İçeriğe geçmek için "Enter"a basın

Վերին Եփրատի ավազանում գտնվող հայկական գյուղերը շարունակում են արտասվել․ մաս 2

Հանրիեթ Թոփուզյան Բաշօղլուն մեծ հոդվածի է վերածել։Վերին Եփրատի ավազանում գտնվող հին հայկական բնակավայրում իր շրջայցից ստացած տպավորությունները և շրջանի պատմության վերաբերյալ գրառումները: Այդ հոդվածի առաջին հատվածը հրապարակեցինք անցած շաբաթ ։ Այս շաբաթ ներկայացնում ենք շարունակությունը․․․
Հանրիեթ Թոփուզյան Բաշօղլու
Էղինից (Ակն-Ակունքի խմբ.) հետո ճանապարհ ընկանք դեպի Արաբկիր։ Երբ անցնում էինք Եփրատի ափով և նայում դժվարանցանելի ճանապարհներին ու քարանձավներին, պապիկիս էի հիշում․ արդյո՞ք մանկության տարիներին այս ճանապարհների որ հատվածներով է անցել, գուցե թաքնվե՞լ է իմ աչքով ընկած այն փոքր քարանձավներում, գետի ափի՞ն է քնել, որքա՞ն է վախեցել, ինչքա՞ն է քաղցած մնացել, որքա՞ն՝ մրսել։ Այս հարցերն էին իմ մտքում Արաբկիր գնալու ողջ ճանապարհին․ հարցեր, որոնք պատասխաններ չունեն։ Երբ հասանք Արաբկիր, Միլլեթ հան հյուրանոցում հանդիպեցինք քաղաքապետ Հալուք Ջյոմերթօղլուին։ Նա մեզ ներկայացրեց Արաբկիրի պատմական ու մշակութային հարստությունները, պատմեց նախկինում այստեղ ապրած հայերի, շրջանում նրանց ունեցած դերի մասին։ Պատմեց նաև այն մասին, որ 2014 թ․ մոտ 30 արաբկիրցի հայ ընտանիքի են հյուրընկալել, պահպանել են հայկական գերեզմանոցը, սկսել են վերանորոգել Սուրբ Երրորդություն եկեղեցին ու 4-րդ դարից մնացած Սուրբ Լուսավորիչ վանքը։ Այդ խոսքերը հոգիս ուրախությամբ ու գոհունակությամբ լցրեցին։ Առաջին վայրը, որ այցելեցինք, Արաբկիրում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու դատարկ տարածքն էր։ Եկեղեցու կառուցումը սկսվել է 13-րդ դարում, այն եղել է շրջանի եպիսկոպոսական կենտրոնը և ամենամեծ եկեղեցին։ Սկզբնաղբյուրների համաձայն՝ եկեղեցին տեղավորել է 3000 մարդու։ 1915 թ․ այն լուրջ վնասներ է կրել, ավելի ուշ բռնագրավվել ու վերածվել է դպրոցի, 1950 թ․ որոշում է կայացվել քանդել այն, իսկ 1957 թ․ սեպտեմբերի 18-ին պայթուցիկներով պայթեցվել է։ Տեղական թերթերից մեկում կա տեղեկություն այն մասին, որ եկեղեցին քանդելու և օգտագործելու համար 28․005 լիրայով վաճառվել է արաբկիրցի Հուսեին անունով մի գյուղացու։ Դա էլ է մի հաղորդագրությունն, որով ասվում է, որ Անատոլիայի քաղաքների նման «Այստեղ էլ ձեզ համար տեղ չկա»։
Քանդված հայկական բաղնիքը
Երբ ուսումնասիրեցինք եկեղեցու տարածքի հետևում եղած անձև պահեստը, նկատեցինք, որ եկեղեցու բազմաթիվ քարեր օգտագործվել են այդ պահեստի կառուցման ժամանակ։ Այն քարերը, որոնց վրա քանդակներ կամ գրություններ կան, ամբողջությամբ քերված են։ Սակայն դռան մուտքի մոտ՝ աջ կողմում գտնվող խաչը մեր աչքից չվրիպեց։ Չհասկացանք, թե դա ինչու չէին փորել։ Եկեղեցուց մի բուռ հող էլ իմ Գևորգ քեռու համար վերցրեցի։ Երբ մի փոքր առաջացանք, հասանք այն պողոտային, որտեղ գտնվում էր ժողովրդական երգիչ Զեհրա Բիլիրի (իրական անունը` Էլիզա Օլչույան) տունը։ Պողոտան կոչվել է արվեստագետի անունով։ Այնուհետև տեսանք հին հայկական տներից մեկը, և մեր սրտերը կտոր-կտոր եղան։ Գեղեցիկ տունը ավերակի էր վերածվել։ Շարունակեցինք մեր ճանապարհը և տեսանք ժողովրդի շրջանում «հայկական համամ» կոչվող Ալմասեգան կամ Ալմասիկ արևելյան բաղնիքը։ Այն կառուցվել է գուռ-գուռ հոսող գետի ափին։ Ներկայում բաղնիքի արտաքին հատվածի կեսից ավելին ավերված է։ Մտքումս փորձեցի պատկերացնել կառույցի սկզբնական տեսքը։ Վստահ եմ, որ անհնար է այն նկարագրել։ Հնարավոր չէ հասկանալ, թե մարդ արարածն այսպիսի գեղեցիկ կառույցն ինչպես է կարողացել քանդել, ավերել։
Պատմական աղբյուրների համաձայն՝ 1915 թ․ առաջ Արաբկիրի կենտրոնում ապրել է 9500 հայ, այնտեղ եղել է 1 տաճար, 3 եկեղեցի և 7 դպրոց։ Քաղաքի շրջակա գյուղերում ապրել է մոտ 1400 հայ, եղել է 3 եկեղեցի և 4 դպրոց։ Արաբկիրը եղել է ժամանակի ամենահարուստ շրջաններից մեկը։ Մասնավորապես, շրջանում մետաքսի արտադրությամբ առևտրական մեծ ցանց է ստեղծել։ Այնտեղ հայերը զբաղվել են կոշկակարությամբ, ջուլհակությամբ, հյուսնությամբ, դարբնությամբ, դերձակությամբ և նման այլ արհեստներով։ Այդ մասին տեղեկանում ենք սկզբնաղբյուրներից։ Ժամանակին Արաբկիրը ծաղկեցրած հայերից, ցավոք, այսօր ավերակ տներից ու եկեղեցիներից բացի ուրիշ ոչինչ չի մանցել․․․
Խարբերդը
Երբ Արաբկիրից հասանք Խարբերդ, մեր առջև խոյացավ ուրարտական ժամանակաշրջանին պատկանող հիասքանչ մի ամրոց։ Խարբերդը հնագույն մի շրջան է, որտեղ դարերով ապրել են հայերն ու ասորիները։ Հայերեն անունը Խարբերդ է։ «Խար» բառը խուռիերենից փոխառություն է և նշանակում է ճանապարh, մյուս արմատը բերդ բառն է, այսինքն՝ Խարբերդ նշանակում է ճանապարհի վրա գտնվող բերդ։ Խարբերդի կենտրոնում 1915 թ․ առաջ ապրում էր 4250 հայ (720 տուն), այնտեղ կար նաև 750 ասորի բնակչություն, 7 հայկական եկեղեցի, 1 ասորական վանք, հիվանդանոցներ, բազմաթիվ դպրոցներ ու միսիոներական քոլեջ։ Այնտեղ միսիոներական դպրոցների գործունեության պատճառով ապրում էին նաև կաթոլիկ, բողոքական ու լատինադավան հայեր ու ասորիներ։ Խարբերդի շրջակա հայկական գյուղերում բնակվող հայերի թիվը, Հուսենիկ գյուղը չհաշված, մոտ 24․000 էր, իսկ մեծ ու փոքր եկեղեցիների թիվն անցնում էր 100-ը։ Առաջինը, որ աչք զարնեց, շրջանի ամենահին քարանձավային եկեղեցին էր։ Ասորական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է մ․ թ․ 179 թ․, հին հեթանոսական մի սրբավայրի վրա։ Իրականում այնտեղ եղել է վանական համալիր, սակայն ներկայում այդ համալիրից մնացել է միայն եկեղեցին։ Եկեղեցուն հարակից դպրոցը, հյուրատունը և վանատան նման կառույցները ավերվել են 1936 թ․։ Եկեղեցու շենքը երկար ժամանակ փակ է եղել։ Այն, 2000 թ․ վերանորոգումից հետո, միայն տոն օրերին է գործում որպես սրբավայր։ Իսկապես ցավալի է այսպիսի վիճակում տեսնել նման կարևոր մշակութային ժառանգությունը։
Ֆաբրիքաթորյան եղբայրները
Ներկայում Խարբերդում մնացել է միայն քաղաքի մուտքի մոտ գտնվող երկու խարխուլ պատերով Սուրբ Հակոբ եկեղեցու կմախքը։ Մինչդեռ մի ժամանակ Խարբերդն ամբողջովին այլ վայր է եղել՝ իր գյուղատնտեսներով, մտավորականներով, առևտրականներով։ Այդ շրջանը տվել է շատ կարևոր գործարարներ, գրողներ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, ինժեներներ։ Եթե փորձեմ գրել այդ մարդկանց, նրանց ընտանիքների ու արած գործերի մասին, ապա մի գրքում հազիվ կարողանամ ներկայացնել դրանք։ Ցանկանում եմ օրինակ բերել Ֆաբրիքաթորյան եղբայրների պատմությունը։ Այդ շրջանի համար եկամտի կարևոր աղբյուր էին հանդիսանում թութն ու շերամապահությունը։ Գրիգոր Իփեքչիյանը ծնվել է Արաբկիրում, մետաքսի արտադրություն է ուսանել Բեյրութում։ Գրիգոր էֆենդին Մեզրեում սկսել է շերամապահությամբ զբաղվել։ Նրա արտադրանքը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացված միջազգային մրցույթում միցանակ է ստացել։ Իր արտադրած մետաքսի գերազանց որակի շնորհիվ Ստամբուլում ազատվել է հարկերից։ Գրիգոր էֆենդու ապրանքի վրա «ֆաբրիկատոր» պիտակն էր փակցված։ Նա 1889 թ․ Եվրոպայից ու Ամերիկայից մեքենաներ է բերել գործն ընդլայնելու համար։ 1902 թ․ մահվանից առաջ իր գործը թողել է իր հինգ որդիներին, ինչպես նաև նրանց ընդգրկել է նաև բամբակի արտադրության ոլորտ։ Երեք եղբայրները Ամերիկայում բամբակի արտադրություն են ուսանել։ Երբ նրանք վերադարձել են Ամերիկայից, Սամսունի նավահանգստով շոգեքարշով աշխատող մեքենաներ են բերել և հիմնել տեքստիլ գործարան։ Այդ ժամանակաշրջանում նրանց անվանել են «Ֆաբրիքաթորյաններ»։ Ցավոք, գործունյա եղբայրները 1915 թ․ սպանվել են, իսկ Խարբերդում գտնվող արտադրամասի գործունեությանը վերջ է տրվել։ Այդ եղբայրների վեհաշուք տները, որոնք ընկած են եղել ներկայիս Գազի պողոտայի եզրին, կառուցված են եղել կողք կողքի և հայտնի են եղել «Հինգ եղբայրների տներ» անունով։ 1980 թ․ այդ 5 հիասքանչ առանձնատները քանդվել են, հողին հավասարեցվել։ Գործարար, առևտրական այդ ընտանիքից ոչինչ չի մնացել։
Դերսիմ-Մնձուր-Անահիտ
Խարբերդից հետո գնացինք հայոց պտղաբերության աստվածուհի Անահիտի, Տեր Սիմոնի քաղաք՝ Դերսիմ, որի նոր անվանումը Թունջելի է։ Համաձայն 1914 թ․ արձանագրությունների՝ Դերսիմում եղել է 8000 հայ բնակչություն, 80-ից ավել եկեղեցի, մոտ 10 վանք։ 1895 թ․ Համիդիե զորաջոկատների կողմից իրականացված վայրագության հետևանքով մոտ 10 հայկական գյուղեր քարտեզից ջնջվել են։ Հայերի մի մասը դարձել է ալևի կամ իսլամացվել է։ 1915 թ․ հետո հայ բնակչության մնացորդն էլ 1934-38 թթ․ բնաջնջվել է։ Իհարկե, այդ իրադարձությունները երկու տողով ներկայացնելը բավական չէ։ Այս ամենի հետևանքով բազմաթիվ հայեր, որոնք 1915 թ․ Եփրատն անցել և Դերսիմ են հասել ու փրկվել, ստիպված են եղել կրոնափոխ լինել։ Դա էլ չի բավարարել. նրանք Թուրքիայի Հանրապետության տարիներին՝ Դերսիմի կոտորածների ժամանակ, սպանվել են։ Դերսիմի շրջանը թե հայերի, թե քուրդ ալևիների համար մի վայր է դարձել, որտեղ իրենք ապրել են իրենց ցավը։ Դերսիմի գործողության սկզբում Սաքալլը Նուրեթթին փաշայի կողմից ասված խոսքերը՝ «Զո ասողներին մաքրեցինք, հիմա հերթը Լո ասողներինն է», բնութագրում են նրանց ապրած ցավը։
Մաչօղլուն դիմավորեց
Դերսիմում մեզ դիմավորեց Թուրքիայի կոմունսիտական կուսակցության անդամ, Դերսիմի քաղաքապետ Ֆեթիհ Մեհմեթ Մաչօղլուն։ Նա մեզ պատմեց արդյունաբերական, զարգացման ու կրթական նախագծերի մասին։ Դրանք հիրավի այնպիսի նախագծեր են, որոնցից պետք է օրինակ վերցնել։ Հուսով եմ՝ ամեն բան լավ կընթանա և Դերսիմը կգտնի իր արժանի տեղը։
Ձյունածածկ ճանապարհներով առաջ շարժվեցինք դեպի Օվաջըք։ Շրջակայքը շատ գեղեցիկ էր, շրջանը չի տարբերվում ալպյան բնակավայրերից։ «Küba» սրճարանում ընդմիջում անելուց հետո հասանք Մնձուրի ակունքին։ Ճանապարհի աջ ու ձախ հատվածներում Անահիտ անունով պանդոկների ու սրճարանների հանդիպեցինք։ Այնտեղ Անահիտի պաշտամունքը դեռևս առկա է։ Մի ժամանակ հեթանոսական տոները Մնձուրում էին նշվում։ Արևոտ եղանակ էր, և մարդիկ Մնձուրի լանջին խնջույք էին անում։ Արդեն նշել ենք, որ Դերսիմում, որտեղ բնակչության մեծամասնությունը ալևի է, Անահիտի պաշտամունքը դեռևս առկա է։ Դրա ապացույցն է նաև Նուրի Դերսիմիի ասած հետևյալ խոսքը․ «Մեր մայր Անահիտի պտղաբերությունը»։ Գետին մոտեցած մարդիկ մոմ էին վառում մի պատի վրա, որը նվիրված էր «Մնձուր հայրիկ» կոչվող մի մարդու։ Հետաքրքրական էր՝ որ մարդիկ մոմ էին վառումայնտեղ, որտեղ, հին աղբյուրների համաձայն, Սուրբ Սարգիսին նվիրված եկեղեցի է եղել։ Խնջույքի եկած ընտանիքներից մեկի հետ սկսեցի զրուցել։ Զրույցի ժամանակ պատմեցի, որ գնացել եմ պապիկիս գյուղ, որ հայկական աղբյուրների համաձայն՝ 1915 թ․ Եփրատն անցած ու Դերսիմ գնացած հայերի մեծ մասը փրկվել է։ Այդ պահին ընտանիքի անդամները ժպտացին։ Նրանք ասացին, որ զազա են։ Երբ խոսեցինք իրենց լեզվի մեջ առկա հայերեն բառերի մասին, կողքից տարեց մի մորաքույր սկսեց խոսել։ Նա սկսեց պատմել իր Ֆաթմա տատիկ մասին։ Նա ասաց, որ ենթադրել են, թե իրականում Ֆաթման հայ է եղել, նույնիսկ հարևան գյուղում ապրող Այշե մայրիկի հետ միասին եկել, այդտեղ մոմ է վառել։
Դերսիմի շրջան եկած որբ հայ աղջիկներին տվել են Այշե և Ֆաթմա, իսկ տղաներին՝ Ամանեթ կամ Աբդուլլահ անունները։ Երբ ասացինք, որ հեռանալու ժամանակն է, ընտանիքի մեծ տղան, չգիտեմ՝ գուցե արյունը քաշեց, հանկարծ ասաց․ «Հա՛յ աղջիկ, առանց մեր թեյը խմելու քեզ չեմ թողնի, որ գնաս»։ Անահիտի ստինքներից բխող պտղաբեր սառը ջրով պատրաստված, անուշահամ թեյը խմելու ժամանակ ծեր մորաքրոջ ասածները մեխվեցին մտքումս․ «Աղջի՛կս, ահա տեսար նաև քո պապիկի գյուղը, այն մարդիկ, որոնք տուն են քանդել ու մտել այնտեղ ապրելու, հաջողություն չունեն»։ Ակնհայտ էր, որ Ֆաթմա և Այշե տատիկներից շատ բան էր լսես, իմ պատմությունն էլ նրա համար անծանոթ չէր։
Միրաքյանների ժառանգությունը
1888 թ․ Դերսիմում շրջած պատմաբան, ճանապարհորդ Անդրանիկն իր գրքում գրել էր Միրաքյանների պատմությունը, որը գրավեց իմ ուշադրությունը։ Անդրանիկը պատմում է, որ այդտեղ ապրել են Տեր Հովհաննեսը՝ շրջանի արտասանությամբ Տեր Օհան անունով աբեղան և նրա 7 եղբայրները, որոնք բնակվել են ներկայիս Նազըմիյե գավառին կից Դերովա գյուղում։ Նրանց իսկական ազգանունը Բըջիլեր է եղել, սակայն քրդերը նրանց անվանել են «Միրո», որը նշանակում է քաջ և ուժեղ։ Ժամանակի ընթացքում Միրոն փոխվում է Մարաքի, և նրանք ճանաչվում են որպես Մարաքյաններ։ Հետագայում, ճնշումների պատճառով, նրանք նախընտրում են դառնալ ալևի և ոչ թե սուննի մուսուլման։ Անդրանիկը հանդիպում է Աղուջանների օջախի դերվիշ Գուլաբիի թոռ Սեյիթ Ալիի հետ, որ իմանա Տեր Օհանի կյանքի պատմությունը։ Սեյիթ Ալին ասում է, որ իր մեծերը գովեստի խոսքերով են պատմել Տեր Օհանի մասին, նույնիսկ իր պապերից մնացած Վանք վանական համալիրի ավերակների միջից դուրս հանված հին ձեռագրերը պահել են մի քարանձավում։ Անդրանիկը պատմում է, որ այդ ձեռագրերը ցանկացել է տեսնել, սակայն չի կարողացել, քանի որ դրանք սուրբ են համարվել և սերնդեսերունդ փոխանցվել մեծ զավակին, որից բացի՝ ուրիշ ոչ մեկին ցույց չեն տրվել ձեռագրերը, ամեն գիրք հատուկ կաշվի մեջ փաթաթվել ու պահվել է սնդուկներում․․․ Ալևի դերվիշների բնակավայրերից մեկում հանդիպեցի մի պապիկի։ Համոզված էի, որ կարող եմ նրան տալ այդ հարցը։ Ինչպես իրեն էի խոստացել՝ անունը չեմ հրապարակի։ Նա իմ հարցը լսելիս նախ ապշեց, ապա լարվեց։ Սակայն նշեց, որ Տեր Օհանին մոտ Աղուջանների օջախը լավ է ճանաչում, և որ նրանք այդ ավանդները խնամքով թաքցրել են։ Ավելի վաղ հանդիպել էի մի պապիկի, որն ասել էր, թե հնում որևէ հայ հոգևորական այդտեղ չի եղել։ Նա փորձում էր համոզել, որ այդ գրվածքները սուտ են։ Միրաքյան աշիրեթի այն ընտանիքները, որոնք կարողացել են իրենց լեզուն պահպանել, ներկայում բնակվում են Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Հայաստանում և Ամերիայում․․․ Աշիրեթի անդամները իրենց կյանքի մասին, ցավոք, գրավոր փաստաթուղթ չեն թողել։ Այդ պատճառով էլ այդ ընտանիքներն իրենց անցյալի վերաբերյալ շատ տեղեկություն չունեն։
Դերջան-խաչքարեր
Դերսիմի և Դերջանի շրջանները, անվտանգության նկատառումներով, մշտապես վերահսկողության տակ են։ Այն շրջանը, որտեղ կան խաչքարեր, նույնպես անվտանգության նկատառումներով, երկար ժամանակ է, ինչ փակ է։ Ամենավերջին բախումները տեղի են ունեցել անցած հունիս ամսին։ Սակայն մեր բախտից, անվտանգության գոտին անցնելուց հետո, Դերջանի ճանապարհի եզրին ընկած Ուչփընար (Ապրանք) գյուղում գտնվող Վանք լեռան վրա 12–րդ դարից մնացած Սուրբ Հովհաննես ու Սուրբ Դավիթ եկեղեցիների հետ միասին կանգուն մնացած խաչքարերը տեսնելու համար ճանապարհ ընկանք դեպի գյուղ։ Սակայն մեր ավտոմեքենան որոշակի վայրից այլևս չկարողացավ առաջ շարժվել։ Մոտ 2․5 կմ մագլցեցինք։ Երբ ավարտվեց դժվարանցանելի ճանապարհը, մեր առջև բացված տեսարանը անցկացրեց մեր հոգնածությունը։
Լավ, ի՞նչ էին իրենցից ներկայացնում այդ խաչքարերը։ Խաչքարերը երկար հուշարձանի նման քարեր են, որոնց վրա կան փորագրություններ և խաչի խորհրդանիշ։ Դրանք հիմնականում դրվում են մահացածների շիրիմներին։ Հեթանոսական հայկական հավատալիքներում քարը կամ ժայռը խորհրդանշում էին խորհրդավոր մի ուժ։ Քարը կարևոր նյութ էր պատմության ողջ ընթացքում պալատներ, տաճարներ, ամրոցներ կառուցած հայերի համար։ Հայերը շատ լավ գիտեին՝ ինչպես օգտագործել ու մշակել քարը։ Հայկական աշխարհագրական տարածքը մշտապես տարբեր արշավանքների է ենթարկվել, որոնց պատճառով հայերը սկսել են արվեստի գործերը քարերի վրա պատկերել ու տեղադրել հրապարակներում, հասարակության համար բաց վայրերում։ Այսպիսով՝ այդ քարերը, որոնք թալանից ավելի քիչ վնասներ են կրել, հնարավորություն են ստացել փոխանցվելու սերնդեսերունդ։ Խաչքարային արվեստը իր գագաթնակետին է հասնել միջնադարում։ Այդ ժամանակ խաչքարերի քանակը, համաձայն ժամանակաշրջանի արձանագրությունների, հասել է 50․000-ի։ Զարդանախշերի մեջ եղած արևի տեսքով հավերժության նշանը, խաչը, Քրիստոսի խաչելությունը, թռչունը, խաղողը, նուռը, հասկն ու նման նախշերը, Քրիստոսի հարությունը, խաչքարի կողքերը զարդարող գործերը խորհրդանշում են հավերժական կենաց ծառը։ Խաչքարերի հակառակ կողմում առկա արձանագրություններում կան հայ ազգի անցյալը, պատմական իրադարձությունները, խրատները ներկայացնող տեքստեր, ինչպես նաև՝ տեքստեր Սուրբ գրքից։ Կան նաև խաչքարեր, որոնք խորհրդանշում են հայերի ռազմական հաղթանակները, ազգային հերոսներին, նահատակներին, նույնիսկ սիրահարներին։
Երբ հասանք Վանք լեռան գագաթ, մեր առջև բացվեց մի չքնաղ տեսարան, միևնույն ժամանակ ցավալի վիճակում գտնվող Սուրբ Հովհաննես վանքը կամ էլ Ապրանք վանքը երևաց։ Լեռան գագաթից նայելիս պարզ է դառնում, որ այն եղել է բավականին մեծ վանական համալիր։ Երբ ներս մտանք, տեսանք, որ վանքի բոլոր պատերը, ամեն անկյուն գանձագողերի կողմից թալանվել է։ Չկոտրված ու չփորված մեկ սանտիմետր իսկ չեն թողել։ Իմ ձեռքի տակ եղած 2009 թ․ տեղեկություններով՝ եկեղեցու մուտքի մոտ՝ աջ կողմում, պետք է արծվի պատկեր լիներ։ Սակայն այժմ արծվից մի հատված իսկ չի մնացել։ Եկեղեցուց դուրս հայերեն արձանագրություններում կա տեղեկություն առ այն, որ 1854 թ․ վանքը վերանորոգվել է։ Մի փոքր էլ մագլցելուց հետո հասանք հսկայական չափերի խաչքարերի, որոնց վրա 1191 և 1194 թվականներին պատկանող արձանագրութուններ կան։ Ասում են, թե դրանք Անատոլիայում գտնվող ամենամեծ խաչքարերն են․ դրանց երկարությունը մոտ 4 մետր է։ Կողք կողքի կանգնեցված խաչքարերի կողքին գտնվող երրոդ քարն ընկած է։ Նշված է, որ 1970 թ․ այդ քարը կանգուն է եղել, սակայն ենթադրվում է, որ հետագայում, երկրաշարժի կամ այլ պատճառով, այն ընկել է։ Բացի այդ՝ կա նաև չորրոդ խաչքարի տեղը, սակայն խաչքարը չկա։ Այդտեղ հանդիպեցինք հայ քարային արվեստի ամենավառ օրինակներից մեկին։ Խաչքարերից մեկի կողային պատին կա արաբերեն արձանագրություն, որը քերված է։ Սուրբ Հովհաննես եկեղեցուց 100 մետր առջևում գտնվող Սուրբ Դավիթ եկեղեցու վիճակն էլ տարբեր չէ։ Եկեղեցու վրա առկա Սուրբ Դավթի գրությունը ջնջված չէ։ Եկեղեցու առջևում կա կողաշրջված թռչնաձև մի խաչքար։ Եկեղեցին ճիգեր է գործադրում չքանդվելու համար։ 1915 թ․ արձանագրությունների համաձայն՝ այդ գյուղում՝ Ապրանքում, 362 հայ է եղել։ Երբ գյուղը դատարկվել է, Դերսիմից ալևի ընտանիքներ են եկել՝ այնտեղ բնակվելու։ Ներկայում գյուղում վանքի առջևով հոսող ջրի ձայնից բացի այլ բան չկա․․․
Էրզրումի (Կարին-Ակունքի խմբ.) խորհրդաժողովի շենքը
Վերադարձի ճանապարհին, Աշքալեով անցնելիս անհնար է չհիշել 1942 թ․ «Ունեցվածքի հարկի» օրերը։ Առևտուրը թուրքերի ձեռքն անցնելու համար այդքան կրթված մարդկանց քար կրել տալը, ճանապարհների շինարարության վրա աշխատեցնելը, ցուրտ եղանակին ստորացնելն անընդունելի են։ Երբ հասանք Էրզրումի կենտրոն, օդանավակայան գնալուց առաջ, շատ կարճ ժամանակով, քաղաքում զբոսնեցինք։ Մեր առջև հառնեց այն շենքը, որտեղ տեղի է ունեցել Էրզրումի խորհրդաժողովը։ Ահա հին հայտնի Սանասարյան վարժարանը, որը բացվել է 1881 թ․ և տվել ամենալավ կրթությունը։ Այնտեղ սովորում էին 3134 տղա ու աղջիկ աշակերտներ, աշխատում էր 85 ուսուցիչ։ 1890 թ․ իրադարձություններից հետո կեղծ ահազանգ է հնչում, թե շենքի ներսում զենք են արտադրում, ինչի պատճառով վարժարանը թալանվում է։ 1915 թ․ բռնագրավվել է թե դպրոցը, թե դպրոցի համար շահույթ ապահովող ողջ անշարժ գույքը։
Վերին Եփրատի ավազանով իմ հնգօրյա շրջայցն սկսեցի Սվասից (Սեբաստիա-Ակունքի խմբ.) և ավարտեցի Էրզրումում։ Ամբողջ ճանապարհին չտեսա մի վայր, որտեղ չլիներ հայկական հետք։ Չնայած գյուղի բնակչությունն ասում էր․ «Սա հնում հայերինն է եղել», անցյալից այնտեղ որևէ բան չի մնացել, չի թողնվել։ Վերին Եփրատի ավազանի հնագույն ազգը, դրախտից իր հողերին էր նայում ու արցունքները շարունակում էր թափել Եփրատ գետը․․․
(Շնորհակալություն 1001 Ստամբուլ ընկերությանը և Շեֆքեթ Գյուլթեքինին)
http://www.agos.com.tr/tr/yazi/22463/yukari-firat-ermeni-koyleri-aglamaya-devam-ediyor-2
Թարգմանեց Անի Մելքոնյանը


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.