İçeriğe geçmek için "Enter"a basın

Պուտինն ու Ռոհանին՝ Երևանում․ 1827-ի այս օրը ռուսները պարսիկներից գրավեցին Հայաստանի մայրաքաղաքը

Թաթուլ Հակոբյան

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում հավաքվել են ԵԱՏՄ երկրների և Մոլդովայի, Իրանի ու Սինգապուրի առաջնորդները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ հոկտեմբերի 1-ին միաժամանակ Երևանում գտնվելը խորհրդանշական է։

1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը Երևանը և ապա Արևելյան Հայաստանը գրավեցին պարսիկներից։ Պատմության մեջ առաջին անգամ Երևանը մաս կազմեց Ռոմանովների կայսրության, իսկ հետագա երկու հարյուրամյակների ընթացքում այս կամ կերպ գտնվեց ռուսական քաղաքականության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ։

Ռուսների համար Երևանի բերդի գրավումը այնքան կարևոր ու ցնծալի էր, որ Թիֆլիսում նստող գեներալ Պասկևիչը, ի նշանավորումն ռուսական զենքի հաջողության, հրաման տվեց Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը անվանել Երևանյան։ Այսօր էլ հին թիֆլիսցիները մայրաքաղաքի կենտրոնական՝ Ազատության հրապարակը, կոչում են հին անունով՝ Էրեվնիս մոեդանի։

Անշուշտ, այսօր ոչ միայն Հայաստանն ու Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը, այլև Ռուսաստանն ու Իրանն են դաշնակիցներ։ Բայց, ինքին, պատմությունը ուշագրավ զուգահեռներ ու խորհրդանիշներ ունի։

Երբ ռուսները պարսիկներից՝ Սեֆյան Պարսկաստանից գրավեցին Երևանն ու Արաքսից ու Ախուրյանից այս կողմ գտնվող հայկական հողերը, Արևելյան Հայաստանը մասամբ կամ ամբողջովին հայաթափված էր։ Շահ Աբասը 1600-ական թվականներին Կարսից մինչև Նախիջևան սրբել-քշել էր հայերին դեպի իր կայսրության խորքերը։ Հայահոծ էին մնացել Արցախն ու Սյունիքը, մասամբ՝ Լոռին, որոնք երկար ժամանակ կտրված էին Երևանից ու Արարատյան դաշտից։

Երևանի գրավումից ամիսներ անց՝ 1828-ին, ռուսները ձևավորեցին Երևանի մարզը (Армянская область), որի մեջ մտան Երևանի և Նախիջևանի խանությունները՝ շուրջ 20 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։

1045 թվականի Բագրատունիների թագավորության անկումից հետո Հայկական լեռնաշխարհի Արևելյան Հայաստանի հատվածում հստակ սահմաններով ձևավորված առաջին հայկական վարչական միավորը Հայկական մարզն էր, որը անկախ չէր և մտնում էր Ռոմանովների Ռուսաստանի կայսրության մեջ: Հայերի՝ արևելահայերի նպատակն էր ստեղծել ինքնավար պետություն ռուսական գերիշխանության ներքո: Այդ ցանկությունը Նիկոլայ Առաջին ցարը մասամբ իրականացրեց:

Երևանի մարզը՝ իր հստակ վարչական սահմաններով, գոյություն ունեցավ մինչև 1840 թվականը, որից հետո ռուսները մի քանի վարչական բաժանումների ենթարկեցին ամբողջ Անդրկովկասը։

Երբ ռուսները պարսիկներից գրավեցին Երևանն ու Արարատյան դաշտը, Արևելյան Հայաստանը մասամբ կամ հիմնականում բնակեցված էր մուսուլմաններով, ինչպես շիա, այնպես էլ՝ սուննի։

Սանկտ Պետերբուրգի համալսարանի՝ ֆրանսիական ծագումով ռուս պատմաբան և ազգագրագետ Իվան Շոպենը երեք տարի շրջեց Արևելյան Հայաստանում և ներկայացրեց բնակչության պատկերը։

Այսպես, 1831 թվականին Երևանն ունեցել է 11 920 բնակիչ, որից 4 484-ը՝ հայ, 7 331-ը՝ իսլամ, 105-ը՝ այլ։ Երևանն ուներ 8 մզկիթ և 6 եկեղեցի։

1832 թվականին Երևանի նախկին խանության ողջ տարածքում, որն արդեն կոչվում էր Հայկական մարզ, բնակչության ընդհանուր թիվը 115 106 էր, որից տեղացի հայերը` 19 878, Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից` Օսմանյան կայսրությունից 1828-29թթ. տեղափոխված հայերը` 45 207, մուսուլմանները` 49 872: Այսպիսով, 1832-ին նախկին Երևանի խանության տարածքում հայերի թիվը 65 085 էր, մուսուլմանների թիվը` 49 872:

Ովքե՞ր էին այս մուսուլմանները: Նրանք հիմնականում երեք ազգության ներկայացուցիչներ էին՝ պարսիկներ (շիա), քրդեր (սուննի և շիա) և թուրքեր կամ Անդրկովկասի մուսուլմաններ (շիա և սուննի), որոնք ներկայացնում էին 21 ցեղեր: Ըստ Շոպենի, այդ ցեղերից էին կարափափախները (սև գլխարկ կրողներ), այրումլուները, սեիդլու-ախսախլուները, մողանլուները, սաադլուները և այլն: Անգամ այն բանից հետո, երբ ռուսները պարսիկներից գրավեցին Անդրկովկասը, թուրքական այս ցեղերը հիմնականում մնացին նոր ձևավորված Հայկական մարզում: Ընդամենը 1800 մուսուլման թուրքեր հեռացան Երևանի խանությունից, երբ սկսվեց ռուս-պարսկական պատերազմը 1827-ին: Այս 1800 մուսուլման թուրքերը պատկանում էին բյույուկ չոբանկարա ցեղին: Այս ցեղի շուրջ 1000 ներկայացուցիչներ շարունակեցին բնակվել Երևանի խանության տարածքում, որը արդեն 1828-ին անվանվում էր Հայկական մարզ և մաս էր կազմում ցարական Ռուսաստանի:

Ուշագրավ է, որ ռուսների գրավումից հետո Հայկական մարզը լքեցին գրեթե 15 հազար քրդեր, որոնք ներկայացնում էին յոթ հիմնական ցեղախմբեր: Եվս շուրջ 11 հազար քրդեր չհեռացան և շարունակեցին բնակվել այն տարածքում, որը կազմում է այսօրվա Հայաստանը: Դրանցից ավելի քան 6 հազարը շիա քրդեր էին (հինգ ցեղախմբեր), 4 հազարը՝ սուննի քրդեր (շուրջ 10 ցեղախմբեր), ինչպես նաև եզդիներ, որոնց թիվը կազմում էր 324 հոգի ընդամենը: 

https://www.civilnet.am/news/2019/10/01/Պուտինն-ու-Ռոհանին՝-Երևանում%E2%80%A4-1827-ի-այս-օրը-ռուսները-պարսիկներից-գրավեցին-Հայաստանի-մայրաքաղաքը/368020

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın