İçeriğe geçmek için "Enter"a basın

Համահայկական խաղերի 20-ամյակը

Թաթուլ Հակոբյան

Վաղը, օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, մեկնարկում են Համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի նշվում է համահայկական այս ձեռնարկի 20-ամյակը: 7-րդ խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում:

Այսօր երեկոյան, օգտագործելով առիթը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելու է հայաստանյան, արցախյան, սփյուռքյան օրակարգին վերաբերող հարցերի մասին։ Մի քանի օր առաջ նա Ֆեյսբուքով տեղեկացրել է. «Առանձնահատուկ սիրով եմ հրավիրում Արցախի բոլոր մեր հայրենակիցներին, որովհետև նրանց համար նման ֆորմատով ելույթ ունենալու հնարավորություն չեմ ունեցել։ Այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով կունենամ շատ կարևոր խոսակցություն մեր համազգային օրակարգի և վաղվա անելիքների մասին»։ 

Հունիսին Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվեց Համահայկական 7-րդ խաղերի ջահը: Այն վառեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մինչ այդ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունը Մուսա լեռան ստորոտում կազմակերպել էր 7-րդ խաղերի ջահը վառելու արարողությունը։

1999 թվականի օգոստոսին Համահայկական առաջին խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքերով հասցվեց Երևանի Հրազդան մարզադաշտ, որտեղ օլիմպիական խաղերի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանը բոցավառեց խաղերի ջահը: Այսպես, Համահայկական առաջին խաղերի սկիզբը դրվեց:

Մտահաղացումը ծնվել էր ավելի վաղ՝ դեռ Խորհրդային Միության վերջին տարիներին, երբ Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ընդլայնվել էր:

1990թ. հոկտեմբերին Երևանում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում կայացած խորհրդակցությունը որոշեց 1992թ. հուլիսի 15-30-ը Երևանում անցկացնել Համահայկական Նավասարդյան մարզական առաջին խաղերը չորս մարզաձևերից՝ ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ:

Մեկ ամիս անց Հայաստանի կառավարությունը փոխվարչապետ Կտրիճ Սարդարյանի ստորագրությամբ իր համաձայնությունը տվեց, սակայն այդ խաղերը այդպես էլ անց չկացվեցին, քանի որ Հայաստանն ու Արցախը ներքաշվեցին արյունալի պատերազմի մեջ:

Արցախյան զինադադարից հետո Համահայկական խաղեր անցկացնելու մտահաղացումը կրկին բերվեց օրակարգ:

1994-ին Հայաստանի արտգործնախարարությունում ստեղծվեց նախաձեռնող խումբ, իսկ 1997-ի ապրիլին տեղի ունեցած հայկական մարզական կազմակերպությունների համաժողովում համաձայնություն ձեռք բերվեց ստեղծել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե, որի նախագահ ընտրվեց արտգործնախարարության դիվանագետներից Աշոտ Մելիք-Շահնազարյանը:

Հայաստանի կառավարությունը վարչապետ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ որոշում կայացրեց 1999թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երևանում անցկացնել Համահայկական առաջին խաղերը:

Դրանց անցկացմանն աջակցելու նպատակով 1999թ. Միջազգային օլիմպիական կոմիտեն «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրեց ֆինանսական օժանդակություն, իսկ ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը ողջույնի հեռագիր հղեց Հայաստանի նախագահին:

Համահայկական առաջին խաղերը ողջույնի խոսքով բացեց օրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ դրանք կդառնան ավանդական եւ բարոյական ու հոգեկան հզոր լիցք կհաղորդեն աշխարհի հայությանը. «Այս խաղերը Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը միավորելու մեր նոր քաղաքականության դրսեւորումներից են: Սպորտն ու հայրենիքը միավորող ուժը մեզ կդարձնի ավելի հզոր»:

Վարչապետ Վազգեն Սարգսյանը, ով երկու ամիս անց պետք է դառնար Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից, իր ողջույնի խոսքում ասաց. «Մենք նոր դարաշրջան ենք թևակոխում ազգովին է՛լ ավելի համախմբված, է՛լ ավելի հզորացած: Համահայկական խաղերն ապացուցեցին մեր ժողովրդի անքակտելի միասնությունը հայրենիքին, նրա բարօրությանն ու ծաղկմանը ծառայելու բուռն ձգտումը, որովհետեւ համայն հայության միակ հայրենիքը Հայաստանն է»:

Համահայկական առաջին խաղերը տեղի ունեցան 1999-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը՝ Երևանում: Մասնակցում էին 23 երկրների 63 քաղաքների 1141 մարզիկ-մարզուհիներ, որոնցից 529-ը Հայաստանից, 612-ը՝ Սփյուռքից:

Խաղերի աշխարհագրությունը և մարզաձևերի քանակը տարեցտարի ընդլայնվեց: Համահայկական վեցերորդ խաղերին մասնակցում էին ավելի քան 6000 մարզիկ-մարզուհիներ, ովքեր մրցում են 17 մարզաձևերում:

Առաջին երեք խաղերը անց են կացվել երկու տարին մեկ, չորրորդ խաղերից դրանք անց են կացվում չորս տարին մեկ: 2014-ի փետրվարի 24-ից մարտի 2-ը առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական ձմեռային խաղեր Երևան և Ծաղկաձոր քաղաքներում, որին մասնակցում էին 11 երկրների 22 քաղաքների շուրջ 400 մարզիկ-մարզուհիներ, ովքեր մրցում էին ձմեռային 4 մարզաձևերում:

Համահայկական խաղերն, անկասկած, հաջողված նախագիծ է առաջին հերթին Հայաստան-Սփյուռք համագործակցության տեսանկյունից: Սակայն ժամանակն է, որ Համահայկական խաղերը վերածվեն նաև իրական մարզական միջոցառման, որին կմասնակցեն նաև բարձրակարգ հայ մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանից ու Արցախից:
Հասկանալի է, որ թիմային մարզաձևերում դժվար է ապահովել արհեստավարժություն, քանի որ Հայաստանից դուրս արհեստավարժ թիմեր դժվար է գտնել: Սակայն, անհատական մրցաձևերում հնարավոր է ապահովել արհեստավարժություն, հաշվի առնելով, որ աշխարհի տարբեր երկրներում կան ծագումով բազմաթիվ բարձրակարգ և աշխարհահռչակ մարզիկներ:

Ժամանակն է, որպեսզի սահմանվի մասնակցության թույլտվության շեմ: Օրինակ, 100 մետր արագավազքին չեն կարող մասնակցել նրանք, ովքեր այդ տարածությունը այլ մրցումներում չեն հաղթահարել, ասենք, 12 վայրկյանում: Այսինքն, լինի որակավորման փուլ:

Այսօր, սակայն, գործում է հակառակ սկբունքը: Այսպես, Համահայկական խաղերին չեն կարող մասնակցել արհեստավարժ ֆուտբոլիստները: Նաև այն շախմատիստները, ովքեր ունեն 2300 միավորը գերազանցող արհեստավարժի վարկանիշ:

https://www.civilnet.am/news/2019/08/05/Համահայկական-խաղերի-20-ամյակը/365192

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın