İçeriğe geçmek için "Enter"a basın

Ինչը ստիպեց հայ երեխային իսլամ ընդունել

Հասմիկ  Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հայաստանցի 13-ամյա Արթուրը, որը բնակվում է Թուրքիայում, թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում նախօրեին հրաժարվեց քրիստոնեական հավատքից՝ ընդունելով մահմեդականություն:

Ռադիոլուրին այսօր հայտնի է դարձել, որ Արթուրը որոշ ժամանակ հաճախել է Պոլսի «Հրանտ Դինք» վարժարան եւ առողջական խնդիրներ է ունեցել:

Երեխայի անունը Արթուր է, ազգանունը հայտնի  չէ, բայց «Ռադիոլուր»-ի զրուցակիցը տեղեկացրեց՝ որոշ ժամանակ հաճախել է Պոլսի «Հրանտ Դինք» վարժարան։ Այստեղ են սովորում Թուրքիայում աշխատող եւ ապրող հայ ընտանիքների երեխաները: 

Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ՝ Արթուրը սոցիալական ծանր վիճակում ապրած երեխա է եղել, առանց հոր, եւ դժվար է ընտանիքին չճանաչելով մեղադրել:

«Մի քանի անգամ դպրոց է փոխել, չի կարողացել ավարտել: Նա խնդիրներ ունեցող երեխա է: Ծանր պայմաններում ապրող, հայտնի է նաեւ, որ շատ ամուր ընտանիք չի ունեցել»,- ասում է Էստուկյանը: 

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Ըստ թուրքագետ Վարուժան Գեղամյանի, իսլամական պահքի՝ Ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում շատ հանրահայտ են դառնում կրոնական քարոզները, որոնք ուղիղ եթերով հեռարձակվում են տարբեր հեռուստաալիքներով։ 

Դրանցից ամենահայտնին, թերևս, Նիհաթ Հաթիփօղլու անունով քարոզչի եթերներն են։ Հաթիփօղլուն սիրում է ցուցադրել, թե ինչպես են այլ կրոնների ներկայացուցիչները ուղիղ եթերում իսլամ ընդունում՝ այդպիսով հաղորդումը իսկական շոուի վերածելով։ 

Եվ այս հերթական շոու ծրագրի ժամանակ, 13-ամյա Արթուր անունով հայ տղա, ուրախությամբ ուղիղ եթերում ընդունում է իսլամ։ 

Արթուրը քարոզիչին պատասխանում է, որ հայ քրիսստոնյա է, մայրը նույնպես հայ քրիստոնյա է: Փոխում է իր կրոնն ու անունը: Թուրք կրոնավորը տղային հարցնում է՝ պատրա՞ստ է արդո՞ք իսլամ ընդունել, տղան պատասխանում է՝ այո՛: 

Քարոզիչը տեղեկացնում է, որ խոսել է Արթուրի ընտանիքի հետ, եւ նրանք  համաձայն են այս որոշման հետ: Հաղորդման ընթացքում Նիհաթ Հաթիփօղլու տղային ասում է, որ իսլամ ընդունելուց հետո նրա բոլոր մեղքերը կմաքրվեն, եւ հնչեցնում՝ «Աստված մեծ է: Մուհամեդն Աստծո մարգարեն է»: 

Համաձա՞յն են եղել արդոք հայ դեռահաս Արթուրի ծնողները Բագրատ Էստուկյանը չի կարող հստակ ասել, բայց տեղի ունեցածը ցավալի է համարում: Թուրքիայում, ըստ նրա, կրոնափոխման դեպքեր լինում են, իսկ երեկ տեղի ունեցածը աննախադեպ էր նրանով, որ ուղիղ եթերում փորձ արվեց շոուի վերածել մի թեմա, որի վերաբերյալ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները խնդիրներ չեն ունենում: Եթե Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլում դավանանքի վերաբերյալ ատելության քարոզություն չկա, ապա այս ուղերձը ի՞նչ նպատակ է հետապնդում,  հարցին պոլսահայ մտավորականը պատասխանեց.

«Հավանական բաներ են, քաղաքական հետեւանքներ պետք չէ տեսնել: Հեռուստատեսության ծրագիրն է խայտառակություն: Հիմա Ռամադան է՝ իսլամների ծոմապահության, սրբազան ամիսն է, եւ այս տեսակի շոու ծրագրեր կարող են կազմակերպվել: Գումարի դիմաց քրիստոնեությունից հրաժարվելը չեմ բացառում: Նման քայլ չեն բացառում նաեւ թուրք օգտատերերը: Ընդդիմադիրները հիմնականում ասում են, որ տեղի ունեցածը կրոնական իշխանությունների օրոք տեղի ունեցած ամենախայտառակ վերջին օրինակներից է»,- նշում է Էստուկյանը:   

Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը համակարծիք է Բագրատ Էստուկյանի հետ, որ Թուրքիան կրոնների, քաղաքակրթության համակեցության խառնարան է եւ դավանանքի հարցում պոլսահայերը խնդիրներ չունեն, եւ նշում, որ Պոլսո պատրիարքարանում քննարկվում է կրոնափոխ դեռահասի կրոնփոխման հարցը եւ ավելի ուշ արդեն որոշում կկայցվի՝ ի՞նչպես եւ  ի՞նչ շեշտադրմամբ արձագանքել տեղի ունեցածին։ Հարցը շատ նուրբ եւ շահարկվող թեմա է՝ ասում է: 

«Կարող է իր էությամբ շուո ծրագիր լինի, բայց կրոնի վերաբերյալ հարցը մտցնել շոու մեջ, ավելի խորացնում է խնդիրը, որ կողմից էլ հարցը մեկնաբանեք: Կրոնը, գիտեք, շոու չէ, մարդկանց խիղճն է, հոգեւորն է, նվիրականությունն է, տվյալ անձի նկատմամբ էլ չի կարելի շուու սարքել: Առհասարակ չի կարելի: Ցավալի է, հուսանք չի կրկնվի»,- ասում է  Գոչունյանը:

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցածը ինչ-որ առումով եթե ոչ տագնապային, բայց մտահոգիչ փաստ է պոլսահայերի համար: Զրուցակիցներս շեշտում են, որ անչափահաս երեխային ներքաշում են այսպես ասած «չեղած  խնդիրների մեջ, ստեղծելով խնդիր», որը անընդունելի է, եւ խնդրահարույց: Իսկ թե՞ ում կողմից օրակարգ բերվեց, պոլսահայ մտավորականները հասցեատեր չեն տեսնում, այլ վարկանիշային հաղորդման մի մաս են դիտարկում: 

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը համացանցում գրում է, որ Թուրքիայում, ըստ տարբեր հաշվարկների, ապրում և աշխատում է շուրջ 30.000 ՀՀ քաղաքացի: Եվ դեռ հստակ ուսումնասիրված չէ, թե ինչպիսին է տարիներ ի վեր անօրինական միգրանտների կարգավիճակով ապրող մարդկանց առօրյան, ինչ վերաբերմունք ունեն նրանք Թուրքիայի և Հայաստանի հանդեպ, ինչպես են պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունները, համագործակցում տեղական իշխանությունների հետ։ 

Եվ տեղի ունեցած, թեկուզ եւ շոուի միջոցով կրոնափոխման փաստը հուշում է, որ իսկապես կարևոր փոփոխություններ են տեղի ունենում աշխատանքի նպատակով Թուրքիա մեկնող հայ միգրանտների մոտ:

https://armradio.am/hy/12966

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: