İçeriğe geçmek için "Enter"a basın

«Եթե երգով ապրում ես, երգով բուժվում ես». տարեցների «Ծիածան» երգչախումբը

Մարինե Մարտիրոսյան

Վահե Սարուխանյան

-Ինքը մեր Մառլեն Դիտրիխն է,- ասում են «Օրրան» կենտրոնի աշխատակիցները՝ ի պատասխան ժպտալով Մառլեն Հակոբյանին:

Սեւ վերարկուով, նարնջագույն շարֆով եւ գլխաշորով 91-ամյա Մառլեն Հակոբյանը ժպտում է՝ ուղղելով արծաթյա մատանին: Երեք մատներին նույնանման մատանիներ է դրել: «Էս մի մատս ուռած ա, որ մատանի եմ դնում, չի երեւում: Դե, դրա համար էլ էն մյուս երկուսն էլ կողքն եմ շարում, շատ չի երեւում»,- ձեռնափայտին հենվելով՝ բացատրում է 91-ամյա կինը: Ասում է՝ նախկինում բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստ էր, հետո ծիծաղելով ավելացնում է, թե «եթե որեւէ բան ծուռ-մուռ ունեք, կարող եմ բուժել»: Բոլորս ծիծաղում ենք:

Մառլեն Հակոբյան

Տիկին Մառլենը արդեն 20 տարի հաճախում է «Օրրան» կենտրոն, նա նաեւ «Օրրանի» երգչախմբի առաջին անդամներից է:

Ճաշի ժամն արդեն ավարտվել է: Արեւոտ նախասրահում դրված դաշնամուրին է մոտենում երաժիշտ Սիլվա Կարապետյանը: Ճաշարանից մի տեսակ հեզասահ դուրս են գալիս տարեցները, որոնք, տեսնելով մեզ, սկսում են «ուսումնասիրել»: Մի քանի րոպեից սկսվելու է «Օրրանի» «Ծիածան» երգչախմբի դասը: Երգչախմբի անդամները պատրաստվում են դասին. տոպրակներից հանում են իրենց ձեռագրերով գրված թղթերը, հետո տեղավորվում դաշնամուրի մոտ դրված աթոռներին:

Երաժիշտ Սիլվա Կարապետյանը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է: Նրան «օրրանցի» տարեցները «ընկեր Սիլվա» կամ «մաեստրո» են ասում: Վերջինս էլ երգչախմբի անդամներին «արտիստներ» է անվանում՝ նշելով, որ սա ոչ թե երգչախումբ է, այլ շոու-խումբ:

Սիլվա Կարապետյան

«Ծիածան» երգչախմբում 11 հոգի են, որոնցից ամենաերիտասարդը 55 տարեկան է, ամենատարեցը՝ 91:

-Գեղամը, Գեղամն ո՞ւր ա,- իրար հարցուփորձ են անում երգչախմբի անդամները, Գեղամը խմբի ամենաերիտասարդն է,- Գեղամի երգը որ լսե՜ք, օպերային արիաներ ա երգում, ի՜նչ ձայն ունի:

Տիկին Սիլվան, վերցնելով դաշնամուրի վրա դրված երգերի տեքստերը, սկսում է նվագել՝ զուգահեռաբար նաեւ հուշումներ անելով գլխի շարժումով: Երգացանկում 62 երգ ունեն՝ հայերեն, ռուսերեն, իտալերեն, անգլերեն: Վերջին երկու լեզուներով երգերի տեքստերը հայերեն տառերով են գրում, ապա անգիր անում: Այդպես, ըստ խմբի անդամների, հեշտ է իրենց համար:

Գայանե Գեւորգյանը 67 տարեկան է, նախկինում գրադարանավար է եղել: Ասում է՝ խմբերում չի երգել, երաժշտական կրթություն էլ չունի, սակայն երգելու մեծ ցանկություն ունի: Ավելացնում է, թե ափսոսում է, որ շուտ չի միացել խմբին: «Հոգսերից կտրվում եմ, ուրախն եմ հիշում: Եթե երգով ապրում ես, սիրում ես երգը՝ հայկական կամ արտասահմանյան, երգով բուժվում ես: Ազնվությամբ եմ ասում, բժշկի չեմ գնում, երգով եմ ապրում: Եթե հանկարծ մեկ ամիս չեմ հաճախում, ավելի եմ վատանում»,- ասում է նա:

Գայանե Գեւորգյան եւ Աիդա Մնացականյան

Մյուսներն ուշադիր լսում են: Խմբի երաժշտական կրթություն ունեցողներից Աիդա Մնացականյանը՝ խնամված վարդագույն եղունգներով, զարդերով, կոկիկ հագուպակով, հաստատում է հարեւանուհու խոսքերը:

-Տիկին Աիդա, քանի՞ տարեկան եք:

-90, վայ, կներեք, 80 տարեկան եմ,- սա ասելուց հետո ծիծաղում է, թե «ինչի՞ մեծացրեցի ինձ»: Ըստ տիկին Աիդայի՝ բացականեր շատ է ունենում առողջական խնդիրների պատճառով, բայց ձգտում է հաճախել դասերին: Ասում է՝ շատ դրական լիցքեր է ստանում դասերից: Հավելում է, որ իրենց երգչախումբը տարբերվում է մյուսներից՝ անշարժացած, քարացած վիճակում չեն, երգելուց նաեւ պարում են:

-Երիտասարդ ժամանակ էս երգերն էդպես չես զգում, որ մեծանում ես, ավելի խորն ես զգում: Տարբերությունը դա է,- ավելացնում է տիկին Գայանեն:

Սարգիս Սեմերջյանը 76 տարեկան է: 33 տարի հրշեջ-փրկարար է աշխատել:

-Քանի՞ հրդեհ եք մարել,- հարցնում ենք:

-Օ՜, մի ասեք՝ է՛լ ատոմակայան, է՛լ ֆիզիկայի ինստիտուտ… Մեր ատոմակայանը Չեռնոբիլի աստիճանի էր հասնելու, եթե վերջին վայրկյանին չհասցնեինք փրկել, դա մի ահավոր բան կլիներ մեր երկրի համար,- նշում է նա:

Նախկին հրշեջ-փրկարարն պատմելով՝ մանկուց է սիրել երգ-երաժշտություն, բայց կյանքի ընթացքում ընտանիքին, զբաղվածությանը զուգահեռ չի կարողացել արտահայտել այդ սերը: Հիմա, երբ կենսաթոշակի է անցել, ժամանակը շատ է, բաց թողածը լրացնում է:

77-ամյա Լարիսա Դավթյանն էլ, որ նախկինում դպրոցի տնօրեն է եղել, նշում է, որ երգչախմբի մասին ընկերուհուց է լսել, ով հաճախում է «Օրրան», եւ քանի որ վերջինս հիացմունքով էր խոսել երգչխամբի մասին, ինքն էլ որոշել էր գալ, ունկնդրել, իսկ հիմա արդեն երգչախմբի անդամ է:

«Մաեստրո» Սիլվա Կարապետյանն ասում է, թե քանի որ երգչախմբում ամեն մեկն իր գույնն ունի, անունը դրել են «Ծիածան»:  

80-ամյա Լաուրա Սարատիկյանն աթոռը առաջ է բերում՝ մոտենալով մյուսներին:

-Ինձ էլ էստեղ Գագիկ Շամշյան են ասում: Դե, ասում են, Շամշյանը վատ բաներ ա նկարում, դու՝ չէ,- ասում է 80-ամյա կինն ու ժպտում: Պատմում է, որ մի քանի անգամ խմբով համերգներ են տվել, նույնիսկ ծերանոցում են երգել: Հիմա էլ պատրաստվում են «Օրրանի» 20-ամյակի տոնակատարությանը:

Լաուրա Սարատիկյան

Երգչախումբ ստեղծելու միտքը «Օրրանի» նախագահ Արմինե Հովհաննիսյանինն է: Ասում է՝ երբ 6 տարի առաջ ԱՄՆ-ից Հայաստան էր վերադառնում, ծագեց երգչախումբ ստեղծելու միտքը: Նկատում է, թե գուցե ամերիկյան մշակույթն է ազդել իր որոշման վրա, քանի որ ԱՄՆ-ում տարեցները համեմատաբար հանգիստ կյանքով են ապրում:

Արմինե Հովհաննիսյան

Ա. Հովհաննիսյանը հիշում է, որ իր նախաձեռնությունը միանգամից խանդավառությամբ չի ընդունվել: Սկզբից տարեցներին համոզելը դժվար էր, շատերն ասում էին, թե այդ տարիքում միթե պիտի երգեն: Տիկին Արմինեն ժպիտով է պատմում, որ, այդուհանդերձ, գտնվեցին 6 խիզախներ, իսկ իրենք ուսուցիչ հրավիրեցին, ու որոշ ժամանակ անց համերգ  կազմակերպվեց, որին հրավիրված էին դեսպաններ, «Օրրանի» ընկերները, նվիրատուները: Համերգի հաջորդ օրը երգչախմբի անդամներն իրենց աստղ էին զգում, ինչը, ըստ Ա. Հովհաննիսյանի, գուցե ինչ-որ չափով վարակիչ դարձավ, որովհետեւ «Օրրանի» տարեցներից մի քանիսը, դա տեսնելով, ցանկություն հայտնեցին միանալ երգչախմբին:

«Իրենցից ամեն մեկը մի ամբողջ պատմության գիրք է կրում իր մեջ: Տարիներ են եղել, որ նրանցից ոմանք պաշտոններ են ունեցել, կրթված մարդիկ ունենք, սակայն ճակատագիրը դաժան էր, անցումային շրջան ապրեցին, շատերի երեխաներն այստեղ չեն, միայնակ ծերեր են, եւ կարող եմ ասել, որ եթե նրանց 50 տոկոսը գալիս է՝ զուտ տաք ուտելիք ստանալու, մյուս 50 տոկոսը գնահատում է այդ ընկերությունը: Ես շատ եմ ուրախանում, որ իրենք պատրաստված, զուգված-զարդարված են գալիս «Օրրան»: Իրենց համար սա նաեւ ընկերական շրջապատ է. միմյանց օգնում են, խորհուրդներ են տալիս: Եվ «Օրրանի» ամբողջ նպատակը դա էր, որ դառնար մի տաք անկյուն, տուն, որտեղ թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները կգտնեն մի լուսավոր տեղ, որտեղ մարդիկ հոգ են տանում իրենց նկատմամբ»,- նշում է կենտրոնի նախագահ Արմինե Հովհաննիսյանը:

https://hetq.am/hy/article/113902

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın