İçeriğe geçmek için "Enter"a basın

Գարեգին Բ-ն ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է Մերձավոր Արեւելքում տիրող մտահոգիչ իրավիճակը

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Էզզադդին Ռաշիդ Հաջիին:

Վեհափառ Հայրապետը նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին մաղթեց արդյունավոր առաքելություն Հայաստանում` ի շահ եւ ի բարօրություն երկու երկրների եւ ժողովուրդների: 

Հանդիպմանը Հայոց Հայրապետը խոսեց երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերի մասին` հույս հայտնելով, որ պրն. Էզզադդին Ռաշիդ Հաջիի գործունեությունը կնպաստի նաեւ առկա գործակցության առավել խորացմանն ու զարգացմանը: 

Անդրադառնալով Իրաքում հայ համայնքի կյանքին` Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ շնորհիվ Իրաքի իշխանությունների հոգատար վերաբերմունքի Հայոց Ցեղասպանությունից հետո երկրում ապաստան գտած հայորդիները հնարավորություն են ունեցել ազատորեն ապրելու իրենց ազգային եւ հոգեւոր կյանքով եւ իրենց նպաստը բերելու երկրի առաջընթացին:

Իր հերթին ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարն անդրադարձ կատարեց հայ-իրաքյան համագործակցության արձանագրած արդյունքներին եւ հայ համայնքի կյանքին: Փոխադարձ կապերի զորացման գործում պրն. Էզզադդին Ռաշիդ Հաջին կարեւոր նկատեց Հայոց Եկեղեցու դերակատարությունը:

Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնավորի զորակցությունը Իրաքի ժողովրդին, որպեսզի վերականգնի իր խաղաղ, ապահով ու բարօր կյանքի ընթացքը: 

https://news.am/arm/news/537503.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: