İçeriğe geçmek için "Enter"a basın

Մաշալյան. «Օսմանյան շրջանում այստեղ 2.5 մլն հայ էր ապրում, այժմ՝ 40-60 հազար»

Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հյուրընկալվել է թուրքական «A Haber» լրատվականին: Պատրիարքը խոսել է ԱՄՆ-ի Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Հայ-թուրքական հարաբերությունների անցյալի ու ներկայի առումով նա կրկին ակնարկել է 2 երկրների միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերին՝ Մաշալյանն ասել է. «Մեր անհատական զարգացման մեջ 1915-ի դեպքերը գենետիկայով են փոխանցվում, վիշտը վերապրած ընտանիք չկա: Օսմանյան շրջանում 2-2.5 միլիոնանոց հայ ժողովուրդ կար: Այս պահին Թուրքիայում 40-60 հազար հայ է ապրում: Վերջին 100 տարվա ընթացքում այս հողերի վրա ապրող հայերի թվի կտրուկ նվազում է տեղի ունեցել»:

Մաշալյանի խոսքով, սակայն, ոչ միշտ է 2 ժողովուրդների ընդհանուր պատմությունը լի եղել խնդիրներով:

«Հայկական և թուրքական մշակույթները շատ մոտ են իրար: Թուրքական արվեստի ու երաժշտության մեջ ավանդ ունեն հայ երաժիշտները: Հայերը իրենց բաժինն ունեն այս մշակույթի ու քաղաքակրթության ստեղծման մեջ, այդ պատճառով հայերը այստեղ տանն են զգում իրենց»:

Պատրիարքը տեսակետ է հայտնել, որ Հայաստանում գուցե վիճակն ավելի լավ է՝ մատնանշելով երկու պատճառ. «Առաջինն այն է, որ Հայաստանը Օսմանյան կայսրության մաս չի եղել: Հայաստանի անկախացումից հետո 30 տարվա ընթացքում աշխատանք փնտրելու, զբոսաշրջության նպատակով 100 հազարավոր հայեր են այնտեղից Թուրքիա եկել ու գնացել: Նրանց լավ են դիմավորել այստեղ, նրանք լավ տպավորություններով են վերադարձել: Ի վերջո, դա (Հայաստանը) առանձին երկիր է, այդ պատճառով էլ այս ցեղասպանության հարցը նրանց օրակարգի 1-ին, 2-րդ հորիզոնականում չէ» նշել է պատրիարքը:   

ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդպիսի իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության բացակայության պատճառով:

«Եթե 2 երկրները չկարողանան նստել ու խոսել այս թեմաների շուրջ, ապա դրանք օրակարգ են բերելու Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական կամ ռազմավարական խնդիրներ ունեցող 3-րդ կամ 4-րդ երկրները»,- շեշտել է պատրիարքը՝ ավելացնելով, որ ինքն անձնապես վիրավորվում է այն բանից, որ վիշտ ապրած մարդկանց հիշողություններն օգտագործվում են որպես գործիք օրվա քաղաքականության մեջ:

Սահակ սրբազանը հիշեցրել է, որ տարիներ շարունակ բոլորը լսում են այսպիսի արտահայտություններ՝ «Կոնգրես է բերվել, արդյո՞ք կընդունվի», «ինչու՞ հանվեց օրակարգից», «ինչու՞ է բերվել Կոնգրես»:

«Դրանք միշտ լսել ենք: Ինչպիսի՞ սակարկություններ են արվում, արդյո՞ք այդ ամենից հայերն ու թուրքերը շահում են: Հարաբերությունները կարգավորվու՞մ են, թե՞ ռմբահարվում են փխրուն կամուրջները»,- թեման եզրափակել է Մաշալյանը:

Նա նաև նշել է նաև, որ հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում փոքրամասնությունների համար ամենաբարենպաստ շրջանն Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կառավարման ժամանակահատվածն է:

«Պետությունը երկխոսեց մեզ հետ, կա մի կառավարություն, որը հետաքրքրվում է մեր խնդիրներով: Դա գոհացնում է մեզ»,- նշել է Պոլսի հայոց նորընտիր պատրիարքը:

https://www.ermenihaber.am/am/news/2019/12/23/Մաշալյան-Օսմանյան-հայ/172617

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın