İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի բնակչությունը 1831 թվականին. 10 ամենամեծ բնակավայրերը

Թաթուլ Հակոբյան

Հայաստանում համակարգված ձևով մարդահամար, ավելի ճիշտ՝ բնակչության հաշվառում կամ աշխարհագիր, առաջին անգամ անց է կացվել 1829 թվականի ապրիլից մինչև 1832 մայիս: Այն կատարել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբան, ֆրանսիական ծագումով ռուս Իվան Շոպենը:

Այսօր հայ որոշ պատմաբաններ կասկածի տակ են դնում Շոպենի ներկայացրած տվյալները, սակայն չկան ավելի հավաստի այլ տեղեկություններ: Ըստ էության, այսօրվա Հայաստանի տարածքում առաջին անգամ բնակչության հաշվառում՝ բնակավայր առ բնակավայր, կատարվել է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը Պարսկաստանից գրավել է Անդրկովկասը, այդ թվում՝ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը:

Այսօրվա Հայաստանի Հանրապետության շրջանները Ռուսաստանին միացվել են մոտ 30 տարվա ընթացքում, քանի որ Ռուսաստանը Անդրկովկասը Պարսկաստանից գրավել է 1801-ից մինչև 1828 թվականներն ընկած տարիներին, իսկ նշյալ ժամանակահատվածում հայկական շրջանները բաժանված էին տարբեր խանությունների միջև:

Այսպիսով, երբ ասում ենք Հայաստանի բնակչությունը 1831 թվականին, ապա նկատի ունենք այսօրվա 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքում գտնվող բնակավայրերը:

Նախ հասկանանք, թե որ թվականներին են հայկական շրջանները միացվել Ռուսաստանին:

1801-ին, երբ ռուսները գրավեցին կամ իրենց միացրեցին այսօրվա Վրաստանը, այն ժամանակ վրացական շրջանների մեջ էին մտնում այսօրվա Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզն ամբողջությամբ, այն է՝ Բերդի, Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանները, Լոռու մարզն ամբողջությամբ՝ Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի և Վանաձորի տարածաշրջանները, Շիրակի մարզը գրեթե ամբողջությամբ (բացառությամբ Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանների մի մասի և Ամասիայի, որը Աղբաբա անունով Կարսի մարզի մեջ էր և Ռուսաստանին միացվեց 1878 թվականին) և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի մի հատվածը:

1813 թվականի հոկտեմբերի 12-ի Գյուլիստանի պայմանագրով Պարսկատանից Ռուսաստանին անցան մի քանի խանություններ, այդ թվում՝ Ղարաբաղը, որի մեջ էին մտնում այսօրվա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածաշրջանները՝ Մեղրի, Կապան, Գորիս և Սիսիան:

1828 թվականի փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանից Ռուսաստանին անցան Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնց տարածքում էլ ձևավորվեց Հայկական մարզը՝ Армянская область (1828-1840 թթ): Պատմությունը ցույց է տալիս, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության հիմքը հենց Հայկական մարզը պետք է դառնար, երբ հարյուրամյակներ անց՝ 1918-ին, հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը:

Այսպիսով, եթե 1801 թվին այսօրվա Տավուշի մարզի ամենամեծ բնակավայրը՝ Կողբ գյուղը Ռոմանովների Ռուսաստանի կազմում էր, ապա մայրաքաղաք Երևանը միայն 26 տարի անց՝ 1827-ի հոկտեմբերի 1-ին անցավ ռուսներին, երբ նրանք պարսիկներից գրավեցին այն՝ ստիպելով Երևանի վերջին խան Հոսեյն Ղոլի Խան Ղաջարին, ով կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին, հեռանալ ապագա Հայաստանի մայրաքաղաքից:

Հայկական մարզը ներառում էր այսօրվա Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետության շրջանները՝ Օրդուբադից Շարուր, այսօրվա Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի (բացառությամբ Ապարանի մի հատվածի) և Կոտայքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Թուրքիայի կազմում գտնվող Իգդիրի շրջանը՝ Սուրմալուն:

Հայկական մարզն ուներ շուրջ 20 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 120 հազար բնակչություն՝ հայեր, մուսուլմաններ (պարսիկներ, քրդեր, թաթարներ, թուրքեր), ռուսներ: Հայկական մարզի բնակչությունը արդեն 1830-ին անցավ 160 հազարից՝ շնորհիվ Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից հայերի ներգաղթի ու բնական աճի:

1930-ական թվականների սկզբին հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանը տառապալից կամ ինչպես ինքն է գրում՝ «դժոխային աշխատանքի» արդյունքում հրապարակեց «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային  աշխատությունը, որն ունեցել է միայն մեկ հրատարակություն՝ 1933-ին, ընդամենը 600 օրինակ տպաքանակով:

Հենց այդ աշխատությունից օգտվելով՝ մենք այս և առաջիկա հրապարակումներում, առանձին առանձին կներկայացնենք Հայաստանի բնակչության թվաքանակը 1831, 1873, 1886, 1897 (ցարական Ռուսաստանի առաջին և միակ մարդահամար), 1908, 1914, 1916, 1919 (Հայաստանի Հանրապետության շրջան), 1922 (Խորհրդային Հայաստանի շրջան), 1926 (ԽՍՀՄ առաջին մարդահամար) և 1931 թվականներին: Այսինքն, կներկայացնենք 11 հրապարակում, միաժամանակ անդրադառնալով նաև Արևելյան Հայաստանի վարչական բաժանումներին 1828-ից 1918 թվականներն ընգրկող ժամանակահատվածում:

1831 թվականի մարդահամարը (այս դեպքում ճիշտ է ասել՝ բնակչության հաշվառումը կամ աշխարհագիրը) կազմելու ընթացքում Կորկոտյանը օգտվել է Իվան Շոպենի Армянская область ակադեմիական մրցանակի արժանացած տպագիր մեծ աշխատությունից, Երևանի ու Թիֆլիսի պետական արխիվներում եղած ձեռագիր հատորներից, արխիվային բազմաթիվ այլ նյութերից: 1831-ը պայմանական թվական է, որպես աշխարհագրի կատարման ամենածավալուն շրջանը, չմոռանալով, որ այն սկսվել է 1829 թվին և տևել մինչև 1834-ը:

Կորկոտյանը մեկ առ մեկ տալիս է Հայաստանի բոլոր բնակավայրերի անունները, դրանց հին անվանումները, ծովի մակերևույթից բարձրությունը, բնակչության թվաքանակը և ազգային, երբեմն՝ կրոնական կազմը:

Ի՞նչ պատկեր է ներկայացնում իրենից 1831-ի բնակչությունը:

  • Ամենամեծ բնակավայրը Երևանն էր 11 920 հոգի բնակչությամբ, որից 7331-ը՝ մուսուլման (պարսիկ, քուրդ, թաթար, թուրք), 4484-ը՝ հայ, 105-ը՝ այլ ազգություններ:

Մեծությամբ երկրորդ քաղաքը այսօրվա Գյումրին էր, այն ժամանակ Կումայրի՝ 3444 հոգի, որից 3194-ը՝ հայ, 250-ը՝ մուսուլման:

Երրորդը Վաղարշապատն էր 2175 բնակչությամբ, բոլորը՝ հայեր:

Չորրորդը նրա հարևանությամբ գտնվող Նարիմանլու, հետագայում՝ Զանգիբասար, այսօր Մասիս քաղաքն էր 1737 բնակչությամբ, բոլորը՝ մուսուլման:

Մեծությամբ հինգերորդ բնակավայրը Սարդարապատն էր 1487 բնակիչներով, բոլորը՝ հայ:

Վեցերորդը Գյումրիի հարևան Ղարաքիլիսա գյուղն էր, այսօրվա Ազատանը 1450 հոգի բնակչությամբ, բոլորը՝ հայեր:

Գավառը, այն օրերին Նոր Բայազետ անունով գյուղը, ուներ 1346 բնակչություն, բոլորը՝ հայ:

Զանգեզուրի Խնձորեսկ գյուղն ուներ 1342 բնակչություն, որից 1322-ը՝ հայ, 20-ը՝ մուսուլման: Ինչպես նկատում եք, Խնձորեսկը այսօրվա Սյունիքի ամենամեծ բնակավայրն էր: Հետագայում էր, որ բազմամարդ դարձան նախ Գորիսը՝ ցարական շրջանում, ապա խորհրդային տարիներին՝ Կապանը:

Մեծությամբ իններորդ բնակավայրը Բոյուք Վեդին էր, այսօրվա Վեդին, որն ուներ 1244 բնակչություն, որից 445-ը՝ հայ, 799-ը՝ մուսուլման:

Եվ վերջապես, 1831թ տվյալներով Հայաստանի 10-րդ ամենամեծ բնակավայրը Ղալաչա գյուղն էր այսօրվա Տավուշի մարզում՝ մեր օրերի Բերդավան գյուղը հայ-ադրբեջանական սահմանին 1078 բնակիչներով, բոլորը՝ հայ:

 Այսպիսին էր Հայաստանի բնակչության պատկերը մոտ 200 տարի առաջ՝ 1831-ին:

Մեր հաջորդ հրապարակումը նվիրված կլինի 1873 թվականի մարդահամարին՝ բնակչության հաշվառմանը:

https://www.civilnet.am/news/2020/03/18/Հայաստանի-բնակչությունը-1831-թվականին-10-ամենամեծ-բնակավայրերը/378906

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın