İçeriğe geçmek için "Enter"a basın

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը միշտ զգոն է հայկական ժառանգության պաշտպանության հարցում․ դիվանապետ

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանում է իսրայելական մամուլում տարածվող այն լուրերը, թե Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հայկական թաղամասը։ Նա անդրադառնում է նաև հայկական համայնքին առնչվող այլ հարցերի։

– Իսրայելական մամուլը, մասնավորապես, Jewish Press լրատվականը, տեղեկություն է տարածել այն մասին, որ թուրքական կառավարությունը թիրախավորել է Երուսաղեմի հայկական թաղամասը․ հայերին գումարներ են առաջարկվում, փորձ է արվում տիրանալ հայկական գույքին։ Արդյոք ճի՞շտ են այս տեղեկությունները, և եթե այո՝ ի՞նչ գործողությունների մասին է խոսքը։

– Փետրվարի 13-ին Jewish Press-ում լույս է տեսել Բարուխ Յեդիդի «Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը» հոդվածը։ Հեղինակի հիշատակած՝ թուրքերի կողմից հայերին առաջարկված 3000 դոլարի դրամաշնորհների մասին հարկ է նշել, որ Երուսաղեմի գրեթե բոլոր հայերը սոցիալապես ապահով վիճակում են, իսկ սոցիալապես անապահով վիճակում գտնվողներին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ապահովել է բնակարանով, աշխատանքով և սննդով, հետևաբար, երուսաղեմահայերին հնարավոր չէ գայթակղել 3000 դոլարով:

Կարևոր է նշել, որ Սրբոց Յակոբեանց վանքի և Հայկական թաղամասի բոլոր կալվածքների սեփականատերը Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն է: Թաղամասի բնակարաններն ու խանութները տրված են կամ պաշտպանյալ (protected tenancy), կամ ոչ պաշտպանյալ (unprotected tenancy) վարձակալության սկզբունքով: Պաշտպանյալ վարձակալության դեպքում վարձակալի իրավունքը կալվածքի վրա տարածվում է երեք սերունդ. համաձայնագիրը ստորագրած վարձակալը համարվում է առաջին սերունդ, և նրա մահից հետո իրավունքն անցնում է նրա կնոջը, որը համարվում է երկրորդ սերունդ: Կնոջ մահից հետո իրավունքը անցնում է ավագ զավակին, որը համարվում է երրորդ սերունդ: Նրա մահից հետո կալվածքը վերադառնում է սեփականատիրոջը:

Ոչ պաշտպանյալ վարձակալության դեպքում վարձակալը ամեն ամիս պատրիարքությանը վճարում է կողմերի միջև պայմանագրով սահմանված վարձավճարը: Վարձակալության պայմանագիրը կարող է դադարեցվել, եթե վարձակալը չհարգի պայմանագրի որևէ կետ:

Կալվածքների վարձակալները հիմնականում հայեր են: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կալվածք չի վաճառում:

Երուսաղեմի Հայոց պատրիարքութիւնը միշտ զգոն է թե՛ կալվածքների և թե՛ Սուրբ Երկրում դարերի ընթացքում ստեղծված հարուստ հայկական ժառանգության պաշտպանության գործում:

– Վերջին տարիներին խոսվում է այն մասին, որ Երուսաղեմի հայկական համայնքը կրճատվում է, ինչը մեծապես մտահոգիչ է հայկական ժառանգության պահպանման, հակահայկական քարոզչությանն ու քայլերին դիմագրավելու տեսանկյունից։ Համայնքի կրճատման մասին խոսակցություններն արդյոք ուռճացվա՞ծ են։

– Վերջին տասնամյակին Սուրբ Երկրի հայերի թիվը կայուն է: Արտագաղթ  գրեթե չկա: Համայնքը համալրվում է հայերով, որոնք ամուսնանում են երուսաղեմահայերի հետ և տեղափոխվում Երուսաղեմ՝ բնակության համար:

– Անցյալ տարի Հայաստանն Իսրայելում դեսպանություն բացեց։ Արդյոք մեր դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնո՞ւմ են վերը նշված հարցերը, ի՞նչ է փոխվել դեսպանության բացումով Իսրայելի հայկական համայնքի կյանքում։

– Հայաստանի Հանրապետության դեսպանը դեռ չի հաստատվել Իսրայելում: Անկասկած, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը իր ամբողջական  աջակցությունն է ցուցաբերում Սուրբ Երկրում Երուսաղեմի Հայոց պատրիարքության առաքելությանը:

Հայկական համայնքին դեսպանությունը մատուցում է ծառայություններ, որոնցից մինչև հիմա զրկված էր համայնքը և որոնք միայն դեսպանատունը կարող է մատուցել:

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Լուսանկարը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքության էջից 

https://www.civilnet.am/news/2020/02/14/Երուսաղեմի-Հայոց-պատրիարքությունը-միշտ-զգոն-է-կալվածքների-ու-հայկական-ժառանգության-պաշտպանության-հարցում%E2%80%A4-դիվանապետ/376372

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın