İçeriğe geçmek için "Enter"a basın

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հինավուրց Հասանքեյֆ քաղաքի անհետանալուն հաշված օրեր են մնացել

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Բաթման նահանգի հայկական հինավուրց Հասանքեյֆ քարանձավային քաղաքի՝ վերջնականապես ջրի տակ անցնելուն հաշված օրեր են մնացել, ըստ Akunq.net-ի, ահազանգում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության թուրքական ծառայությունը:
Աղբյուրի համաձայն՝ արդեն կես դար է, ինչ քննարկվում է Հասանքեյֆի՝ ջրի տակ անցնել-չանցնելու հարցը: Այդ քննարկումը միայն այս շաբաթ ավարտին հասցվեց, և «Հարավարևելյան Անատոլիայի նախագծի» (Güneydoğu Anadolu Projesi / GAP) կարևոր կետերից մեկը եղող Ըլըսու ջրամբարի կառուցումն ավարտվեց: Ներկայում այլևս միայն հետևյալ հարցն է քննարկվում. ե՞րբ պետք է փակվեն ամբարտակի փականները, այսինքն՝ Հասանքեյֆը քանի՞ օր հետո է ջրի տակ անցնելու:
Deutsche Welle լրատվական գործակալության թղթակիցն այցելել է Հասանքեյֆ և հանդիպել տեղի բնակիչների և պաշտոնատար անձանց հետ: Վերջիններս թղթակցին հայտնել են, որ ջրամբարի փականները միայն տեխնիկական խնդրի հետևանքով մինչ այժմ չեն փակվել:
Ըլըսու ամբարտակի կառուցման ընթացքում պայմաններ են ստեղծվել, որպեսզի թե տեղի որոշ պատմական հուշարձաններ և թե բնակիչները տեղափոխվեն մի նոր բնակատեղի: Ռաման լեռան ստորոտին հիմնված այդ նոր բնակավայր նախ փոխադրել են որոշ հուշարձաններ: Աղբյուրի համաձայն՝ պատմական նմուշների 95 տոկոսն արդեն տեղափոխվել է:
Եվ թեև քաղաքի՝ ջրի տակ անցնելուն ընդամենը հաշված օրեր են մնացել, սակայն հասանքեյֆցի 700 ընտանիքի փոխադրումն անգամ չի էլ սկսվել: Տեղի բնակիչները գործակալության թղթակցին բողոքել են նաև, որ չեն ցանկանում այլ բնակատեղի տեղափոխվել:
Հիշեցնենք, որ Հասանքեյֆ քաղաքը մոտ 12 հազար տարվա պատմություն ունի: Հռոմեացիների կողմից Տիգրիս գետի ափին կառուցված այս հինավուրց քաղաքը հայտնի է իր շումերական, ասորական և բաբելոնյան ժամանակահատվածների մոտ 4000 քարանձավներով։
Ըստ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի՝ դեռևս 2008 թ. Հասանքեյֆը պահպանելու կոչով միջազգային հանրությանն էր դիմել Ղրիմում հայ գրողների և նկարիչների միությունների պատասխանատու քարտուղար Սասուն Բարյանը:
Ըլըսու ջրամբարի կառուցման հետևանքով ջրի տակ անցնելու վտանգի առաջ է կանգնած նաև 1500 տարվա պատմություն ունեցող Սուրբ Գևորգ վանական համալիրը: 2013 թ. «Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը ներկայացրել էր հատուկ ծրագիր, ըստ որի՝ նախատեսվում էր կազմել Հասանքեյֆի «ամենամեծ վտանգի տակ գտնվող 7 մշակութային արժեքների» ցուցակը: 21 երկրներից ներկայացված 40 հուշարձանների մեջ հիշյալ հայկական եկեղեցին ընդգրկվել էր առաջին 14-հուշարձանների ցանկում:
Բայց և այնպես, չնայած այս բոլոր ջանքերին՝ սույն պատմական քաղաքը շուտով վերջնականապես կանհետանա երկրի երեսից:
Մելինե Անումյան
Akunq.net


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.