İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է

Սուրբ Ղևոնդյանք  Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Երբ նրանց առաջարկվում է ընդունել պարսից կրոնը՝ իրենց կյանքը փրկելու համար, Ղևոնդյանք մերժում են այդ առաջարկը:


454 թ. քուշանների դեմ մղած մարտերում պարսիկները պարտություն են կրում: Մոգերն այս պարտության պատճառը վերագրում են Ղևոնդյանց քահանաներին, որի հետևանքով էլ նրանք նահատակվում են:

Թեև 9 հոգուց բաղկացած նահատակների այս խումբը տոնացույցի մեջ որպես քահանաներ են հիշվում, բայց նրանց մեջ եկեղեցու բոլոր դասերից ներկայացուցիչներ կան՝ կաթողիկոս, եպիսկոպոս, քահանա և սարկավագ: Հայ եկեղեցին Ղևոնդյանց հիշատակը կատարում է Բուն Բարեկենդանի նախորդ երեքշաբթի օրը:

«Ղևոնդյան սրբերը, հայ եկեղեցու պարծանքն են, նրանց վրա անձնավորվում է հայրենիքին և հավատքին նվիրվելու գաղափարը: Վարդանանց ընկերները և քաջալերողները ժողովրդի կյանքում բարձր պահեցին կրոնի սրբությունը, և նրանք Հայ Եկեղեցով հայ ազգությունն ապրեցնելու և պահպանելու սկզբունքի ամենաականավոր գործիչները եղան: Իրենց այդ ուղղության գաղտնիքն իրենց դաստիարակության մեջ է պետք փնտրել: Գրեթե բոլորը, բացի մեկից, ով բոլորի սիրո առարկան էր, Սահակ-Մեսրոպյան դպրոցից էին, որը կարողացել էր ինչքան որ ուսման և զարգացման սերը դաստիրակել, նույնչափ էլ՝ սրտի և նվիրումի մարդիկ կերտել»: (Սուրբեր և Տոներ: Երուսաղեմ, 1939 թ. 215 էջ):

Ղևոնդյանց հիշատակի համար հատկանշական է մանկունք շարականը, որի յուրաքանչյուր տողը սկսվում է հայոց այբուբենի մի տառով՝ Ա-ից Ք-ն: Ընթերցենք մեկ տուն այդ շարականից:

Լուսավորիչը բոլորի Ղևոնդյոս Ս. Վարդապետը

Խոհական մեծ խորհրդով խրատեց-լցրեց զինվորներին.

Ծավալեց գիտության լույսը նահատակվողների հոգիներում,

Կամավոր հոժարությամբ, Փրկչի սիրով նահատակվեցին:

Ղևոնդյանք չհանձնվեցին՝ գիտակցելով, որ ներկայացնում են ոչ միայն իրեն անձը, այլ մի ամբողջ ժողովրդի դիմագիծ, նրանք չվախեցան մինչև անգամ մահից, քանի որ գիտեին Երկնային Արքայության մասին: Նրանք գլուխ չխոնարհեցին ոչ ոքի առաջ՝ բացի Աստծուց: 
Հավատքում խոնարհությունը մեկտեղելով քաջության և քրիստոնեական ինքնությունը պահպանելու հատկության հետ՝ Սուրբ Ղևոնդյանց քահանաներն իրենց անուններն ընդմիշտ գրեցին պատմության մատյաններում՝ թողնելով անջնջելի հետք: Թեև նահատակվեցին, սակայն այդ արեցին հանուն Աստծո, քրիստոնեության և հետագա սերունդների՝ այդկերպ անմահանալով:

Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը այս տարի փետրվարի 18-ին է: Այդ օրը, ավանդության համաձայն, բոլոր քահանաների տոնն է:

https://www.qahana.am/am/christian/show/472637598/0

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın