկական տիրապետության տակ գտնվելուց հետո հայերը հայտնվեցին ռուսական տիրապետության տակ: Թեև հայ առևտրականները ռուսների հետ կապեր էին ունեցել Կիևյան Ռուսիայի հիմնադրումից ի վեր մի քանի դար շարունակ, սակայն ժողովրդի համար ռուսական ներկայությունը մշակութային, սոցիալական ու աշխարհայացքային նորություն էր:

Մի քանի դար տևած պարսկական ազդեցությանը՝ լեզու, մշակույթ, կրոն, սովորություններ, փոխարինեց ռուսականը: Փոխվեցին նաև պաշտոնյաները: Մահմեդական և պարսկախոս ու թրքախոս ղաջարիներին փոխարինեցին ռուսախոս, ուղղափառ քրիստոնյաները: Ռուսական ընդարձակումը դեպի Անդրկովկաս և պարսիկների նահանջը Արաքսի աջ ափ Հայաստանի հետագա անկախության ճանապարհին ունեցավ կարևոր նշանակություն: Օսմանյան կայսրության և Պարսկաստանի հայերի մեծամասնության համար Ռոմանովների Ռուսաստանը համարվում էր առաջադեմ քաղաքակրթություն կրող պետություն:

Ճիշտ է նաև, որ սկզբնական շրջանում, երբ Երևանն ու Նախիջևանը պարսիկներից անցան ռուսներին, հայերի կյանքում շատ բան չփոխվեց, քանի որ ռուս պաշտոնյաները, անծանոթ լինելով տարածաշրջանին, մեծապես վստահում էին մուսուլման պաշտոնյաներին ու հողատերերին: Հայերի կյանքը անգամ վատթարացել էր, առևտուրն անկում էր ապրել, ավելացել էին հարկերը, ինչը ստիպել էր որոշ հայերի մեկնել Պարսկաստան, գրում է այս շրջանի գիտակ հայ լավագույն պատմաբաններից Ջորջ Բուռնությանը:

1828-ին, երբ Անդրկովկասը ամբողջապես միացվեց Ռուսաստանին, այն բաժանվեց երեք վարչական միավորների՝ Վրացական մարզ, Կասպյան մարզ, Հայկական մարզ (1828-1840թթ․), որը ռուսերենով հայտնի է Армянская область անունով:

1840-ին ցարական Ռուսաստանը վարչական նոր բաժանում կատարեց: Հայկական մարզ անվանումը վիրավորական դարձավ ռուսական ազգայնականության համար: Նրանք լուծարեցին Հայկական մարզը և միացրեցին նորաստեղծ Վրաց-իմերեթական նահանգի հետ:

Նիկոլայ Առաջին ցարը 1844-ին Կովկասի փոխարքա նշանակեց կոմս Միխայիլ Վորոնցովին, որը հաջորդ տարվա գարնանը հասավ Թիֆլիս: Իր կառավարման 10 տարիների ընթացքում նա փորձեց բարեկամացնել Անդրկովկասի հիմնական երեք ժողովուրդներին՝ հայերին, վրացիներին և մահմեդականներին (այսօր՝ ադրբեջանցիներ):

Կոմս Վորոնցովը հայերի համակրանքը շահելու նպատակով 1849-ին Թիֆլիսի նահանգից առանձնացվեց և ստեղծվեց Երևանի նահանգը, որը, նախկին Հայկական մարզի տարածքից բացի, իր մեջ ներառեց նաև Ալեքսանդրապոլի գավառը: Սյունիքն ու Արցախը շարունակեցին մնալ Շամախի նահանգի, իսկ այսօրվա Լոռու ու Տավուշի մարզերը՝ Թիֆլիսի նահանգի կազմում:

Ռուսաստանը 1868-ին Անդրկովկասը ենթարկեց վարչական նոր բաժանման: Շամախիի նահանգը, որ 1862-ին վերանվանվել էր Բաքվի նահանգ, կիսվեց Ելիզավետպոլի և Բաքվի նահանգների: Ելիզավետպոլի նահանգին կցվեցին շրջաններ Թիֆլիսի և Երևանի նահանգներից: Այդ նույն թվականին Լոռու շրջանը Երևանի նահանգից միացվեց Թիֆլիսի նահանգին: Սյունիքն ու Արցախը մնացին Ելիզավետպոլի նահանգի մաս: Մինչև 1878 թվականը Անդրկովկասում գոյություն ունեին վեց նահանգներ՝ Քութայիսի, Թիֆլիսի, Դաղստանի, Բաքվի, Ելիզավետպոլի և Երևանի: 

1870-ականների սկզբներին Երևանի նահանգում բնակչության թիվը արդեն անցնում էր կես միլիոնից, որտեղ հայերը կազմում էին մեծամասնության: Հայերը հսկայական թիվ էին կազմում Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահանգներում:

1873 թվականին անցկացվեց բնակչության հաշվառում: Եթե 1831-ին Հայաստանի ամենամեծ բնակավայրը Երևանն էր, ապա 1873-ին առաջին տեղում Ալեքսանդրապոլն էր՝ Գյումրին: Ռուսական կայսրության համար Ալեքսանդրապոլն ուներ կարևորագույն նշանակություն դեպի Կարս և Օսմանյան կայսրություն արշավելու ճանապարհին: Ալեքսանդրապոլը դարձավ ռազմական կարևոր հենակետ: Քաղաքը շինարարական վերելք էր ապրում. այս և հետագա տասնամյակներին էր, որ կառուցվեց Ալեքսանդրապոլը, որի ականատեսն ենք նաև այսօր:

1873-ին Գյումրին գրեթե երկու անգամ ավելի բնակչությամբ գերազանցում էր Երևանին:  Այն ուներ 19 976 բնակիչ, որից 19 129-ը՝ հայեր, 604-ը՝ թաթարներ, իմա՝ ադրբեջանցիներ, 243-ը՝ այլազգիներ: Ինչպես նկատում ենք, Գյումրին ավելի քան 95 տոկոսով հայկական քաղաք էր:

Երևանի բնակչությունը չորս տասնամյակների ընթացքում շատ քիչ էր աճել, սակայն տեղի էր ունեցել ազգային կազմի զգալի փոփոխություն: Եթե 1831-ին Երևանն ուներ 11 920 բնակչություն, որից 7331-ը՝ մուսուլման (պարսիկ, քուրդ, թաթար, թուրք), 4484-ը՝ հայ, ապա 1873-ին քաղաքն ուներ 11 938 բնակիչ, որից 5 959-ը հայեր, 5 805-ը՝ թաթարներ:

Մեծությամբ երրորդ բնակավայր էր դարձել Նոր Բայազետը, այսօրվա Գավառը 5 363 բնակչությամբ, բոլորը՝ հայեր:

Չորրորդ տեղում Խնձորեսկ գյուն էր 3.369 բնակիչներով, բոլորը՝ հայեր:

Հինգերորդը Նարիմանլուն էր, այսօրվա Մասիս քաղաքը 2 968 բնակիչներով, բոլորը՝ թաթար: Այսպիսով, Երևանից հետո ամենամեծ բնակչություն ունեցող թաթարական բնակավայրը Նարիմանլուն էր:

Վաղարշապատը վեցերորդն էր 2 787 բնակիչներով, բոլորը՝ հայեր:

Այս շրջանում Հայաստանում զարգանում էր մի նոր բնակավայր՝ Գորիսը: Համանուն գյուղի հարևանությամբ այն հիմնադրվել է 1870-ին՝ որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ Արդեն 1873-ին Գորիսն ուներ 2 570 բնակիչ, որոնցից միայն 16-ն էին, որ հայ չէին:

Մեծությամբ ութերորդ բնակավայրը Աշտարակն էր 2 515 հայ բնակիչներով, որին հաջորդում էին Արթիկը՝ 2 359 և Զանգեզուրի Տեղը՝ 2 285, բոլորը հայեր:

Հայաստանում հաջորդ մարդահամարը անց կացվեց 1886 թվականին: 

Հայաստանի բնակչությունը 1831 թվականին. 10 ամենամեծ բնակավայրերը

https://www.civilnet.am/news/2020/03/19/Հայաստանի-բնակչությունը-1873-թվականին/379028

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: