İçeriğe geçmek için "Enter"a basın

Մայր Աթոռում տեղի է ունեցել գիտաժողով` նվիրված Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Սեպտեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով՝ երջանկահիշատակ Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման առիթով:

Մինչ գիտաժողովը հյուրերը հնարավորություն ունեցան դիտել կրթական կենտրոնում կազմակերպված Գարեգին Ա Հայրապետի կյանքի ու գործունեության մասին լուսանկարների և արխիվային նյութերի ցուցահանդեսը:

Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Գարեգին Երկրորդ Հայրապետը:

«Երջանկահիշատակ Գարեգին Ա. հայրապետը նվիրյալ ու շնորհալի ծառան էր Տեր Հիսուս Քրիստոսի, ով աստվածպարգև իր կյանքը ի սպաս բերեց Կենաց Խոսքի քարոզությանը մեր ժողովրդի կյանքում: Իր աշխատություններից մեկում նա այսպես է բնորոշում հավատքի մասին իր ընկալումը. «Հաւատքը արժէք ունի, երբ մեր կեանքում կը ներգործէ: Հաւատքը տեսութիւն չէ, գաղափար չէ, զարդ ու յարդարանք չէ, պարագայական խօսք չէ, չորացած, ձևականացած աւանդութիւն չէ: Կեանք է, ապրում»: Մեկ այլ հոդվածում էլ նշում է. «Հաւատալ և ապրիլ բառերը հոմանիշներ են»:

Հոգելույս Գարեգին Ա Կաթողիկոսի կյանքն ու գործունեությունը իր հավատքի արտահայտությունն էր: Նա հովվական գավազանն իր ձեռքն էր վերցրել, որովհետև հավատում էր Բարձրյալի սպասավոր լինելու՝ իր վերնային կոչմանը: Նա աղոթում ու գործում էր, քարոզում ու ստեղծագործում, հովվական խնամք մատուցում հավատացյալներին, կրթում աշակերտի՝ ծառայության միջոցով իր հավատքին մարմին հաղորդելով:  Բարեհիշատակ Հայրապետը, իր իսկ խոսքերով, ապրում էր, որովհետև հավատում էր: Նա շուրջ կես դար իր կարելին ներդրեց մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, ջանաց մեր ժողովրդի կյանքում Քրիստոսի լույսը առատացնել, Տիրոջ պատգամների ու պատվիրանների հանդէպ հավատարմությունը զորացնել, ձգտեց իր խոսքով ու իր անձնական օրինակով հավատքը կյանքի վերածելու գիտակցությունը ձևավորել:

Լուսահոգի Հայրապետը հովվական, կրթական ու աստվածաբանական մեծ ու հարուստ ժառանգությամբ ամրագրեց իր անունը եկեղեցական արդի պատմության մեջ»,- ասաց Վեհափառ Հայրապետը` ընդգծելով, որ նրա հովվական, աստվածաբանական, քարոզխոսական և բազմաթիվ այլ աշխատությունների միջոցով տակավին բազում սերունդներ պիտի ճանաչեն շնորհաշատ Հայրապետին, հաղորդ դառնան նրա հոգու ապրումներին ու աստվածաբանական մտքին, քարոզչական ու մեկնողական աստվածշնորհ կարողություններին, նրա տեսիլքներին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց, որ Աստված երկնային երանավետ օթևաններում հանգստություն պարգևի երջանկահիշատակ Հայրապետի լույս հոգուն և նրա պես բազում շնորհաշատ մշակներ  հասցնի Հայոց Եկեղեցու լույս անդաստանում՝ ծառայելու ի փառս Աստուծո և ի մխիթարություն հավատավոր մեր ժողովրդի:

Այնուհետև երանաշնորհ Հայրապետի կենսագրությանն ու հոգևոր գործունեությանը բանախոսությամբ անդրադարձավ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ապա ներկաները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած «Ամենայն Հայոց 131-րդ Կաթողիկոսը» փաստավավերագրական ֆիլմը:

Բանախոսություններ ներկայացրին նաև ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի առաջատար գիտաշխատող բ.գ.դ., դոցենտ Հայկանուշ Մեսրոպյանը («Գարեգին Քեսաբցի Կաթողիկոսը որպես հայագետ») և «Սփյուռքի գիտաուսումնական կենտրոնի» տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը («Գարեգին Առաջին՝ անջրպետ երկնահաս բարձունքի և երկրի միջև»):

Սիմպոզիումի ավարտին Վեհարանի նորակառույց հանդիսությունների սրահում կատարումներով հանդես եկավ Երևանի պետական կամերային երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի:

Հանդիսության ընթացքում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը ազգային մեծ բարերար Հայկ Տիտիզյանին փոխանցեց դեռևս 2015 թվականին նրան շնորհված «Ասպետ Սուրբ Էջմիածնի» Հայրապետական շքանշանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը որդիական սիրով և նախանձախնդրությամբ բերած բացառիկ ավանդի և աստվածահաճո ծառայությունների համար:

Տիար Հայկ Տիտիզյանն իր սրտի խոսքն ուղղեց ներկաներին՝ ի մասնավորի շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրեն նման պատվո բարձրագույն շքանշանի արժանացնելու համար:

Արարողությունն ավարտվեց Հայրապետական մաղթերգով:

https://news.am/arm/news/534937.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın