İçeriğe geçmek için "Enter"a basın

Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 95 տարեկան

Այսօր մեծանուն երգիչ, երգահան, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը կտօներ իր ծննդյան 95-ամյակը:

Նրա ծննդյան կապակցությամբ միջոցառումներ են նախատեսված. Երևանում շանսոնյեի հոբելյանի առթիվ մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա հուշ-երեկույթ, որին կմասնակցեն ֆրանսիացի հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիները: Համերգի ընթացքում հանդես կգան Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին:

Ազնավուրը բազմաթիվ ճանաչված երգերի հեղինակ է, որոնց լավագույն կատարողը հենց ինքն էր:

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը:

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին: Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք է մատուցվել Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահի մասնակցությամբ։

https://armradio.am/hy/13685

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın