İçeriğe geçmek için "Enter"a basın

Բագրատ Էստուկյան. «Ընդհանրապես Թուրքիայում հայերի դեմ նման հարձակումները ատելության դրդումով են կատարվում»

Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։

Ermenihaber.am-ի հետ զրուցել է պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ մեկնաբանելով Ստամբուլում տեղի ունեցած դանակահարության դեպքը:

– Սամաթիա թաղամասում հայ կնոջ վրա հարձակման վերաբերյալ որևէ մանրամասների տիրապետու՞մ եք: 

– Առայժմ ոչ, քանի որ մենք միայն իմացել ենք, թե դեպքը ինչպես է տեղի ունեցել, մանրամասները դեռևս հայտնի չեն, որքան գիտեմ: Հարձակվողները դիմակավորված են եղել: Գիտենք, որ երկու հոգի են եղել և արդեն գիտենք, որ նախապես ատելության պատգամներով, սպառնալիքի բնույթով գրություններ էին փակցրել այդ մարդկանց բնակարանի վրա: 

– Արդյո՞ք դա կենցաղային հողի վրա էր արված, թե՞ կան այլ պատճառներ:

– Ամեն պարագայում, երբ հայի վրա նման հարձակում է լինում, մեր մտքում առաջինը գալիս են ատելության դրդումով կատարված հանցագործությունները : Այս դեպքում էլ ենք այդպես կարծում, որ հայատյաց դրդումով կատարված հանցագործություն է: Բայց ավելի խորը չենք իմանում: 

– Իսկ հնարավո՞ր է, որ թուրք ազգայնականները թիրախավորել են հենց հատուկ Հայաստանի քաղաքացիներին, թե՞ ընդհանուր հայերի դեմ են խմորումներ տեղի ունենում:

– Առհասարակ հայերի դեմ է Թուրքիայում տիրող ատելությունը, ազգայնական շրջանակներում տիրող ատելությունը: Իրենց համար շատ մեծ նշանակություն չունի հայաստանցի հայ է, թե տեղացի հայ:

– Ինչ-որ վտանգ տեսնո՞ւմ եք, որ նման դեպքերը կարող են հաճախակի բնույթ կրել: 

– Ոչ, չունենք այդպիսի ակնկալիքներ, որ հետագայում անպայման պետք է նման դեպքեր լինեն, բայց հաստատ համոզում  կա, որ ամեն վայրկյան, ամեն պահ կարող է նման բան տեղի ունենալ:

– Ինչպես գիտենք, Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին թուրքական իրավապահ մարմինները տեղյակ են եղել: Այս թեմայի հետ զուգահեռ անցկացնելով՝ հնարավո՞ր է, որ իրավապահ մարմինները նախապես տեղյակ են եղել, բայց անգործության են մատնվել: Եվ արդյո՞ք սա իրենց կողմից թողտվության հետևանք չէ:

– Ոչ, ես նույնը չեմ ասի, որովհետև Հրանտ Դինքի օրինակում նա պետական ոճիրի զոհ է դարձել: Այդ ոճիրը ծրագրված  էր պետական մարմինների կողմից և հետո ոճրագործին փողոցից էին գտել և շահագործել: Այս դեպքը նման չէ Դինքի օրինակին և կարծես թե այն անհատական ատելության դրսևորում է, այսինքն պետության կողմից չի գործվել: Այս դեպքում պետությունը, ավելի ճիշտ ոստիկանությունը  կարող է ձեռնպահ մնալ: Հնարավոր է, որ մեծ ցանկությամբ չցանկանան փնտրել այս հարձակման հեղինակին:  

– Ըստ Ձեզ՝ այս դեպքը թուրք ազգայնական խմբավորման կողմից է արված, թե՞ անհատական դրսևորում է:

– Հարկավ, հնարավոր է, քանի որ այդպիսի կուսակցություններ կան, երիտասարդական կազմակերպություններ կան: Հավանական է, որ նրանց ձեռագիրը լինի, բայց չեմ կարծում, որ պետությունն է  ծրագրել:

– Թուրքիայի իրավապահ մարմինները կանխարգելելու փորձեր երբևէ ձեռնարկե՞լ են, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն:

– Ոչ, այդպիսի տեսանելի փորձեր երբեք գոյություն չեն ունեցել, ոչ էլ պատգամներ: Արդարև, այս  ոճիրը նույնպես Թուրքիայի շատ թերթերում արձագանք չգտավ, միայն «Ակօսի» լրատվությունը կար և մեկ-երկու ընդդիմադիր թերթեր անդրադարձան այդ դեպքին՝ հղում  տալով «Ակօսին»:  Դե իսկ իշխանամետ մամուլը, որն ընդհանուր առմամբ կազմում է Թուրքիայի մամուլի 95 տոկոսը. առհասարակ չարձագանքեց այդ միջադեպին:

https://www.ermenihaber.am/am/news/2019/06/03/%D5%8Dամաթիա-Բագրատ-Էստուկյան-Թուրքիա/156172

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın