İçeriğe geçmek için "Enter"a basın

Պոլսո Հայոց Պատրիարքը կանգառ կատարեց Թբիլիսիում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուղևորվելու ճանապարհին, 2020 թվականի փետրվարի 28-ին Թբիլիսիում կանգառ կատարեց Պոլսո Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ Բ Մաշալյանը: Նորին Ամենապատվությանը և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին, դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, հոգևորականաց դասը, Թեմի վարչատնտեսական բաժնի և ֆինանսական բաժնի տնօրենները:

Հյուրերը Հայր Սուրբի ուղեկցությամբ շրջայց կատարեցին առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, դիտեցին, մոմեր վառեցին ու աղոթք բարձրացրին հինավուրց տաճարում, ունկնդրեցին Հգշ. Տեր Կիրակոս վարդապետի պատմածը եկեղեցու վերանորոգության, վերաօծման և Հովնաթանյանների տոհմի կատարած նկարազարդումների մասին:

87799444 2813577405425720 766780592959258624 O

Պոլսո Հայոց Պատրիարքության պատվիրակությունն այցելեց նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: Թումանյանի տան պատմության և ներկա գործունեության հետ ծանոթանալուց հետո, Նորին Ամենապատվությունը ստացած տպավորությունների մասին գրառում կատարեց Տան հուշամատյանում:

Պոլսո Հայոց Պատրիարքը և նրան ուղեկցող Պատրիարքության հոգևոր ծառայողները այցելեցին նաև Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, իրենց խոնարհումը բերելով այստեղ հանգչող ազգի Մեծաց մեծերի հիշատակին:

Պատվիրակությունը, որի կազմում են Գերապատվելի Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, արժանապատիվ Տեր Տրդատ քահանա Ուզունյանը, արժանապատիվ Տեր Շիրվան քահանա Միրզոյանը և Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանը, ուղևորվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստին:

https://armenianchurch.ge/hy/lurer/2020-02-28-15-51-58?fbclid=IwAR1rJGcnHJdclDdeNgPy5wUY3N9EOc1S1bmIG4U2Oaj4HonCoVr9Ty8Fbjg

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın