İçeriğe geçmek için "Enter"a basın

Սուրբ հայրապետներ Բարաղամի, Անթիմոսի և Երանոսի հիշատակության օր

Ս. Բարաղամը (250-304) ապրել է Անտիոքի շրջանում և նահատակվել Դիոկղետիանոս կայսեր օրոք: Իր հավատի համար ձերբակալվում է և ատյան տարվում: Մերժում է կուռքերին զոհ մատուցել, որն էլ զայրացնում է դատավորին: Վերջինս հրամայում է նրա բաց ափի մեջ եռացող խնկաման դնել, այն հույսով, որ ծերունին չի դիմանա և խունկը կթափի զոհասեղանին: Սակայն առաքինի և աստվածապաշտ ծերունին, անտեսելով ցավը, անշարժ պահում է ձեռքն այնքան ժամանակ, մինչև այրվում է, և այդ անասելի տանջանքների մեջ սուրբն ավանդում է հոգին:

Ս. Անթիմոսը եղել է Նիկոմիդիայի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս և Մաքսիմոս կայսրերի օրոք քրիստոնյաներին մեղադրում են կայսերական պալատի հրկիզման մեջ և սկսվում է քրիստոնյաների հալածանքը: Այդ  պատճառով, իր հոտի խնդրանքով Անթիմոսն ստիպված լեռներն է բարձրանում: Հենց այդ ժամանակ նահատակվում է Թեոփիլիոս սարկավագը` եպիսկոպոսին չմատնելու համար: Բայց կայսրը, իմանալով Սրբազանի գտնվելու վայրը, իր զինվորներին ուղարկում է նրա ետևից: Վերջիններիս սուրբը հյուրասիրում է և չնայած զինվորների` իրենց չընկերանալու բազմաթիվ հորդորներին, հոժարակամ գնում և ներկայանում է ատյան: Անթիմոսի հաստատակամությունն ու նրա քարոզները լսելով՝ 20 զինվոր դարձի են գալիս և մկրտվում: Դատարանում, հարցաքննության ժամանակ, նա վստահ և համարձակ պատասխաններ է տալիս, որոնց համար բազում տանջանքներից հետո 303 թվականին գլխատվում է:

Ս. Երանոս եպիսկոպոսը ևս նահատակվել է Դիոկղետիանոսի օրոք, Պանոնիայի Սիրմիա քաղաքում: Դատավարության ժամանակ ծնողներն ու հարազատները համոզում են, որ խղճա իր երիտասարդությունն ու երեխաներին, սակայն սուրբը պատասխանում է, որ երեխաներն Աստված ունեն, որ միշտ հոգ է տանում նրանց համար: Նա անդրդվելի է մնում և իր հավատից չի հրաժարվում: Իր անսասանության համար չարչարանքներից հետո գլխատվում է: 

https://www.qahana.am/am/holidays/2019-09-26/1

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın