İçeriğe geçmek için "Enter"a basın

Զարեհ Սինանյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի հետ

Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի  Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը պատմեց Սուրբ Էջմիածին եկեղեցում իրականացված հիմնանորոգությունների և հոգևոր-մշակութային գործունեության մասին: Այնուհետ հանձնակատարը այցելեց «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, շրջայց կատարեց: Կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը հյուրերին ներկայացրեց այստեղ գործող նախակրթարանը, մայրենիի ուսուցման մեկօրյա վարժարանները, երգի, պարի, վոկալի, դհոլի, դուդուկի, շախմատի խմբակները:

Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց կենտրոնի հայապահպան գործունեությունը և համագործակցությունն ավելի սերտացնելու պատրաստակամություն հայտնեց:

Այնուհետ «Հայարտանը» Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Թբիլիսիի համայնքի ներկայացուցիչների հետ:  Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը խոսեց Հայաստան-սփյուռք գործակցության ուղղությունների և առաջնահերթությունների մասին, նշեց, որ այսօր կերտվում է մարդակենտրոն Հայաստանի Հանրապետություն, որը պիտք է ծառայի իր քաղաքացիներին, հիմնված լինի արդարության, հավասարության, ճշմարտության գաղափարների վրա: Անդրադարձ կատարելով վիրահայ համայնքին՝ հանձնակատարը շեշտեց, որ տարաբնույթ դժվարություններով հանդերձ՝ համայնքն ամեն ինչ անում է հայ ինքնությունը պահպանելու համար, հայերը Վրաստանի լավ քաղաքացիներ լինելով՝  նաև շարունակում են  լավ հայ մարդ մնալ: Զարեհ Սինանյանը խոսեց նաև համայնքային մի շարք խնդիրների և դրանց լուծման կարևորության մասին:

2 ժամից ավելի տևած հանդիպման ընթացքում մասնակիցները Գլխավոր հանձնակատարին բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնց գերակշիռ մեծամասնությունը վերաբերում էին հայապահպանությանը, հայոց լեզվի դասավանդմանը, մշակութային նախաձեռնություններին և ծրագրերին, համայնքային կառույցների հետ աշխատանքի առանձնահատկություններին, հայրենադարձությանը, գրասենյակի 2020 թվականի ծրագրերին, փոխայցելություններին, հայ-վրացական միջպետական հարաբերություններում հայ համայնքի դերին:

Այսօր արդեն Զարեհ Սինանյանը կուղևորվի Ախալցխա, որտեղ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ, կայցելի թիվ 3-րդ հայկական դպրոց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Ծուղրութ գյուղ: Փետրվարի 5-ին՝ այցի վերջին օրը, հանձնակատարը առանձին հանդիպումներ կունենա Ախալքալաքի և Նինոծմինդայի հայության հետ, կայցելի Սուրբ Խաչ եկեղեցի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, Նինոծմինդայի  մշակույթի տուն,  Գանձա գյուղ:

https://news.am/arm/news/558306.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın