İçeriğe geçmek için "Enter"a basın

Սումգայիթ՝ Ադրբեջանի պատասխանը հայերին. 27-29 փետրվար, 1988

Թաթուլ Հակոբյան

Հատված Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր․ Կանաչ և սև» գրքից

Սոնյա Հակոբյանը Սումգայիթի ջարդերից երեք օր առաջ էր տեղափոխվել նոր բնակարան: Հայերը ցրված էին ամբողջ Սումգայիթում, և Սոնյան միայն ջարդերի օրն է հասկացել, թե որքան շատ հայեր են բնակվում Կասպիցի ափին փռված բանվորական քաղաքում: Նա ընտանիքով` ևս մոտ հինգ հազար հայերի հետ, ջարդարարներից ապաստան է գտնում Լենինի անվան հրապարակի մերձակայքում գտնվող մշակույթի պալատի հսկա շենքում` ծովային հետևակայինների հսկողության տակ:

Սումգայիթը կարող էր դաժան դաս լինել Խորհրդային Միության մյուս ժողովուրդների համար, ովքեր ևս ազգային հարցերում պահանջներ ունեին:

«Երևանում հանրահավաքներ էին գնում, Ղարաբաղն ուզում էր միանալ Հայաստանին: Սա է եղել ջարդերի պատճառը: Մենք չենք մտածել, որ կգան մեր տներից մեզ դուրս կքշեն: Տասներկու տարի մենք սպասում էինք բնակարանի, ես ու ամուսինս աշխատում էինք գործարաններում, վերջապես երեքսենյականոցը ստացանք, որի մեջ ապրեցինք երեք օր: Հիմա մեր բնակարանում ապրում է Ամասիայից գնացած ադրբեջանցի ընտանիք»,- ասում է Սոնյան: Նրա ընտանիքը ևս մի քանի տասնյակ սումգայիթցիների հետ հաստատվել է Աշտարակի հարևան Մուղնի գյուղում:

Կրեմլի պաշտոնյաներից Գրիգորի Խարչենկոյին, ով ջարդերը սկսվելու երկրորդ օրն արդեն Սումգայիթում էր, զարհուրելի տեսարաններից բացի, ցնցել էր մեկ հանգամանք. հայերը ցանկանում էին մեկնել Ռուսաստան, այլ ոչ թե Հայաստան. «Ոչ մեկը, ում հետ մենք զրուցեցինք, Հայաստան մեկնելու ցանկություն չհայտնեց: Նրանք խնդրում էին Կրասնոդար, Ստավրոպոլ կամ Ռոստովի մարզ տեղափոխել: Ինչո՞ւ: Նրանք ասում էին. «Հայաստանում մենք ոչ մեկի պետք չենք, նրանք մեզ իսկական հայ չեն համարում, մենք իսկական հայեր չենք»:

Սումգայիթում բնակվող հայերից, որոնք արմատներով հիմնականում Ղարաբաղից էին, չնչին մասն է տեղափոխվում Ղարաբաղ կամ Հայաստան: Լիդա Ալեքսանյանն այդ քչերից էր: Նա ասում է, որ ջարդի օրերին իրենց պաշտպանել են բանակում ծառայող որդու ադրբեջանցի ընկերները: «Տղաս ծառայում էր Գերմանիայում: Ջարդերից հետո ամուսնուս հետ գնացինք զինկոմիսարիատ և ասացինք, որ տեղափոխվում ենք Երևան: Խնդրեցինք, որ տղայիս տեղեկացնեն` չվերադառնա Սումգայիթ: Ոչ, ասացին, հայերը պետք է վերադառնան իրենց ծննդավայրը: Այդպես, ջարդերից հետո սպասեցինք 10 ամիս: Նոյեմբերին որդիս բանակից վերադարձավ, հաջորդ օրը եկանք Հայաստան: Հետո երկու տղաներս էլ մեկնեցին Ռուսաստան, որովհետև այստեղ վատ էինք ապրում»:

Սամվել Շահմուրադյանը 1988թ. գարնանը գրի է առել Սումգայիթը վերապրածների տասնյակ պատմություններ: Ադրբեջանցի որոշ հեղինակներ պնդում են, թե Սումգայիթում հայերի սպանությունները կատարել են Կապանից իբր արտաքսված ադրբեջանցիները: Ջարդարարների խմբերում կարող էին լինել նաև ավելի վաղ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներ: Հաստատ է, որ դատական պատասխանատվության ենթարկված ավելի քան 80 ադրբեջանցիներից և ոչ մեկը չի եղել կապանցի: Ջարդարարները սպանդն արդարացնելու համար գրեթե չեն օգտագործել«Կապան» բառը, ավելի ճիշտ` օգտագործել են բռնություններ հրահրելու նպատակով:

Վրացի Կոնստանտին Փխաքաձեն, ով հայուհի կնոջ հետ Սումգայիթում էր բնակվում, պատմել է, որ փետրվարի 21-ին լսել, սակայն հումորով է ընդունել իր ադրբեջանցի ընկերոջ տեղեկությունը, որ մեկ շաբաթ հետո սպասվում է հակահայկական ցույց: Փետրվարի 26-ի երեկոյան Լենինի հրապարակում Փխաքաձեն տեսել է մի քանի տասնյակ հավաքվածների: Նրանց մեջ մեկը, չնշելով անունը կամ ազգանունը, պատմել է, թե Կապանից փախել է իր հայրենակիցների հետ, այնտեղ հայերը սպանել են իր և կնոջ հարազատներին: «Մենք փախել ենք Կապանից»,- հավաքվածներին ասել է երկար երեսով, բարակ բեղերով ադրբեջանցին, ով եղել է հանրահավաքի ղեկավարը: Հաջորդ օրը պատմություններին ավելացել են նորերը. հայերն իբր Կապանում  բռնաբարել են ադրբեջանցի աղջիկներին, կտրել նրանց կրծքերը: Իրեն կապանցի ներկայացրած ադրբեջանցին խոսքերը եզրափակել է«Հայե’ր, դուրս ադրբեջանական հողից, մա’հ հայերին» կոչերով:

Փետրվարի 27-ի կեսօրից հետո Սումգայիթի քաղկոմի երկրորդ քարտուղար Բայրամովան դիմում է հանրահավաքի մասնակիցներին. «Կարիք չկա սպանել հայերին: Գորբաչովը ասել է, որ ոչ մեկը Ղարաբաղը չի խլում, տարածքը եղել և մնալու է ադրբեջանական: Թույլ տվեք հայերը Ադրբեջանից հեռանան ազատ կերպով, նրանց հնարավորություն տվեք հեռանալ»:

Սումգայիթի հայերի հետ զրույցներից պարզվել է, որ ամբոխը դիմում էր վայրագությունների, քանի որ հայերը Ղարաբաղ էին պահանջում: Կարճ ժամանակ հետո այլևս Ղարաբաղն էլ երկրորդական պլան էր մղվել. անպատժելիության պայմաններում մի քանի տասնյակ մարդկանցից կազմված ավազակախմբերը հայերին սպանում, թալանում էին` նրանց տներին, ունեցվածքին տիրելու նպատակով:

Վլադիմիր Գրիգորյանը պատմել է. «Ես դուրս նայեցի պատուհանից, Լենինի հրապարակում հանրահավաք էր: Բան չէր լսվում, բացեցի պատուհանը: Ասվում էր` հանգստացե’ք, Ղարաբաղը հայերին չենք տա, Ղարաբաղը մերն է: Մեկ ուրիշը` թե հայերը Ղարաբաղում երկու ադրբեջանցու են սպանել, մեկը`16, մյուսը` 22 տարեկան»: Նրա կինը` Մարինան, հավելել է, որ Կատուսևի խոսքերից հետո ադրբեջանցիներն ավելի զայրացան:

Բաքվում գտնվող ԽՍՀՄ զինվորական դատախազ Ալեքսանդր Կատուսեւը փետրվարի 27-ին ադրբեջանական հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ հինգ օր առաջ Ասկերանում սպանվել են երկու երիտասարդներ` ընդգծելով վերջիններիս ադրբեջանական ազգանունները: Այս լուրն ավելի է ոգևորում հայերին սպանելու եւ նրանց ունեցվածքը կողոպտելու պատրաստ ամբոխին:

Փետրվարի վերջին երեք օրերին Սումգայիթում կազմակերպված հայկական ջարդերի հետևանքով սպանվում են 29 հայեր և 6 ադրբեջանցիներ, մոտ 400 մարդ, գերազանցապես հայեր, ստանում են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, քաղաքի 18 հազար հայությունը դառնում է փախստական: Վեց ադրբեջանցիներին ամենայն հավանականությամբ սպանել են կասպյան նավատորմի ծովային հետեւակայինները և դեսանտային գնդի զինվորները, երբ զորքերը գրոհեցին Սումգայիթի ավտոկայանում խմբած երիտասարդ ջարդարարների ուղղությամբ: Բայց սա արդեն փետրվարի 29-ի երեկոյան էր, երբ հայերի ջարդերն ավարտվում էին: Միգուցե և ադրբեջանցիների վրա այս գրոհը կատարվեց, որպեսզի ինչ-որ կերպ սումգայիթյան սպանդին տրվի ինտերնացիոնալ երանգ:

Սպանդը նախօրոք ծրագրված լինելու մասին է խոսում նաև այն, որ ջարդարարները զինված էին միատեսակ մետաղաձողերով, ունեին հայերի բնակարանների հասցեները, բաժանվում էին հատուկ խմբերի: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ եթե շարքային ադրբեջանցիներն իրենց տներում չպատսպարեին հայերին, սպանվածների և վիրավորների թիվը կլիներ մի քանի անգամ ավելի: Խորհրդային զորքերը միայն փետրվարի 29-ի կեսօրից հետո են միջամտության և զենքի դիմելու հրաման ստանում` ահաբեկված հազարավոր հայերի փրկելով կոտորածից:

Փետրվարի 28-ին «Ժամանակ» լրատվական ծրագիրը հայկական ջարդերը որակում է»խուլիգանական գործողություններ»: Հաջորդ օրը Գորբաչովը քաղբյուրոյի նիստում խորհրդային ղեկավար վերնախավին տեղեկացնում է. «Երևանի փողոցներ էր դուրս եկել կես միլիոնից ոչ պակաս մարդ: Ղարաբաղում տեղի է ունեցել բախում ադրբեջանցիների և հայերի միջեւ, սպանվել է երկու մարդ: Երևանով տարածվեցին թռուցիկներ. հայե’ր, դադարեցրեք հանրահավաքները, զենք վերցրեք և ճնշեք թուրքերին: Բայց պետք է ասեմ, որ երբ անգամ Երևանի փողոցներում կար կես միլիոն մարդ, հայերի կազմակերպվածությունը բարձր էր, հակախորհրդային որևէ բան չի եղել, զանգվածները շարժվում էին մեր` քաղբյուրոյի անդամների դիմանկարներով: Միայն ծայհարևան կաններն էին նետում ինքնորոշման կարգախոս: Բոլոր ելույթներում եղել է ԼՂ-ի` Հայաստանին միավորելու թեման: Կան Հայաստանից ադրբեջանական ընտանիքների փախուստի փաստեր: Կապիտոնովը զեկուցում է, որ հեռացել է 55 մարդ, Ռազումովսկին ասում է` 200»:

Պաշտպանության նախարար Դմիտրի Յազովն առաջարկում է Սումգայիթում ռազմական դրություն մտցնել` հիմնավորելով քաղաքում կատարված զարհուրելի տեսարանները. «Երկու կանանց կրծքերն են կտրել, մեկի` գլուխը, իսկ աղջնակի` կաշին հանել: Ահա այսպիսի վայրագություն»:

Խարչենկոն եւ ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Բոբկովը Մոսկվայից ժամանած առաջին պաշտոնյաներն էին, ովքեր փետրվարի 28-ին Բաքվից հասել են Սումգայիթ և սեփական աչքերով տեսել վայրագությունները: Խարչենկոն չի ընդունում Գորբաչովի արդարացումը, թե Սումգայիթում զորքերն ուշացել են ընդամենը երեք ժամ: Մի ամբողջ օր են ուշացել, որովհետև սպասում էին զորք ուղարկելու որոշմանը. «Ես չեմ ուզում ցույց տալ լուսանկարները: Ես ուղղակի ոչնչացրի դրանք: Բայց սեփական աչքերով եմ տեսել անդամահատված դիակները, դրանցից մեկն ամբողջությամբ մասնատված էր կացնով, ձեռքերը, ոտքերը կտրված էին, մարմնից գրեթե ոչինչ չէր մնացել: Նրանք գետնից հավաքում էին թափված տերեւները, լցնում դիակների վրա, հարևանությամբ կանգնած մեքենաներից բենզին հանում և այրում: Սոսկալի դիակներ էին»:

Խորհրդային Միության տասնամյակների պատմությունը լիքն է արյունոտ դրվագներով, սակայն Սումգայիթում կատարվածն աննախադեպ էր: Նախ` ջարդերը տեղի են ունենում խաղաղ ժամանակներում: Երկրորդ` ջարդերը ոչ թե քաղաքական, այլ ազգային բնույթ ունեին, երրորդ` խորհրդային կենտրոնական և հանրապետական իշխանությունները ոչ թե իրենք են կազմակերպում սպանդը, ինչպես դա մեկ տարի անց եղավ Թբիլիսիում, այլ իրենց անգործությամբ հնարավորություն տալիս, որ ջարդեր իրականացնի բանվոր դասակարգը, որը, Գորբաչովի ակնկալիքով, պետք է դառնար հասարակական կարգուկանոն հաստատողը:

Քաղբյուրոյի նիստում Գորբաչովն ասում է. «Գլխավորը` այժմ անհապաղ պետք է հասարակական կարգուկանոնը խախտողների դեմ գործի գցել բանվոր դասակարգին, մարդկանց: Դա, ես ձեզ ասեմ, կանգնեցնում է ամեն տեսակ խուլիգաններին և ծայհարևան կաններին: Ինչպես Ալմաթիում (1986թ.): Դա շատ կարևոր է: Զինվորականները բարկություն են առաջացնում: Կենտկոմի կազմակերպական-կուսակցական աշխատանքի բաժնի ղեկավարի տեղակալ Ռազումովը արձագանքում է. «Ալմաթիում ամեն բան վճռեց բանվոր դասակարգը, բայց այնտեղ իրադրությունն ուրիշ էր, ամբոխին զսպեցին հիմնականում ռուս բանվորների ջոկատները»: Յազովը զարմանում է. «Բայց, Միխայիլ Սերգեևիչ, Սումգայիթում պետք է մտցնել, եթե կուզեք, գուցե բառն այն չէ` ռազմական դրություն»: «Պարետային ժամ»,- առաջարկում է Գորբաչովը: Բայց Յազովը համառորեն պնդում է. «Պետք է զորքեր մտցնել և  կարգուկանոն հաստատել»:

Սումգայիթի կոմկուսի կենտկոմի առաջնորդ Ջահանգիր Մուսլիմզադեն, Փխաքաձեի վկայությամբ, փետրվարի 27-ին հրապարակում փոխարինել է Բայրամովային: Իրեն կապանցի ներկայացրած ադրբեջանցին կրկնել է հայերի դաժանությունների մասին, իբր սպանվել են իր և կնոջ հարազատները, հանրակացարանում բռնաբարվել են ադրբեջանցի աղջիկներ: Հետո խոսափողը վերցննում է Մուսլիմզադեն և կրկնում Բայրամովային. «Եղբայրնե’ր, մենք պետք է թողնենք, որ հայերն ազատ կերպով հեռանան»:

Ադրբեջանցի գիտնական և քաղաքական գործիչ Զարդուշտ Ալիզադեն գրում է, որ փետրվարի 27-ին Սումգայիթ էին մեկնել Բաղիրովը և վարչապետ Սեիդովը. «Նրանք հանդիպեցին քաղաքի բնակիչների ու փախստականների հետ: Բայց ի՞նչ կարող էին նրանք ասել: Վիրավորանքի, անպատվության ենթարկված ու հայրենիքից դուրս քշված մարդկանց ողբն ու աղաղակը խլացրին առաջնորդների խոսքը: Նրանք դուրս եկան ակումբի հետնամուտքով եւ բառացիորեն ճողոպրեցին Բաքու»:

Ալիզադեն շարունակում է. «Փետրվարի 28-ին Մուսլիմզադեն ուղղվեց դեպի չարաբաստիկ հանրահավաքը: Նա ելույթ ունեցավ` ասելով, որ Ղարաբաղը երբեք Հայաստանին չեն տա, որ անհանգստանալու հիմքեր չկան: Գոյություն ունի ԽՍՀՄ Սահմանադրության 78-րդ հոդվածը և եթե խախտեն այն ու որոշում ընդունեն Ղարաբաղը խլել, ապա ինքը կմիանա ցուցարարների շարքերին: Հենց տեղում նրա ձեռքը տվեցին Ադրբեջանի դրոշը և պահանջեցին ցույց տալ, թե նա ինչպես է ժողովրդի հետ գնում ցույցի: Մնալով միայնակ` ձեռքում ադրբեջանական դրոշը և շրջապատված գրգռված ու աղաղակող մարդկանցով, Մուսլիմզադեն ենթարկվեց ամբոխի կամքին և նրանց հետ շարժվեց այնտեղ, ուր որ տարան: Մուսլիմզադեի գլխավորությամբ շարասյունը հենց որ տեղից պոկվեց, ջարդարարների նախապես պատրաստված խմբերը` ձեռքներին ունենալով երկաթյա ձողերի կտորներ, քաղաքի զանազան կողմեր վազելով` սկսեցին կողոպտել հայերի բնակարանները»:

Խորհրդային Հայաստանի իշխանությունները սումգայիթյան վայրագությունները դատապարտում են ջարդերից երեքուկես ամիս հետո. հունիսի 15-ին Գերագույն խորհուրդը նման որոշում է ընդունում ոչ առանց փողոց դուրս եկած ցուցարարների ճնշման տակ: Մինչ այդ Ադրբեջանի ղեկավարությունը մարտին տարածում է հաղորդագրություն, որով»խորը ցավակցություն և անկեղծ կարեկցանք է հայտնում Սումգայիթում տեղ գտած անկարգությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև` բոլոր տուժածներին»:

Մարտի 12-ին Մայր Աթոռ են այցելում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ներկայացուցիչները և Ամենայն Հայոց կաթողիկոսին հանձնում իրենց կրոնապետի ուղերձը, որում ցավ ու ափսոսանք է հայտնվում Սումգայիթի ողբերգության կապակցությամբ:

Ադրբեջանի կոմկուսի Սումգայիթի քաղկոմի պլենումը, որին մասնակցում էր Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը, մարտի կեսերին Մուսլիմզադեին ազատում է առաջին քարտուղարի պարտականություններից`«դրսեւորած քաղաքական անհոգության, կազմակերպչական և քաղաքական աշխատանքում թույլ տված խոշոր թերությունների ու ոչ կուսակցական վարքի համար, որոնք քաղաքում ողբերգական հետեւանքների են հանգեցրել»:

Ինտերնացիոնալ համարվող Սումգայիթում սպանդ, բռնություններ, բռնաբարություններ իրականացնելու և այլ մեղադրանքներով խորհրդային տարբեր քաղաքների դատարանների առաջ կանգնում են մոտ ինը տասնյակ հանցագործներ: Նրանցից միայն մեկի նկատմամբ է սահմանվում առավելագույն պատժաչափ` մահապատիժ: Խորհրդային արդարադատությունն ամեն ինչ անում էր, որպեսզի դատավարությունների ընթացքում չկարևորվի եւ չշոշափվի ոճրագործությունների ազգային երանգը: Այդ նպատակին էր ծառայում նաև ջարդարարներից մի քանիսի ոչ ադրբեջանցի լինելու պնդումը:

https://www.civilnet.am/news/2020/02/28/%D5%8Dումգայիթ՝-Ադրբեջանի-պատասխանը-հայերին-27-29-փետրվար-1988/377311

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın