İçeriğe geçmek için "Enter"a basın

ԲԺԻՇԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՍԵՑ, ՈՐ ՑԱՎԱԶՐԿՈՂԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՈ ԵՐԳԵՐՆ ԵՆՔ ՄԻԱՑՆՈՒՄ

Պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլը Հայաստանում է: Ասում է` Հայաստան գալու համար հատուկ պատճառներ պետք չեն, ինքն է միշտ դրանք ստեղծում։ Այս անգամ Հայաստան գալով՝ նոր երգ է ձայնագրել, Համահայկական խաղերի պատվիրակության հետ մեկնել է Արեւմտյան Հայաստան, որտեղից շատ տպավորված է վերադարձել։ Սիբիլի հետ զրուցեցինք այդ ուղեւորության եւ ուրիշ այլ հարցերի շուրջ։ 

– Համահայկական խաղերն իմ կյանքում շատ հատուկ տեղ ունեն, որովհետեւ Հայաստանի հետ ծանոթանալու իմ առաջին առիթը հենց Համահայկական խաղերն էին։ 2010-ին իմ առաջին ալբոմը լույս տեսավ, եւ 2011-ին թուրքական թերթերից մեկին հարցազրույց էի տվել եւ ասել, որ իմ ամենամեծ երազանքներից մեկը Անիի ավերակների մեջ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը երգելն է։ Հետո պարզվում է, որ իմ այս հարցազրույցը կարդացել են նաեւ Հայաստանում, որից հետո Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ինձ հրավիրեց Հայաստան, եւ համահայկական խաղերի բացման ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում երգեցի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը։ Դա պատճառ եղավ, որ թե՛ հայստանցիներն ինձ հետ ծանոթանան եւ թե՛ Համահայկական խաղերի կոմիտեն։ Հաջորդ տարի արդեն՝ 2015-ին, նա ինձ հրավիրեց մեկնել Անի՝ պատվիրակության հետ։ Չեք կարող պատկերացնել իմ հուզմունքը, հատկապես հետո՝ Անիում, երբ երգեցի, ու արցունքների մեջ բոլորս իրար փաթաթվեցինք։ 2-րդ հրավերս այս տարի ստացա եւ արդեն Կիլիկիայի մեջ «Կիլիկիան» երգեցի։ Շատ հուզիչ էր նաեւ այն հանգամանքը, որ առաջին անգամ Երեւանից Վան թռանք։ Հետաքրքիր էր, որ ում ասում էինք՝ հայ ենք, շատ մեծ սիրով էին ընդունում։ Վաքըֆ գյուղն իմ վրա շատ մեծ տպավորություն թողեց, որովհետեւ Թուրքիայի մեջ միակ հայկական գյուղն է։ Մուսա լեռը տեսանք, երկար-երկար նայեցինք Մուսա լեռին, մեր պատմությունը հիշեցինք, հուզվեցինք, բայց պետք է նաեւ առաջ նայել։ Անիի ավերակներում ասեցի՝ ինչ էլ լինի, անպայման պետք է աղոթենք։ Այդպես էլ արեցինք․ աղոթեցինք, հետո ես երգեցի՝ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»։ Այդ ձայնի վրա մարդիկ մոտեցան մեզ, երկու կին սկսեցին լացել, հետո, երբ ավարտեցի, եկան ու փաթաթվեցին ինձ, ասեցի՝ ինչո՞ւ էիք լալիս, ասեցին՝ շատ հուզվեցինք Ձեր ձայնից։ Ես էլ իմ հերթին պատմեցի երգի մասին, որ այն հենց Անիի մասին է, էլ ավելի հուզվեցին։ Նրանցից մեկն ասեց՝ մի խնդրանք ունեմ Ձեզ․ ամուսինս, որ դրսում նստած է, դուդուկ ունի, նրա հետ չե՞ք երգի «Սարի գելինը» (սարի աղջիկը)։ Եվ ես այդ թուրք երաժիշտի հետ Անիի ավերակներում երգեցի «Սարի աղջիկը»։ Նորից հուզվեցինք։ Այս տեսակ բաները՝ երաժշտությունը, սպորտը միացնում են մարդկանց, անշուշտ՝ կա լավը, կա վատը, բայց մենք որեւէ ձեւով վատ վերաբերմունքի չհանդիպեցինք։

– Սիբիլ, քանի որ ծնվել եւ ապրում եք Ստամբուլում, կասե՞ք՝ ինչպիսի՞ն է թուրք հասարակության վերաբերմունքը հայերի նկատմամբ, տարին տարվա վրա ի՞նչ փոփոխություններ կարող եք արձանագրել։ Մենք գիտենք, որ թուրք մտավորականությունը վաղուց արդեն երկխոսելու քայլեր է անում, ի՞նչ կասեք սովորական թուրք մարդու ընկալումների մասին։

– Ես չեմ կարող ասել, որ բոլորը շատ լավն են կամ բոլորը շատ վատն են։ Մի քանի նկարներ դրեցի սոցիալական ցանցերում՝ Վանից, Անիից, ու անմիջապես թուրքերն ինձ սկսեցին գրել՝ եկեք, մեզ էլ այցելեք, մեր դռները ձեր առաջ բաց են, մենք ինչ-որ ձեւ կարո՞ղ ենք ձեզ օգնել։ Կարծում եմ՝ ժողովուրդները կուզեն միանալ, բարեկամանալ, շատ նամակներ եմ ստանում, որ ասում են՝ Սիբիլ, մենք կուզենք Հայաստան գնալ, կարո՞ղ ենք գնալ, թե՞ մեզ վատ կվերաբերվեն, ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ ոչ։ Մի քանի տարի առաջ մի նախագիծ արվեց՝ «Ներդաշնակության մեղեդի», որի շրջանակներում թուրք երաժիշտներն առաջին անգամ Հայաստան եկան։ Շատ հուզիչ էր, տաղանդավոր երաժիշտներ էին ու գալով Հայաստան՝ զարմացած էին, ասեցին, որ աշխարհ են ման եկել, բայց այսպիսի ջերմություն եւ ընդունելություն ոչ մի տեղ չեն տեսել։ Պոլսում ծնվել, մեծանալով՝ անշուշտ, թուրք ընկերներ ունեմ, ու երբ այդ թուրք երաժիշտները եկան, գլուխները մի քիչ կախ էին․ մտածում էին՝ իրենց այստեղ ի՞նչ կասեն։ Բայց ես ասեցի, որ դուք ի՞նչ մեղք ունեք։ Շատ հուզիչ է այդ փաստը, որ մեկը գլուխը պետք է կախի մի բանի համար, որ չի արել։ Մշակութային հաղորդակցությունն ու շփումն ավելի շատ պետք է լինեն, որպեսզի երկու ժողովուրդները ճանաչեն իրար։    – Որպես հայ՝ Թուրքիայում երբեւէ խնդիրներ ունեցե՞լ եք՝ կապված Ձեր ինքնության, գործունեության հետ։ 

– Նախ ասեմ, որ մինչեւ երաժշտության մեջ հայտնվելը, աշխատում էի Ստամբուլի բանկերից մեկում՝ որպես ֆինանսիստ։ Եվ հետաքրքիր է, որ ղեկավարներս ասում էին՝ եթե քո պես ընկեր, ընկերուհիներ ունես, որ կարող են բանկում աշխատել, բեր, թող հայ լինեն։ Սա մի օրինակ է, որ ինձ է պատահել՝ առանց չափազանցության, բայց, իհարկե, կան նաեւ դժվարություններ։ Իմ նպատակը ոչ թե հանրաճանաչ լինելն է, այլ իմ փափագը մեր երգը հնչեցնելն է, ինչը գնահատվեց։ Բայց, իհարկե, ժամանակները փոխվում են, ղեկավարները՝ նույնպես, հեշտ չէ, հատկապես որ միշտ համերգներ չեմ կարող տալ, թեպետ երբեք չեմ վճարել, որ իմ տեսահոլովակները ցուցադրեն հեռուստատեսությամբ։ Միշտ նամակներ եմ ստանում՝ բժիշկներից, որ ասում են՝ ցավազրկողի փոխարեն քո երգերն ենք միացնում, հիվանդներին այդպես հանգստացնում։ Յոգայի մեջ կգործածեն իմ երգերը, կամ թուրք մայր կգրի, որ իմ զավակը քո հայերեն օրորով կքնեցնեմ։ Դրանք ինձ համար փոքրիկ, բայց մեծ բաներ են։ 

– Ի դեպ, Ձեր երգացանկում թուրքերեն երգեր չունեք, ինչո՞ւ։

– Ինչպես ասեցի, իմ նպատակը պոպուլյար լինելն ու մեծ գումարներ վաստակելը չէ, իմ նպատակը մայրենի լեզուս լսելի դարձնելն է, որքան իմ հնարավորությունները ներում են։ Տարիներ առաջ պրոդյուսերս ասեց՝ Սիբիլ, քեզ թրքերեն մի սինգլ գրենք՝ ամենալավ երաժիշտներով, բայց չհամաձայնեցի, ասեցի՝ ես կուզեմ իմ մայրենի լեզվով առաջ գնալ։ Ես շատ եմ հավատում մարդու ճակատագրին, բախտին։ Եթե ես պետք է հասնեմ այդ բարձունքին, ուրեմն ես հայերեն երգելով էլ կարող եմ հասնել այդտեղ։ Օրինակ՝ Թուրքիայում արդեն գիտեն, որ ես հայերեն երգեր եմ երգում, եւ թուրք երաժիշտները հաճախ իրենց համերգներին ինձ կանչում են հենց հայերեն երգելու համար։ 
Ալբոմ ձայնագրելը շատ մեծ ծախսերի հետ է կապված, եւ մարդիկ արդեն ինտերնետով են երաժշտություն լսում, հատկապես որ այլեւս բանկում չեմ աշխատում եւ մշտական աշխատանք չունեմ, միայն հատուկենտ համերգներ են ու վերջ։ Բայց միշտ ես կհանդիպեմ լավ մարդկանց, ովքեր ինձ ձեռք կմեկնեն։

Շատ կցանկանամ, որ Հայաստանում մենահամերգ ունենամ, տարբեր համերգների մշտապես մասնակցել եմ, բայց արդեն պատրաստ եմ իմ մենահամերգն ունենալ, որն անպայման բարեգործական կլինի, որովհետեւ Հայաստանում իմ բոլոր համերգների, ալբոմների շնորհանդեսների գումարներն ուղղել եմ բարեգործական նպատակների։


https://hraparak.am/post/1698987329

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın