İçeriğe geçmek için "Enter"a basın

Հակակշիռ Վենետիկի հանձնաժողովում. Հայաստանը նոր թեկնածու է առաջադրել

Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների կազմում փոփոխություններ իրականացնելու համար։ Ըստ հանձնաժողովի կայքում առկա տեղեկատվության՝ հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներն են Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը, որը նշվում է որպես Հայաստանում GIZ (Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության) ներկայացուցիչ։ Հարությունյանը հանձնաժողովի հիմնական անդամ է նշանակված, իսկ Պողոսյանը՝ փոխարինող։

Վերջիններս մասնակցում են հանձնաժողովի լիագումար նիստերին, տեղեկատվություն փոխանակում, կարծիք հայտնում և այլն։ 

Սիվիլնեթի տեղեկություներով՝ արդարադատության նախարարությունը այս երկու գործիչներին հակակշռելու համար ևս մեկ փոխարինող անդամ է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին, և վերջինիս թեկնածության փաստաթղթերն արդեն իսկ ուղարկվել են հանձնաժողով։ Թեկնածուն Արա Խզմալյանն է։ 

Խզմալյանը  «ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ՍՊԸ-ի համահիմնադիրն է, իրավաբանական գիտությունների թեկնածու։ Աշխատել է նաև Պեռնո Ռիկար ընկերությունում՝ որպես իրավաբան։ 

Վենետիկի հանձնաժողովը վերջին ամիսներին հանրային հետաքրքրության կիզակետում է։ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին առնչվող սահմանադական կարգի տապալման գործն ուղարկել է հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար։ Բացի այդ՝ Վենետիկի հանձնաժողովը Հայաստանում դատաիրավական փոփոխությունների գործընթացում է ներգրավված։ Հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստամբուլյան կոնվեցնիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին ևս կարծիք է հայցել հանձնաժողովից։

Մկրտիչ Կարապետյան

https://www.civilnet.am/news/2019/07/29/Հակակշիռ-Վենետիկի-հանձնաժողովում-Հայաստանը-նոր-թեկնածու-է-առաջադրել/364909

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın