İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ. «Թատերախաղը գրված էր Մաշալյանի վրա»

Մարինե Մարտիրոսյան

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության արդյունքները կարելի է ասել հայտնի են: Երեկ Ստամբուլի հայ համայնքում տեղի ունեցած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել են պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող պատվիրակները: Սա համարվում է պատրիարքական ընտրությունների առաջին փուլ կամ աստիճան:

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը երկու փուլով է տեղի ունենում: Առաջինում ընտրվում են պատվիրակներ հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչներից: Դեկտեմբերի 7-ին կրոնական ժողովն ընտրել է 17 պատվիրակի, իսկ ամսի 8-ին հայ համայնքն ընտրել է 102 պատվիրակ: Պատվիրակներն իրենց հերթին պետք է ընտրեն պատրիարքին:

Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը 2010-2019 թթ. պատրիարքական փոխանորդն էր: Ընտրությունների նախաձեռնակ մարմնի հրապարակած նախնական արդյունքներով՝ դրանց մասնակցել է 13.704 ընտրող: Սահակ եպիսկոպոսի կողմնակիցները հաղթել են՝ ստանալով 9008 ձայն, իսկ Արամ արքեպիսկոպոսի կողմնակիցները հավաքել են 3529 քվե: Ստամբուլում հրատարակվող «Ակոս» օրաթերթի տվյալներով՝ արձանագրվել է 744 անվավեր քվե, 377 ծրար էլ դատարկ է գցվել քվեատուփը: Այսպիսով՝ համայնքային 102 պատվիրակներից 89-ը լինելու են Մաշալյանի աջակիցները, 12-ը՝ Աթեշյանի, մեկ հոգի էլ ընտրվել է որպես անկախ պատվիրակ:

Դեկտեմբերի 11-ին տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլը, այդ օրն էլ պաշտոնապես հայտնի կդառնա 85-րդ պատրիարքի անունը:

Ինչպե՞ս անցան ընտրությունները

Պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ ընտրություններին չմասնակցողները մեծ թիվ են կազմել, մասնակցությունը, ըստ նրա, եղել է ընդամենը 36 տոկոս: «Այո, ինչքան որ տարբեր տվյալներ հայտարարվեն, ժողովրդի մեծամասնությունը, հատկապես՝ երիտասարդությունը, չուզեց իր մասնակցությունը բերել այս զավեշտալի թատրոնին: Ամեն ինչ բեմադրված էր օգոստոս ամսվա սկզբներին, արդեն թատերախաղը գրված էր Մաշալյանի վրա, այսինքն՝ հայտնի էր իր պատրիարքությունը, մնացածը պարզ բեմադրություն էր»,- ասում է Չալըքման-Գավրիլոֆը:

Գայուշ Չալըքման-Գավրիլոֆ

Հարցին, թե երեկվա ընտրություններից հետո ինչ տրամադրություններ են տիրում համայնքում, մեր զրուցակիցը պատասխանում է, որ Մաշալյանի համակիրներն, անշուշտ, ուրախ են, ու երեկ գիշեր երգելով, պարելով, կերուխումով նշել են իրենց հաջողությունը:

Այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սահմանափակում է մտցրել պատրիարքի ընտրության կարգում, համաձայն որի՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն Պոլսո պատրիարքարանին ենթակա եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները: Դա նշանակում էր, որ ՀԱԵ Գուգարաց թեմի առաջանորդ, ծնունդով Մալաթիայից Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը չէր կարող մասնակցել ընտրություններին: Մեր հարցին, թե ինչու թուրքական իշխանությունները գնացին այդ քայլին, պոլսահայ գործիչն ասում է. «Թուրքական իշխանությունները Սուլեյման Սոյլուի (ՆԳ նախարարն է- հեղ.) բերանով արդեն հայտարարեցին, թե ինչ որ իրենց թելադրված է, կիրարկած են իրենք: Այսինքն՝ այդ կանոնագիրը պատրաստված է հայ համայնքի մի շարք գործիչների ձեռքով»:

Նշենք, որ Սեպուհ արք. Չուլջյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ անդրադառնալով պատրիարքի սպասվելիք ընտրությանը. «Այլեւս բացարձակ ճշմարտություն է, որ «կանոնադրական փոփոխության» ծրագրավորված բեմադրության իրական պատճառը հիմնականում իմ անձն էր, քանի որ ընտրություններում Թուրքիայի հավատավոր հայ ժողովրդի մի ստվար հատվածի աջակցությունն ինձ անկասկած որոշիչ կարող էր լինել»:

Հայկական համայնքը կորցրե՞ց նոր շնչի ակնկալիքը

Դեռեւս այս տարվա մայիսին պատրիարքի ընտրությունների մասին խոսելիս Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը ասել էր, որ Ստամբուլի հայ համայնքը նոր շնչի կարիք ունի: «Հետքի» հարցին, թե կարող է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դառնալ այդ նոր շունչը, մեր զրուցակիցն ասում է. «Կուզեմ հավատալ, որ պիտի սխալվեմ, բայց, դժբախտաբար, իմ կարծիքով, Սահակ Մաշալյանը ոչ թե նոր շունչ է փչելու համայնքի մեջ, այլ եղածն էլ պիտի հանգցնի: Եղածը սնուցում է իմ մտավախությունները, պիտի տեսնենք, շատ կուզեի սխալվել»:

Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Պոլսահայ գործչի խոսքով՝ Սահակ եպս. Մաշալյանից ոչ մի ակնկալիք չի կարող ունենալ, քանի որ վստահություն չունի: ««Ես այս համայնքին համար տղամարդկությունս զոհեցի» ասող բարձրաստիճան հոգեւորականը, իր հոգեւոր եղբայրների շահերն անտեսող, 12 եպիսկոպոսի եւ 50-հազարանոց համայնքի ապագան ձերբակալողների, ծուղակ լարողների չդիմադրող առաջնորդը արդյոք ինչքանով տեր կլինի իր հոտին»,- նկատում է Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը:

Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, սոցցանցերի իր էջերում անդրադառնալով պատրիարքի ընտրություններին, նշել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու եւ ընտրյալին չի ճանաչելու որպես իր պատրիարք: «Պատմությունը իր սեւ էջերի վրա պիտի արձանագրի այն պետական պաշտոնյաներին, որոնք մեր պատիվը խաղալիքի վերածեցին, այն հոգեւորականներին ու վարիչներին, որոնք գործակցեցին նրանց հետ»,- եզրափակել էր հայ պատգամավորը:

Առաջին լուսանկարում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը

https://hetq.am/hy/article/110805?fbclid=IwAR2RD1Q0dxHZumgOyAeYqGbcyLaOdVmXVkumee89Ja_rDaxx6mTAGLCDkyk#.Xe6m3YVRbcV.facebook

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın