İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր Առաջին Հանրապետության օրն է

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918 թվականի մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հաղթանակելուց հետո հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը:

Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը: Ընդունվեց հռչակագիր, որում ասված էր.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

Օրեր անց՝ հունիսի սկզբին հրապարակվեց նաև այսպիսի հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

1918 թվականի հուլիսի 24-ին ձևավորվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարությունը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն:

Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը:

Անկախության առաջին տարեդարձի օրը` մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն:

Սակայն Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի: 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտավ Իջեւան եւ երկրում հայտարարեց խորհրդային իշխանություն: Հայաստանը խորհրդայնացվեց, բայց ժամանակավոր.

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Հայաստանը լիակատար անկախություն ձեռքբերեց նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Իսկ 1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը Առաջին Հանրապետության օրն է:

https://armradio.am/hy/14237

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: