İçeriğe geçmek için "Enter"a basın

Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար. Փաշինյանը՝ «WCIT 2019»-ում (ֆոտո)

Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովում իր բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ):

Նա, մասնավորապես, իր ելույթում նշեց.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսի  հարգելի մասնակիցներ, հյուրեր,

Ողջունում եմ ձեզ Երեւանում համաշխարհային  նշանակության այս հավաքի բացման առիթով: Մեզ համար մեծ պատիվ է եւ հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն լավ առիթ է ձեզ եւ ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու, Հայաստանը բարձր տեխնոլոգիանական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին:

Ես հույս ունեմ, որ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկրին համակել է նախորդ տարի ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո:

Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, որի արդյունքում ՀՀ-ն համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն: Մենք հիմա գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ, որովհետեւ մենք տնտեսական հեղափոխության հիմնական միջոց համարում ենք յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, որ նա անում է ոչ թե կառավարության հրահանգով, այլ իր անձնական որոշումներով ու հավակնություններով:

Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում: Այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ: Մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է արձանագրում, ունենք տուրիզմի 13 տոկոս աճ: Տպավորիչ աճ է գրանցում նաեւ տեեխնոլոգիական ապրանքների արտահանումը: Առաջին 7 ամսվա տվյալներով, միջին տեխնոլոգիական ապրանքների արտահանումը աճել է 40,9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը՝ 34,4 տոկոսով:

Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորարական առաջատար երկրներից մեկը աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն: Այս նպատակը մեզ հասանելի եւ իրատեսական է թվում նաեւ այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են:

1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանը ստեղծեց կերոսինային լամպը: 1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սեորբյանը ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը եւ այդ կանաչը մինչեւ հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն: 1911 թվականին Գաբրիել Կազանչյանը ստեղծեց մազեր չորացնող սարքավորումը՝ ֆենը: 1916 թվականին Ստեփան Ստեփանյանը ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում նույնքան տարածված է, որքան ֆենը: 1930-ականների Հովհաննես Ադամյանը ձեւակերպեց եւ ստեղծեց այն ալգորիթմը, որը հնարավոր դարձրեց գունավոր հեռուստացույցների ստեղծումը:

1931 թվականին Ասատուր Սաֆարյանը ստեղծեց ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփը: 1939 թվականին Լյութեր Գեւորգ Սիմիջյանը ստեղծեց բոլորիս հայտնի բանկոմատը, որը նույնքան տարածված է, որքան դոլարը, ֆենը, բետոնի մեխանիկական խառնիչը, որքան գունավոր հեռուստացույցը եւ ավտոմատ փոխանցումով ավտոմեքենան»:

Այս խոսքերից հետո դահլիճն սկսեց ծափահարել, ինչին ՀՀ վարչապետը ժպիտով արձագանքեց. «Սա դեռ վերջ չէ, իզուր եք շտապում»:

Նա շարունակեց. «1960-ականներին Միքայել Տեր-Պողոսյանը դարձավ տոմոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, որը հեղափոխության նշանակության նորարարություն էր առողջապահության ոլորտում: 1970-ականներին Ռայմոնդ Տամատյանը ստեղծեց մագնիսական ռեզոնանսային սկանավորման սարքը, որը մի նոր հեղափոխություն դարձավ առողջապահության ոլորտում: Այս երկու հայտնագործությունները հարյուր միլիոնավոր կյանքեր են փրկել ամբողջ աշխարհում: 1995-ին Էմիկ Ավակյանը ստեղծեց հաշմանդամություն ունեցող անձանց համար նմախատեսված ինքնագնաց սայլակը՝ փոխելով հաշմանդամություն ունեցող միլիոնավոր մարդկանց կյանքը:

2006-ին Յուրի Օգանիսյանը հայտնաբերեց Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրը, որը հենց իր պատվին կոչվում է Օգանեսոն: Այս թվարկումը կարելի է երկար շարոնակել՝ հիշատակելով ՄԻԳ-երի հեղինակ Արտյոմ Միկոյանին, ամերիկյան բանակում օգտագործվող հակագազերի հեղինակ Արթուր Բլբուլյանին, պլաստիկ վիրաբուժության համահիմնադիրներից մեկին՝ Վարազդատ Կազանջյանի, ժամանակակից միալծակ ծորակի հեղինակ Ալեքս Մանուկյանին:

Այս ամենը եւ այն փաստը, որ խորհրդային առաջին համակարգիչը՝ «Նաիրի» անունով, ստեղծվել է Հայաստանում, այն փաստը, որ մեր բազմաթիվ հայրեակիցներ գործուն մասնակցություն են ունեցել խորհրդային եւ ամերիկյան տիեզերական ծրագրերում, այն փաստը, որ այսօր էլ համաշխարհային տեխնոլոգիական նորարաության ոլորտում  մեր շատ հայերանակիցներ լրջագույն հաջողություններ են գրանցում, մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանը իսկապես դառնալու է տեխնոլոգիական ոլորտի կարեւոր կետերից, կենտրոններից մեկն աշխարհում: Այդ նպատակով ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինեւ 2023 թվականը ազատված են շահութահարկից եւ վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտային հարկ: Որպես արդյուքն մեր երկրում ՏՏ ոլորտը վերջին 7 տարում աճել է շուրջ 5 անգամ: Ամեն տարի 20-25 տոկոսանոց կայուն աճ է գրանցում:

Մենք  խնդիր ենք դրել լրջագույն ձեւով զարգացնել կրթությունը: Մենք ասում ենք, որ ՀՀ-ում կրթությունը պետք է դառն ազգային ապրելակերպ:

Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար: Ինչպես երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Սինգապուրը, Իրանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան սեփական տաղանդը զարգացնելու եւ դրսեւորելու կրթություն ստանալու եւ հայտանգործություններ անելու հնարավորություն են տվել Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցները, որոնց մի մասին ես հիշատակեցի որպես համաշխարհային նշանակության նորարարությունների հեղինակների, այնպես էլ հիմա ազատ եւ զարգացող, ինքնիշխան Հայաստանը դառնում է ավելի ու ավելի գրավիչ երկիր տեխնոլոգիական, կրթական, նորարարական ներդրումների գործունեության եւ կրթության համար:

Մենք ընդամենը ամիսներ առաջ ստեղծել ենք նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի ոլորտով հետաքրքրված բոլոր մասնագետները, սկսնակները, ներդրողները իմանան, թե Հայաստանում որնէ  իրենց հասցեն: Բարձր նեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այս համաժողովը ՀՀ-ում անցկացնելու ամենամեծ ջատագովներից մեկն էր: Ես հույս ունեմ, որ այս իրադարձությունը շատ բան կփոխի տեխնոլոգիական աշխարհի եւ Հայաստանի հարաբերություններում: Մեզ բոլորիս հաջողություններ եմ մաղթում բարձր տեխնոլոգիաների միջոցով աշխարհն ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող դարձնելու գործում:

Տեխնոլոգիան տեխնոլոգիա, բայց խնդրում եմ բաց չթողնեք Հայաստանի արեւահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինին ու կոնյակը վայելելու բացառիկ հնարավորությունը: Եվ իհարկե, հայկական աշունը, որը տաք ու հյուրընկալ է ինչպես միշտ:

Հույս ունեմ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանը վայելելու ժամանակ է թողել մեր բոլոր հյուրերի համար»:

https://news.am/arm/news/537419.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın