İçeriğe geçmek için "Enter"a basın

Մեր պատմության կորոնավիրուսը. բծավոր տիֆը և սովը Հայաստանում 1918-1919 թթ․

Թաթուլ Հակոբյան

1918-ի դեկտեմբերին Երևանում վաճխանվեց Դաշնակցության հին գործիչներից Սարգիս Օհանջանյանը, որը ներքին գործերի նախարարության գործավարն էր: Մահվան թափորի մեջ էր նրա ընկերը՝ ներքգործնախարար և Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը: Նախարարը, սակայն, չկարողացավ քայլել մինչև Թոխմախի գերեզմանատուն:

Երևանի պարետ Արշավիր Շահխաթունին գրում է, որ Արամը կես ճամփից վերադարձավ տուն և պառկեց՝ առանց իմանալու հիվանդության բնույթը: Հիվանդության 18-րդ օրը Արամը կորցրեց գիտակցությունը և գրեթե մինչև վերջ մնաց այդ վիճակում՝ օրհասական պայքար մղելով հիվանդության դեմ: Մահը Արամին հաղթեց 1919-ի հունվարի 29-ին:

1918-ի վերջերից արդեն հայտնի էր Երևանում և Հայաստանի տարածքում աջ ու ձախ մահ սփռող վարակի անունը՝ բծավոր տիֆ: Արամից բացի այդ հիվանդությանը զոհ գնացին Երևանում հայտնի չորս բժիշկներ՝ Անդրեասյանը, Զաքարյանը, Շահբազյանը, Նալբանդյանը:

Բծավոր տիֆը ուղեկցվում էր համատարած սովով: Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրությունը 1918-ի վերջերից սկսել էր զորքերը դուրս բերել Հայաստանից: Եթե հիմնադրման ժամանակ Հայաստանի տարածքը 10-12 հազար քառակուսի կիլոմետր էր, ապա կես տարի անց այն կրկնապատկվեց, երբ թուրքերը հեռացան Ալեքսանդրապոլից (Գյումրի), Լոռու հատվածից, Ղամարլուից (Արտաշատ) ու Իգդիրի շրջաններից:   

Թուրքերը հեռացան, բայց փոխարենը եկան սովն ու բծավոր տիֆը: Ավելին՝ 1918-1919 թթ. ձմեռը համարվում է Երևանի տարեգրության ամենաերկարատևներից և առավել խստաշունչներից:  Այն անտանելի տառապանքներ բերեց հայ ժողովրդին:

Այդ դժնդակ օրերի վկաներից Արտաշես Բաբալյանը (նախարար, որը 1920-ին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները գրավեցին քաղաքը) գրում է. «Սովն իր անողոք ճանկերը խրեց հայ գյուղացու կրծքին: Մեռան հազարներով, տասնյակ հազարներով: Եվ վեց ամսվա ընթացքում մի բուռ հողի վրա սովից ու հիվանդություններից 180 հազար հայեր մահացան: Մեռնում էին անտրտունջ, գիտակցելով, որ վերջին ցորենը սպառված է, և օգնության հույս չկա»:

Սովին ու բծավոր տիֆին առաջինը զոհ էր գնում բնավեր արևմտահայ գաղթականությունը: Ժամանակի մամուլում և գրքերում հանդիպում ենք այսպիսի պատկերների.

«Անտուն զանգվածները դժոխային ամիսներ անցկացրին բուք ու բորանի պայմաններում: Նրանք ապրում էին հնձվող մահվան երկրում, փոս ընկած այտերով և ուռած փորերով` սպասելով մահվան հրեշտակի գալստյանը: Ու մահը գալիս էր` տառապանքներից ազատելով հազարավոր գաղթականների ու տեղացիների: Շատերը, ովքեր դիմացել էին ցրտին ու սովին, զոհ գնացին մահասփյուռ հիվանդություններին: Տիֆը գլխավոր մարդասպանն էր»:

Վիճակագրական տվյալները սարսափազդու էին` մինչև 1919-ի ամառը Հայաստանի բնակչության գրեթե 20 տոկոսը մահացավ՝ 180-190 հազար մարդ:

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանը, 1919-ի ձմռանը այցելելով Թիֆլիս, տեղի լրագրողներից մեկին պատմել է. «Դրությունը սոսկալի է: Ազատվեցինք մի թշնամուց, պաշարվեցինք մի ուրիշ թշնամով, այդ սովն է, ապա բծավոր տիֆը: Համաճարակից, գլխավորապես սովից, մեր երկրում ամեն օր մահանում է մոտ երկու հազար հոգի: Այժմ Հայաստանին հարկավոր է հա՛ց, հա՛ց, հա՛ց»:

Հայաստանի պետական գործիչներից ՀՅԴ-ական Արշակ Ջամալյանի խոսքերով՝ մի սոսկալի պատկեր էր ներկայացնում այդ ժամանակ Հայաստանը.

«Երևանում օրեր էին լինում, երբ մեռնողների թիվը մի քանի հարյուրից անցնում էր: Քաղաքի գերեզմանատանը հին հողաթմբեր չէին երևում այլևս. նորերը բռնել էին հների տեղը: Զինվորական երաժշտախմբի մահերգը չէր դադարում Աստաֆյան փողոցում, որովհետև նա ուղեկցում էր «կարևոր մեռելներին» մինչև այդ փողոցի ծայրը միայն՝ «բոլորին հասնելու համար»: Հիշում եմ, մի օրվա մեջ մենք ինը այնպիսի ընկեր թաղեցինք, որոնց աճյունը պետք էր կանգնեցնել Դաշնակցության տան առաջ՝ դամբանական խոսելու համար: Իսկ քանի՜, քանի՜ հարյուր ընկերներ գնացին աննկատ, առանց դամբանականի և երաժշտախմբի…»:

Ավելի սարսափելի էր գավառների վիճակը: Ջամալյանն ասում է․

«Ղարաքիլիսայում մեր որբերը փախչում էին որբանոցներից դաշտերը… արածելու համար: Այս կանաչ բերանով, ուռած փորով, վտիտ երեխաները, որոնք ձեռն ընկած բույսը արմատախիլ էին անում և առանց հողից մաքրելու համբերությունն իսկ ունենալու կլանում, ուղղակի սարսափ էր ազդում մարդու վրա: Զորքը ևս իր քաղցը հագեցնում էր դաշտերում արածելով: Զինվորական հիվանդանոցները բերնեբերան լիքն էին, և հիվանդապահներն ավելի շատ դիակներ կրելով էին զբաղվում, քան հիվանդներին խնամելով»:

Իսկ այն, ինչ կատարվում էր այդ ժամանակ Սարդարապատում, Ղամարլուում, Իգդիրի շրջանում և գաղթականական բարակներում, վեր է ամեն երևակայությունից.

«Հարյուրավոր տների դռներ այս շրջաններում ընդմիշտ փակ մնացին, որովհետև նրանց բոլոր բնակիչները մեռել էին: Մեռելների թիվը այնքան շատ էր և նրանց տերերն այնքան ուժասպառ, որ թաղման գործողություններն էլ չէին կարողանում կատարել: Դիակները օրերով անթաղ մնալով նեխում էին և նոր համաճարակների աղետ պատրաստում: Կառավարությունը հարկադրված էր թուրքերի վրա դնել գերեզմաններ փորելու և դիակները սայլերով գերեզմանատուն փոխադրելու պարտականությունը»:

Հայաստանում բծավոր տիֆն ու սովը նահանջեց 1919-ի ապրիլ-մայիսից, երբ օրերը տաքացան, և Հայաստան սկսեց հասնել ամերիկյան առաջին օգնությունը՝ 1,3 միլիոն փութ ալյուր, 257 հազար փութ ցորեն, 125 հազար փութ լոբի, 68 հազար փութ բրինձ, 20 հազար փութ կորեկ, 8 հազար փութ եգիպտացորեն, 11 հազար փութ վարսակ, 6 միլիոն տուփ խտացրած կաթ, 12 հազար փութ կակաո, 44 հազար փութ շաքար, 5 հազար փութ ճարպ, 1500 փութ թեյ:

Ահա այս օգնությամբ էր, որ ապրեց ու գոյատևեց Հայաստանի Հանրապետությունը:

Թաթուլ Հակոբյան 

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın