İçeriğe geçmek için "Enter"a basın

Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

Գևորգ Աղջայան
Մեր պատմական հայրենիքում կատարած իմ բազմաթիվ շրջագայությունների ընթացքում մեր հին եկեղեցիների ավերակներում ականատես եմ եղել ողբերգական և տարածված տեսարանի․ եկեղեցիները վերածվել են գոմերի, մզկիթների կամ ամբողջովին քանդված են։ Խիստ հազվադեպ այլ դեպքեր էլ են պատահում։
2013 թ․, երբ ճանապարհորդում էի Մալաթիայից դեպի Կեսարիա (Kayseri), առիթ ունեցա կանգ առնելու Գյուրինում [Gürün]։ Մինչև Հայոց ցեղասպանությունը Գյուրին քաղաքը, որը գտնվում է Սեբաստիա [Sivas] նահանգում, բազմաթիվ հայերի բնօրրանն էր. որոշ տվյալներով՝ հայերի թիվն այնտեղ հասել է 10․000-ի։
Հայտնի է, որ Գյուրինում եղել են չորս առաքելական, երկու կաթոլիկ և երեք բողոքական եկեղեցիներ։ 2013 թ․ եկեղեցիներից մեկի ավերակները դեռ վեհաշուք էին, չնայած՝ եկեղեցին անպաշտպան էր մնացել։ Եկեղեցու տարածքում գտնվող մի շարք պատմական շենքեր վերանորոգվել էին։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ցանկանում են վերանորոգել նաև հայկական եկեղեցին։

Ենթադրվում է, որ եկեղեցին եղել է առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1810-15 թթ․, թեև ոմանք համարել են, որ այն կաթոլիկ եկեղեցի է։
Սուրբ Աստվածածին եկեղեցու նկարագրությունը շատ է համապատասխանում եկեղեցու ներկայիս կառուցվածքին։ Եկեղեցին գտնվում է Ուլու մզկիթի (Ուլու ջամի) մոտ, որն ունի պատարագ մատուցելու համար նախատեսված երեք սեղան և մուտքի լայն սրահ՝ արևմտյան հատվածում։ Եկեղեցում կան բարձր սյուներ, բայց գմբեթ չկա։

1915 թ․ հետո եկեղեցին գործել է որպես բանտ, պահեստ և կինոթատրոն։ Վերանորոգման գլխավոր նպատակը եղել է այն, որ եկեղեցին մզկիթի կամ մշակութային կենտրոնի վերածեն։
Երկու շաբաթ առաջ ես կրկին անցա Գյուրինով և տեսա եկեղեցին։ Այն գտնվում է վերականգնման փուլում, և երևում է, որ այնտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են արվում։ Այդ պատճառով անհնար էր մտնել եկեղեցի, բայց ես մի քանի լուսանկար արել եմ։
Վեց տարի առաջ՝ իմ առաջին այցի ժամանակ, լուսանկարեցի Սիմոն Թերջանյանի տապանաքարը՝ 1894 թ․ սեպտեմբերի 7 ամսաթվով։ Ցավոք, այն այլևս եկեղեցու տարածքում չէր, բանվորները չգիտեին, թե ինչ է պատահել քարի հետ։ Միակ հույսս այն է, որ շինարարության սկսվելուց առաջ, ապահովության համար, այն տեղափոխել են մեկ այլ վայր։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ավելի հավանական է, որ քարը ոչնչացվել է։

Ոմանք կարող են մխիթարություն համարել եկեղեցու վերանորոգումը՝ ի տարբերություն Թուրքիայում գտնվող բազմաթիվ այլ եկեղեցիների։ Սակայն դա դեռ բավարար չէ։ Եթե եկեղեցին վերածվելու է մշակութային կենտրոնի, ապա պետք է արտացոլի նաև եկեղեցու մշակույթը՝ Գյուրինի հայերին։ Ես չեմ կարող ասել՝ արդյոք Գյուրինում հայեր մնացել են, թե ոչ, սակայն հավանականությունը մեծ է, որ այնտեղ հայեր կան։ Նրանք պետք է զգան, որ եկեղեցին իրենց տունն է, մի վայր, որտեղ կարող են հավաքվել, սովորել և մյուսներին տեղեկացնել, որ հայկական ներկայություն կա այդ տարածքում, այդ քաղաքում։ Կան բազմաթիվ սկզբնաղբյուրներ, որոնք կենտրոնի միջոցով կարող են դա հնարավոր դարձնել, ինչպես օրինակ՝ 800 էջանոց Գյուրինի Պատմագիրքը [1974 Բեյրութ, Սևան պրես, 1974 թ.].
Ես չեմ ձևացնի, թե այս առաջարկը լուծում է այդ խնդրին, բայց դա ավելի լավ է, քան տուրիզմը զարգացնելու համար իրենց պատմական հայրենիքը տեսնելու եկած հայերից դոլարներ շորթելու ցինիկ փորձերը։ Կան հայեր, որոնք ապրում են մեր հայրենիքում, և հայկական մշակութային վայրերը վերակառուցելու ցանկացած աշխատանք պետք է արտացոլի հայերի պահանջները։

The Many Lives of a Church in Gurin


Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.