İçeriğe geçmek için "Enter"a basın

Փակ վարագույրի բացումը. «Պոլսահայությունը՝ «կա»-ի եւ «չկա»-ի միջեւ»

Մարինե Մարտիրոսյան

Պոլսահայությունը գտնվում է «կա»-ի եւ «չկա»-ի միջեւ: Այսպիսի եզրակացության է եկել պոլսահայ լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն, ով խոշորացույցի տակ է առել Պոլսի հայ համայնքի կյանքը 1990-ականներից մինչեւ հիմա: Լրագրողն իր ուսումնասիրած նյութերի, հարցազրույցների, անձնական արխիվի հիման վրա որպես ականատեսի պատմություններ նոր գիրք է գրել: Նա հետազոտել է պոլսահայության կյանքի սխալները, վերհանել Պոլսի հայոց պատրիարքարանի խնդիրները, բարձրացրել հարցեր, թե ինչու, օրինակ, պոլսահայերը հասան այս օրվան՝ կորցնելով լեզուն ու մշակույթը: Հեղինակը գիրքը վերնագրել է «Պոլսահայությունը՝ «կա»-ի եւ «չկա»-ի միջեւ»:

«Ինչո՞ւ այդպես, որովհետեւ ժողովուրդը ձեւով մը կվերջանա, եթե չժողովինք, սիրիահայությունից հետո սա եւս կորուստ պետք է ըլլա բոլոր հայերուն, որովհետեւ պոլսահայությունը ձեւով մը ոգին է արեւմտահայության եւ օջախ մըն է իսկապես»,- մեզ հետ զրույցում նշում է Վ. Զիֆլիօղլուն:

Գիրքը թրքերեն է, լույս է ընծայել Թուրքիայի ամենահին եւ ամենամեծ հրատարակչատներից մեկը՝ «Սոցիալը»: Տպվել է 1500 օրինակ, որոնք տարածվելու են ամբողջ Թուրքիայի տարածքում: Մեր զրուցակիցն ասում է, որ գրքի վրա սկսել է աշխատել անցյալ տարվանից: 

Ըստ Վերջիհանի՝ 1990-ականներին պոլսահայության մեջ ոգի կար: Գրքի նյութն սկսվում է հենց այդ ժամանակներից: Սակայն 2000-ականների սկզբին, հեղինակի փոխանցմամբ, պոլսահայությունն սկսեց դադարել կրել հայկական մշակույթը, լեզուն, ինքնագիտակցությունը: «Եվ հարցումն այն է, թե արդյոք մենք այդ խոշոր եւ ցավալի պատկերով հիմա պետք ունեինք Անկարայի մեջ երեսփոխաններ ունենալու, կամ նրանք կարողանո՞ւմ են կատարել իրենց դերերը այսպիսի համայնքի մեջ: Ռուս եւ գերմանացի սոցիոլոգները պրոֆեսիոնալ տվյալներով համեմետում են՝ պոլսահայերը հիմա համա՞յնք են, թե՞ բազմություն, որ ապրում են Պոլսո մեջ»,- նշում է գրքի հեղինակը: Ըստ նրա՝ զգալի թվով հայաստանցիներ Թուրքիայի հպատակ են դարձել, ապրելով Թուրքիայի մեջ, իսկ ահա պոլսահայությունն սկսել է գաղթել Հայաստան ու օտար երկրներ, եւ պատկերն օրեցօր փոխվում է:

Վերջիհան Զիֆլիօղլու

Վերջիհանի խոսքով՝ պոլսահայությունը ինչեւ 1988 թ. Սպիտակի երկրաշարժը չէր խոսում Հայաստանի մասին: Պատճառները քաղաքական էին, իսկ ավելի ուշ Պոլսում սկսեցին հաստատվել հայաստանցիները: «Գրքում հասնում եմ այս օրերին՝ Հայաստանն ու հայաստանցիներն ի՞նչ իմաստ ունեն պոլսահայության մեջ, եւ այդ մեծ նկարի մեջ ի՞նչ դեր են ստանում: Ընդհանրապես հայ տղամարդիկ՝ 50-ն անց կամ ավելի ծեր, ամուսնանում են հայաստանցի աղջիկների հետ՝ ինքնությունը փնտելով այդ ամուսնությունների մեջ: Ցավալի է, որ կորսնցուցված պոլսահայությունն իր ինքնությունը փնտրում է սովետական մշակույթի մեջ տարիներով մնացած Հայաստանի մեջ. ժխտական կողմից չեմ սկսում, այլ ասում եմ, որ պոլսահայերը կորցրեցին այդ ամենը՝ ինքնագիտակցությունը, մշակույթի ձեւերը, կերպարները»,- ասում է Վերջիհան Զիֆլիօղլուն:

Նշում է, որ գրքի պատրաստման ընթացքում Պոլսի հայ համայնքի հայտնի հասարակական գործիչներին խնդրել էր ներկայացնել իրենց մտահոգությունները, որպեսզի գոնե այդկերպ դրանք հասնեն ապագա սերունդներին, սակայն բոլորն էլ հրաժարվել են խոսել: «Եվ ես գրքում ասում եմ՝ եթե չասենք, որ թագավորը բոլորովին մերկ է, եւ եթե մեր երեսը չդարձնենք դեպի հայերին, ինչպե՞ս ապագա պետք է գտնենք. մեր ապագան Հայաստան երկիրն է, բայց պոլսահայությունը մեր պատմությունն է: Ցանկանում էի այս գրքի մեջ բացել պոլսահայության վարագույրը, որը փակվել էր»,- նշում է մեր զրուցակիցը:

Գրքում անդրադարձել է կատարվել նաեւ Հայոց պատրիարքարանի խնդիրներին, տեղի ունեցած սխալներին, թե, օրինակ, ինչու պատրիարքարանի ընտրություններն այսօրվան հասան եւ այլն: Վերջիհանն ասում է, որ եթե անգամ նոր պատրարք ընտրվի, պատրիարքարանն իր նախկին հեղինակությունը չի ունենա, ինչպես եղել է Մեսրոպ սրբազանի օրոք:

«Իմ մտածումս է այս՝ 2000-ականներից կամաց-կամաց դեպի քաղաքականություն հետեւիլ սկսեցինք «Ակօսի» ընկերակցությամբ, եւ 2007-ին Հրանտ Դինքի մահվանից հետո մեջտեղ ելան մի շարք անուններ համայնքի անունից: Համայնքը նախկինում ավելի համախմբված էր, իսկ հիմա համայնքի համախմբվածության մասին խոսելն անկարելի է: Օրինակ՝ եթե Անկարան հրաման տա, որ վաղը պատրիարքի ընտրություն պետք է անենք, վստահ եղեք՝ այդ ընտրությանը 50 հոգի հազիվ կգնա, որովհետեւ շահ չունեն, եւ տվյալներ չկան, թե այսօր պոլսահայությունը քանի հազար հոգի է»,- նշում է լրագրողը:

Նրա կարծիքով՝ պոլսահայության սխալներից մեկն այն է, որ համայնքում ամեն մարդ ցանկանում է շատ կարեւոր անուն դառնալ, համայնքի ներկայացուցիչը լինել: Լրագրողն ասում է՝ մարդիկ լեզուն, մշակույթը չգիտեն, բայց խոսում են համայնքի մասին: «Մենք՝ պոլսահայերս, շատ պետք է աշխատենք: Մեր ինքնությունը միայն Արարատին նայելով, «Արարատ» կոնյակ խմելով, Հայաստանի մեջ 7 օրով երեւակայական աշխարհով ապրելով չէ, պետք է լեզու սովորենք, մշակույթով հետաքրքրվենք, արտադրենք, արտադրումը շատ կարեւոր է»,- ասում է Վերջիհան Զիֆլիօղլուն:

Հեղինակը ցանկություն ունի գիրքը հայերեն տպագրել Հայաստանում, սակայն նշում է, որ նախկինում մի քանի անգամ հայաստանյան հրատարակչություններն իր գրքերն արեւելահայերեն թարգմանելու համար մեծ գումարներ են ուզել: «Մեծ հուսախաբություն ունեցա եւ հարցնում եմ՝ շաֆակներ ու փամուկներ եք թարգմանում, մեծ դրամներ եք ծախսում, բայց մենք՝ որպես երիտասարդ հայ սերունդ, տեղ չունենք Հայաստանում»,- նկատում է պոլսահայ լրագրողը:

Վերջիհան Զիֆլիօղլուն ծնվել է Ստամբուլում: Այսօր էլ ապրում է այդ քաղաքում: Ավելի քան 20 տարի  զբաղվում է լրագրությամբ: 4 գրքի հեղինակ է: Լույս են տեսել «Without dreams» («Անանուն երազ», 1997), «The Riddle» («Հանելուկ», 2007), «Story of Armenians in Purgatory: We do not curry favor with either Jesus or The Prophet Mohammed» («Հայերի պատմությունը քավարանում», 2015, ըստ հեղինակի, մեծ հետաքրքրություն էր առաջացրել թուրք ընթերցողների շրջանում՝ առաջին անգամ պատմելով իսլամացած հայերի մասին, ովքեր, չիմանալով իրենց հայկական ինքնության մասի միացել էին Քրդական աշխատավորական կուսակցությանը), «The eye» («Աչք», 2016), «Ինձ մի մոռացիր, Ռուսաստան. մեկ դար աքսոր» (2019):

https://hetq.am/hy/article/107885?fbclid=IwAR0QyrvskSS0BWFWMEw_TJfVPVmSL45DZAGFhwGdmUz99TvolIVhQ99VC5E

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın