İçeriğe geçmek için "Enter"a basın

Մյունխենյան բանավեճ․ ինչ մոռացավ ասել Նիկոլ Փաշինյանը

Կարեն Հարությունյան

Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկում-բանավեճ ունեցան։ Որ երկու ղեկավարների միջև հրապարակային բաց բանավեճ է տեղի ունենում, թերևս դրական է։ Սակայն քննարկման որակը լուրջ հարցերի տեղիք է տալիս մտածող մարդկանց շրջանում։

Քննարկումն ի սկզբանե դատապարտված էր ձախողվելու։ Դրանում նախևառաջ կար կազմակերպիչների, վարողի մեղավորությունը։ Փոխանակ քննարկման սեղանին դնելու դրական օրակարգ, փոխանակ շեշտը դնելու առաջ շարժվելու ու ապագայի վրա, վարող տիկինը երկու ղեկավարներին մղեց անցյալ։ Ալիևը հասավ 19-րդ դար, իսկ Փաշինյանը՝ ավելի հեռու՝ մինչև Պոմպեոս (որին, ի դեպ, Տիգրան Մեծը զիջեց իր գրաված հողերի մեծ մասը)։ Բանավեճն ավելի շուտ նման էր դպրոցականների լեզվակռվի՝ առանց հավասարակշիռ ու ծանր փաստարկների, որոնք դասագրքային պատմությունից ու կարծրատիպերից անդին են։

Եվ քանի որ քննարկումը կենտրոնացավ անցյալի վրա, թերևս կարևոր է, որ անցյալի անցքերն ու փաստերը Փաշինյանի կողմից ավելի լուրջ և մանրակրկիտ ուշադրության և սերտման արժանանան։

Հիմա՝ ըստ դրվագների․

Ալիևը ներկայացնում է 19-րդ դարի մերկապարանոց իր «փաստերը», իբր Ադրբեջանը Ռուսական կայսրությանը միանալուց հետո եղել է առանձին երկիր։

Փաշինյանը, փոխանակ հերքելու այս կեղծ պնդումները, փոխանակ հիշեցնելու Արցախի հայկական պետական միավորների՝ մելիքությունների, ռուս-պարսկական պատերազմին հայերի մասնակցության մասին, հեռանում է մ․թ․ա․ 1-ին դար՝ Տիգրան Մեծի մոտ։

Ալիևը խոսում է Խոջալուի մասին։

Փաշինյանը, փոխանակ հիշեցնելու Սումգայիթը, Կիրովաբադը, Մարաղան, վկայաբերում է ընդամենը «Արգումենտի ի ֆակտի» թերթին Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հարցազրույցը։ Ոչ մի խոսք այն մասին, թե ինչու Ադրբեջանը պատշաճ չի կազմակերպել իր բնակչության տարհանումը Խոջալուից։  

Ալիևն ասում է՝ «նրանք քանդել են մեր մզկիթները, գերեզմանները, մշակութային վայրերը»։

Փաշինյանը չի հիշեցնում, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը վերացրեց Յունեսկոյի ժառանգություն համարվող Ջուղայի խաչքարերը, իսկ հայերը Շուշիում վերականգնել են Գոհար տիկնոջ մզկիթը։ Նաև չի հիշեցնում, որ Ադրբեջան պետությունում արգելված է հայկական յան ազգանունով որևէ անձի մուտքը՝ անկախ քաղաքացիությունից։ Չի հիշեցնում Սաֆարովի մասին, Քյարամի մասին։ 

Ալիևը Խանքենդիի օրինակը բերելով՝ ասում է, թե Ղարաբաղում հայկական պատմական ժառանգություն չկա։

Փաշինյանն այս «պնդումն» անպատասխան է թողնում, չի հիշեցնում Բաքվի իշխանությունը մերժած Ղարաբաղի հայերի վեց համագումարների մասին։ Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, հայոց միջնադարյան երկաթագիր գրերը վանքերի պատերից լուռ նայում են։

Ալիևն ասում է, որ Փաշինյանի երկու նախորդների հետ բանակցում էր, և ամենավճռական պահերին նրանք ի վերջո ուզում էին պահպանել ստատուս քվոն։

Փաշինյանը չի հիշեցնում, թե այդ ո՞վ էր, որ մերժեց Ընդհանուր պետությունը, Քի Վեսթը, Կազանը։

Ալիևն ասում է՝ առանց տարածքները վերադարձնելու չի կարելի խոսել կարգավիճակի մասին, շեշտադրում փուլային կարգավորումը։

Փաշինյանը չի հիշեցնում «այդքան վատ» Մադրիդյան փաստաթուղթը, որը փաթեթային լուծում է առաջարկում, և որին Բաքուն համաձայնել էր։

Ալիևն աասում է, թե Երևանի բնակչությունը 19-րդ դարում 70 տոկոս ադրբեջանցիներ էին, և նրանք ինքնորոշում չէին պահանջում։

Փաշինյանը չի հակադարձում սրան։ Չի հիշեցնում նաև, որ Մադրիդյան փաստաթղթում, որի հիմքի վրա Բաքուն համաձայնել է շարունակել բանակցությունները, նշված է պլեբիսցիտի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին։ Փոխարենը Փաշինյանը նորից գնում է Տիգրան Մեծի մոտ, երբ «այս տարածաշրջանում միայն հայեր ու վրացիներ կային»։

Վարող տիկինը հարցնում է, թե ինչ պետք է անի միջազգային հանրությունը։

Ալիևն ասում է՝ միջազգային համայնքը պետք է վերահաստատի, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։

Փաշինյանն ասում է՝ միջազգային համայնքը պետք է խստագույնս վերահաստատի, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Պարոնա՛յք, միջազգային համայնքը ծակ պլաստինկայի նման դեռ շատ է վերահաստատելու դա։ Միգուցե արժե՞ր իրական, շոշափելի հարց բարձրացնել այս հեղինակավոր հարթակում՝ որ, օրինակ, միջազգային հանրությունը պետք է անմիջական ներգրավվածություն ու ներկայություն ունենա Արցախում՝ չսպասելով հակամարտության կարգավորմանը։ Չէ՞ որ Արցախում ապրող 150 հազար հայերի վրա էլ են տարածվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

․․․

Մյունխենյան այս քննարկմամբ Ղարաբաղի հարց չի լուծվելու։ Ոչ էլ այս բանավեճի ելքից կախված՝ փոխվելու են կողմերի դիրքորոշումները։ Սակայն եթե պատմության ու փաստերի նման իմացությամբ ու պոլեմիկայի նման մակարդակով են ընթանում ղարաբաղյան բանակցությունները փակ դռների հետևում, թերևս արժե մտահոգվել։

https://www.civilnet.am/news/2020/02/16/Մյունխենյան-բանավեճ%E2%80%A4-ինչ-մոռացավ-ասել-Նիկոլ-Փաշինյանը/376481

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın