İçeriğe geçmek için "Enter"a basın

Կարանտինայի նշանավոր հայը՝ Արամ Ա-ն ու նրա դայակը

Այսօր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ծննդյան օրն է: Նրա մանկությունն անցել է Լիբանանի Բեյրութ քաղաքի Կարանտինա շրջանում, որ Լիբանանի նշանավոր  գաղթակայաններից  էր և հայտնի էր իբրև գաղթականների  40-օրյա կարանտինի վայր: Լիբանան փոխադրվող հայ և օտար գաղթականները նավահանգստից անմիջապես  տարվում էին ծովեզերքին մոտ գտնվող այդ  տեղը, որտեղ մնում էին բժշկական հսկողության տակ, և միայն ստուգվելուց հետո էին նրանց թույլատրում շփվել քաղաքի բնակիչների հետ:  Հետագայում կարանտինային այդ վայրը  կոչվել է Կարանտինա: 

Կարանտինան՝ վաղ տարիներին

Լիբանանահայության պատմության անբաժանելի մասը համարվող Կարանտինան (ուր չնայած դեռևս հայություն կա) այսօր արդեն անցյալ է: Ժամանակին այն եղել է չքավոր բնակավայր, որ հայտնի էր իր գաղթականներով, աղքատ ու խիտ բնակեցված  բնակչությամբ, թիթեղյա,  փայտյա ինքնաշեն տներով, կենսական տարրական պայմանների բացակայությամբ:  Հենց այդտեղ էլ  1947 թ.-ին Արթին և Լուսին Քեշիշյանների ընտանիքում ծնվել է Արամ Քեշիշյանը:  Կարանտինայի հայությունն ապրում էր մի ընտանիքի պես: Հայերի շրջանում շատ էին արհեստավորները, որոնք համերաշխ բնակվում էին ուրիշ ազգերի կողքին: Նրանք աշխատասեր մարդիկ էին՝ իրար օգնող, մեկը մյուսի ցավով ապրող: Հայկական ոգի կար հայերի տներում, լիբանանահայությունն այդտեղ կերտել է իր տարագիր պատմության մի կարևոր հատվածը՝ հայկական սովորույթներով, ավանդույթներով, կուսակցական ակումբներով: Հայերենը առաջին տեղն էր գրավում, բայց  քիչ չէին նաև թրքախոս հայերը: Մի շարք սովորույթների շարքում  ընդունված էր նաև երեխայի ծնունդն ընդունել տանը: Տան պայմաններում ծնունդ ընդունող փորձառու տատմերեր քիչ կային. լիբանանահայությունը նրանց «դայակ» էր անվանում: 

Եվ ահա, Կարանտինայում ապրող հայտնի դայակ, արմատներով ադանացի  Օժեն Դեյրմենջյանն էլ ընդունում է Արամ Քեշիշյանի ծնունդը: Բացի այն, որ Օժենը Կարանտինայում և նրանից դուրս ճանաչված տատմեր էր, բուժքույր և խնամակալ,  նա նաև ապագա կաթողիկոսի հարևանն էր, իսկ նրա երեխաները հետագայում փոքրիկ Արամ Քեշիշյանի և նրա եղբայրների հետ խաղում էին Կարանտինայի փողոցներում:

Տարիներ հետո Արամ Ա կաթողիկոսը սիրով և ակնածանքով պիտի հիշեր իր և շատ այլ երեխաների ծնունդներն ընդունած հայուհուն: Երեխայի ծնունդներ ընդունելուց բացի  Օժեն Դեյրմենջյանն իրիսկ սարքած դեղերով բազմաթիվ հիվանդություններ էր բուժում, այցելում հիվանդներին, հաշմանդամներին ու աղքատներին,  յուրաքանչուրին ինչ-որ բանով օգտակար լինում: Նրա բարության մասին հետագայում շատերն են խոսել, իսկ բուժքրոջ հագուստով և բժշկական պարագաների պայուսակով նրա կերպարը ծանոթ էր աղքատ թաղամասի հայությանը: Նա իր խորհուրդներով և բուժումներով օգնել է նաև շատ չբեր կանանց: 

Կարանտինայում և այլ շրջաններում հայտնի բուժքույր Օժեն Դեյրմենջյանը. Լուսանկարը՝ «Արեւելքի»  արխիվից

Օժեն Դեյրմենջյանը բուժում էր նաև պաղեստինցի գաղթականներին, քրդերին, շիա իսլամներին, որոնցով նույնպես բնակեցված էին Կարանտինայի նեղ ու անբարեկարգ թաղերը: Նա   ունեցել է չորս երեխա,  որոնց, ամուսնու մահից հետո,  պահել է դժվարությամբ: Մահացել է  1973-ին, հուղարկավորված է Բուրջ Համուդի Ազգային գերեզմանատանը: 

Տիկին Օժենի  զավակները, իրենց մանկության ընկերոջ կաթողիկոս դառնալուց հետո էլ կապ  էին պահում նրա հետ, այցելում, իսկ Արամ Ա-ն սիրով էր ընդունում  մանկության ընկերներին: Օժենի դուստրերից մեկը՝ Սրբուհի Աբուդուրյանը (մահացել է Հայաստանում, 2013-ին) հիշում է. «Ես երիտասարդ աղջիկ էի, հիշում եմ տիկին Լուսինի հարսանիքը: Հարսանիքի ժամանակ հյուրերն այնքան ուրախացան, պարեցին, փայտե խղճուկ ծածկը, որի տակ հարսանիքն էր տեղի ունենում, փլվեց… Հետո ծնվեցին  նրանց երեխաները: Նրանք շատ երեխաներ ունեցան:  16-17 տարեկան էի, հիշում եմ, որ փոքրիկ Արամը մի գիրք էր վերցնում, փայտից խաչ սարքում և հոգևորականի դերի մեջ մտնելով ամբողջ օրը խաղում: Մենք գիտեինք, որ նա հոգևորական է դառնալու, նրան շատ էին սազում այդ խաղերը, մենք հեռվից նայում էինք: Նրանց ազգանունն էլ՝ Քեշիշյան, քահանա իմաստը ուներ»:

Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Տիրամայր Լուսին Քեշիշյանը, մահացավ 2019-ի սեպտեմբերին. նա շատ էր կապված Արամ Ա կաթողիկոսի հետ:

Տիրամայր Լուսին Քեշիշյանի  վերջին լուսանկարը՝ Արամ Ա կաթողիկոսի հետ

Մեսրոպյան հայկական վարժարանը, ուր հաճախել է Արամ կաթողիկոսը, մոտ էր Կարանտինային. Կարանտինայում ապրող հայ երեխաները հաճախում էին ոչ միայն Մեսրոպյան, այլև շրջակայքում գտնվող հայկական դպրոցներ: Աղքատ ու անբարեկարգ թաղամաս լինելով, Կարանտինան նաև հայկական ոգիով մի վայր էր, որտեղից  ուրիշ նշանավոր հայեր էլ են  դուրս եկել՝ կրթական գործիչներ, արվեստագետներ, բարերարներ և հոգևորականներ:

Պատանի Արամ Քեշիշյանը

Մեսրոպյան վարժարանն ավարտելուց հետո ապագա Արամ Ա կաթողիկոսն այնուհետև անցել է հոգևորականի, գիտնականի, աստվածաբանի երկար ու հարուստ ճանապարհ՝ ուսանելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում, ձեռնադրվել հայ հոգևորականի բոլոր աստիճաններով:  1968-1978 թվականներին հաջորդաբար սովորել է Մերձավոր Արևելքի Աստվածաբական ճեմարանում, Բեյրութի ամերիկյան համալսարանում, Շվեյցարիայի Պոսե Էկումենիկ հաստատությունում, Օքսֆորդի համալսարանի արևելագիտության բաժնում և Նյու Յորքի Ֆորդհամի համալսարանում։ Ստացել է Աստվածաբանության մագիստրոսի, Եկեղեցական պատմության մագիստրոսի և Փիլիսոփայության դոկտորի կոչումներ: Բազմաթիվ գրքերի հեղինակ է, որոնք ոչ միայն հայերեն են այլև՝ օտար լեզուներով: Նրա անունը սերտորեն կապվում է հատկապես Մերձավոր Արևելքի էկումենյան շարժման հետ: 

2020 թ.-ն Արամ Ա կաթողիկոսի հայրապետական կոնդակով հռչակվել  է «Հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի»:

Մի խումբ հայ երեխաներ՝ Կարանտինայում. ձախից երկրորդը  Օժեն Դեյրմենջյանի դուստրը՝ Սրբուհի Աբուդուրյանը.  Լուսանկարը՝ «Արեւելքի»  արխիվից
Օժեն Դեյրմենջյանը (ձախից առաջինը) Հայաստան ներգաղթած քրոջ (ձախից երկրորդը), դստեր, տղաների և փեսայի հետ

http://arevelk.am/en/content/2/4953/Կարանտինայի-նշանավոր-հայը՝-Արամ-Ա-ն-ու-նրա-դայակը.html?fbclid=IwAR1M0qEpIt5MHgSgXEbPTMgvPqC9S_Hs0q71rVjg8wPrGW3S2214tzSAnLU

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: