İçeriğe geçmek için "Enter"a basın

ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Անի Առաքելյան

«Հրապարակը» բազմիցս գրել է Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունների մասին։ Մեր պոլսահայ աղբյուրները հայտնում են, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի կառավարությունը տրամադրելու է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման արտոնությունն ու կանոնագիրը։ Ըստ մեր աղբյուրների հաղորդման՝ կանոնագիրը, ամենայն հավանականությամբ, հիմնված է լինելու 1961 թվականի կանոնագրի վրա, որը կիրառվել է 1991 եւ 1998 թվականների պատրիարքական ընտրությունների ժամանակ, որոշակի փոփոխություններով։

Մտավախություն կա, որ այդ փոփոխությունները լինելու են այնպիսին, որ չեզոքացնելու են Թուրքիայից դուրս պաշտոնավարող, բայց պատրիարքական աթոռի հավանական թեկնածու համարվող եպիսկոպոսների հնարավորությունները, որով կմեծանան հավանական թեկնածու համարվող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եւ գործող տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հնարավորությունները։

Մեր պոլսահայ աղբյուրները պարզաբանում են, որ դեռ մինչեւ վերջերս հակառակ ճամբարներում գտնվող արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը,  շահերի համընկնումով դարձել են դաշնակիցներ եւ փորձում են ամեն ջանք գործադրել, որպեսզի, որքան հնարավոր է, դեպի պատրիարքական աթոռ տանող դռները փակվեն Թուրքիայից դուրս պաշտոնավարող եպիսկոպոսների առաջ։ Վերջիններս նաեւ ակտիվ քարոզչական աշխատանք են իրականացնում համայնքի ներսում, հակառակ այն բանին, որ եկեղեցական օրենքով, ըստ մեր աղբյուրի հաղորդման, եկեղեցականներին անվայել ու անհարիր է քարոզչությամբ զբաղվելը։ Բացի այդ, եթե Թուրքիայում գործող եպիսկոպոսները սկսել են արդեն քարոզչությունը, ապա, մեծ հաշվով, Թուրքիայից դուրս գործող եպիսկոպոսները հնարավորություն չեն ունենա համայնքի հետ նույնիսկ ծանոթանալու եւ իրենց տեսլականն ու ծրագրերը ներկայացնելու։

Հիշեցնենք, որ խոսքը գնում է պատրիարքի թեկնածու առաջադրվելու պայմանների մասին։ Թուրքական իշխանությունը պետք է ցենզ սահմանի, թե ովքեր կարող են առաջադրվել Պոլսո պատրիարքի ընտրություններում, եւ տրամադրված է սահմանել, որ իրենց թեկնածությունը կարող են առաջադրել միայն Թուրքիայում ծառայություն իրականացնող եպիսկոպոսները։ Իսկ նախկինում խոսք էր գնում այն մասին, որ կարող են առաջադրվել բոլոր նրանք, ովքեր արմատներով Թուրքիայից են, այսինքն՝ ծնողները սերում են Թուրքիայից։ Ինչը նշանակում է, որ պատրիարքի աթոռի թեկնածուների շրջանակը խիստ նեղանում է։ Եվ իրենց թեկնածությունը չեն կարող առաջադրել ո՛չ Սեպուհ արքեպիսկոպոսը, ով հավակնում էր այդ պաշտոնին, ո՛չ Միքայել Աջապահյանը՝ Շիրակի թեմի առաջնորդը։ Ինչ վերաբերում է ընտրությունների հավանական ժամկետներին, ապա, ամենայն հավանականությամբ, ընտրությունները կկայանան այս տարվա դեկտեմբերին։

https://hraparak.am/post/11fa2216775e1b52fd3902fa0080313e

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın