İçeriğe geçmek için "Enter"a basın

Ապարանջանների միլիարդատերը․ ինչպես Քերոլին Ռաֆայելյանը կառուցեց զարդերի իր կայսրությունը

Հոդվածը լույս է տեսել Forbes հանդեսում 2017 թվականին

Հեղինակ՝ Քլեր Օ’Քոնոր

Երբ «Ալեքս և Անի» ընկերության հիմնադիր և տնօրեն Քերոլին Ռաֆայելյանը մտնում է սենյակ, մինչ նրա հայտնվելը դու արդեն կարող ես լսել, որ նա մոտենում է․ նրա կրած բազմաթիվ՝ հենց իր ստեղծած թևնոցները, մատանիներն ու վզնոցներն են ձայն հանում, շխկշխկում:

Ամենաբարձրն աղմկում էր չափազանց շքեղ ապարանջանների մի հավաքածու՝ նրա ապրանքանիշի բեսթսելլերը, որից այժմ  արտադրվում է հազարներով՝ կյանքի տարբեր իրադարձությունների առիթով կրելու համար: Դրանք կարող են պատկերել հորոսկոպի նշաններ, սպորտային թիմեր, բարեգործական միությունների նշաններ և կրոնական խորհրդանիշեր։

Այս զարդերը խորհրդանշում են խաղաղություն, սեր, ինչպես նաև՝ մեծ կարողություն, քանի որ հենց այս՝ 33 դոլար արժողությամբ, վերամշակված մետաղից պատրաստված զարդերն են պատճառը, որ Քերոլին Ռաֆայելյանը վաստակում է տարեկան 10 միլիոն դոլարից ավելի։

«Փողը չէ այս ամենի շարժիչ ուժը»,- ասում է Ռաֆայելյանը՝ իր ռոդայլենդյան արտասանությամբ, հատկապես հանգավորելով անգլերեն «ուժ» բառը (force) «տնօրեն» (boss) բառի հետ։

Ռոդ Այլենդի Քրոնստոն բնակավայրում գտնվող իրենց կենտրոնական գրասենյակից «Ալեքս և Անի»-ի եկամուտը 2010թ․ 5 միլիոնից կտրուկ աճեց և 2016թ․ հասավ մինչև 500 միլիոն դոլար՝ մոտ 23% շահութաբերություն ապահովելով։

Ռաֆայելյանը հավատում է, որ յուրաքանչյուր զարդ հագեցած է էներգիայով, որը դրական լիցքեր է հաղորդում կրողին (նրա ստեղծած զարդերը օրհնվում են քահանայի և շամանների կողմից)։ Քերոլինի 7,5 մատնաչափ երկարությամբ պարուրված  թևնոցին արված նախշերը հաստատում են, որ նա մարքեթինգում անգերազանցելի է։

«Նրանք պարզապես զարդեղեն չեն վաճառում»,- ասում է Բրենթ Քլիվլենդը՝ Fashion Jewelry & Trade Association-ի տնօրենը։ – Նրանք դրական էներգիա են վաճառում, զարդը այն փոխանցելու միջոցն է»։

«Ալեքս և Անի»-ի յուրաքանչյուր զարդ ունի իր «նշանակության քարտը»։  Օրինակ՝ բուդդիստական «Օմ» նշանը խորհրդանշում է Աստծու՝ որպես գերբնական ուժ և կյանքի շրջապտույտում բոլոր արարածների՝ մեկ ամբողջություն լինելը։ Հասարակ նավակով թևնոցը խաղաղություն է հաղորդում կրողին կյանքի փոփոխությունների շրջանում։ Այս դրական լիցքերի աշխարհը ոգևորում է բրենդի երկրպագուներին և ստիպում, որ ձեռք բերեն նորանոր զարդեր։

Այսպես է Ռաֆայելյանը Ռոդ Այլենդում իր հոր գործարանի նկուղում միայնակ կին ձեռներեցից դարձել Ամերիկայում զարդեղեն արտադրող միակ միլիարդատերը և զբաղեցրել Ֆորբսի «Ամերիկայի ամենահարուստ անկախ կանայք» ցուցակի 18-րդ հորիզոնականը: Քերոլինին է պատկանում ընկերության 80 տոկոսը, որը կազմում է մոտ 1,2 միլիարդ դոլար:

Քերոլինը վայելում է իր ձեռքբերումները: Նա գնել է 56 հազար քառակուսի ֆուտ տարածք ունեցող առանձնատուն Նյուպորտում, որը նպատակ ունի վերածելու թանգարանի: Նա նաև փորձելու է զբաղվել խաղողի տարբեր տեսակների աճեցմամբ Սակոնետի այգիներում, որը նույնպես գտնվում է այդ տարածքից ոչ շատ հեռու՝ Փոքր Քոմփտոնում։ Ակնկալվում է, որ նա շուտով հրապարակավ կհայտարարի դրա մասին․ «Եթե ես որոշել եմ զբաղվել դրանով, դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք,- ասում է նա։- Մենք ցանկացած պահի կարող ենք սկսել»:

Հանրային շրջանակներում հազվադեպ է հանդիպում նման ազատատենչ 50-ամյա կին ղեկավար, որը, հայտնի է նրանով, որ որոշում կայացնելիս հաճախ վստահում է մոլորակների խորհուրդներին:

Ռաֆայելյանն ասում է, որ մանուկ ժամանակ նա երևակայական ընկեր է ունեցել: ՈՒ թեև նա Հայ Առաքելական քրիստոնեական միջավայրում է մեծացել, այնուամենայնիվ, իր գործում նա օգտագործում է նաև այլ կրոնների և ավանդույթների տարբեր տարրեր: Իր աշխատասենյակում նա պահում է եղեսպակի չորացրած տերևներ, որոնք այրելով, ըստ Քերոլինի, հնարավոր է ազատվել բացասական էներգիայից: Իսկ իր սեղանի դարակում նա միշտ պահում է բուժիչ բյուրեղյա քվարցի կտոր:

Իհարկե, ամեն մարդու ճաշակով չեն Ռաֆայելյանի զարդերը, բայց դրանք հոգևոր ազատություն փնտրող մի ողջ սերնդի թույլ են տալիս իրենց ընդհանուր նշանագրերը կրել ձեռքերին։  

«Կասկածից վեր է, որ մարդիկ իրոք ձգտում են ձեռք բերել այնպիսի զարդեր, ինչպիսիք արտադրում է «Ալեքս և Անի»-ն»,- ասում է մանրածախ ներդրող Քրիստոֆեր Բուրչը, որը ժամանակին աջակցում էր «Ալեքս և Անի»-ի մրցակից Բաուբլե Բարին։ «Դա չափազանց կարևոր է, այդ զարդը արդեն նրա հագուստի մի մասն է դառնում»։

Հետաքրքիր մի փաստ. աշխարհի արհեստական զարդերի մայրաքաղաքը սերնդեսերունդ եղել է Ամերիկայի ամենափոքր նահանգը։ Ընդամենը երեսուն տարի առաջ այդ արտադրանքի մոտ 80%-ը Ռոդ Այլենդում է արտադրվել։ Ամերիկյան արտադրության մեծ մասը հիմնականում արտահանվել է, բայց Ռաֆայելյանը ձգտում է ոչ թե դեպի դուրս, այլ հակառակը՝ դեպի արմատները, դեպի այս նահանգը։

Նրա հայրը «ամուսնացած էր» արդյունաբերության հետ՝ իր եղբորորդու հետ արտադրելով բրոշներ և ականջօղեր ժամանակի այնպիսի մեծ կազմակերպությունների համար, ինչպիսիք էինք Trifari-ն և Monet-ը։ 1966-ին, երբ Քերոլինը ծնվեց, նրա հայրը Քրանստոնում՝ Պրովիդենսի մերձակայքում, հիմնադրեց իր սեփական ընկերությունը՝ Cinerama Jewelry-ն։ Նա բազմատեսակ զարդեր էր պատրաստում, սակայն հայ ներգաղթյալների որդին լավագույնս հայտնի էր Ամերիկայի դրոշակ պատկերող կրծքանշանների արտադրությամբ, որոնք այն ժամանակ վաճառվում էին մեծ քանակով։ EBay-ում այսօր էլ կարող եք գտնել Ռալֆ Ռաֆայելյանի կրծքանշանները՝ զարդարված փոքրիկ Swarovski աստղերով և ժապավեններով։

Վատ պահվածքի համար պատժելիս Ռաֆայելյանն իր հինգ զավակներին  ուղարկում էր գործարանի նկուղ, ուժեղ կամքի տեր Քերոլինը հիշում է, որ այդ ժամերը նա անցկացնում էր 1980-ականների ականջօղերի ետևում փոքրիկ պիտակներ կպցնելով։ «Դա մի տանջանք էր»,- ծիծաղում է նա։

Այստեղից նա փախչում է Ռոդ Այլենդի համալսարան, հետո տեղափոխվում (այժմ արդեն որակազրկված) Կիրառական արվեստի ամերիկյան մասնավոր քոլեջ, ինչից հետո 22 տարեկանում՝ Նյու Յորք Սիթի։ Տրիբեկայի շրջանում գտնվող մի գրախանութի երկրորդ հարկի բնակարանից Քերոլինը աշխատում էր իր ստեղծած զարդեղենի առաջին հավաքածուի վրա՝ «Բլումինգդեյլ»-ի պես ցանցերի հետ փոքր գործարքներ ձեռք բերելով։ Նրա ստեղծած դիզայնը չէր կարող է՛լ ավելի տարբեր լինել հոր ճոխ մարգարիտներից և ծաղկային բրոշներից։

«Ես ստեղծեցի այն, ինչ ինքս կուզեի կրել,- ասում է Ռաֆայելյանը։ – Ես ուզում էի քոքթեյլի մատանիներ, բարձրօրակ արծաթյա զարդեր»։

Ռաֆայելյանը ամուսնացավ 23 տարեկանում։ 25 տարեկանում ունեցավ իր առաջին դստերը՝ Ալեքսին։ Իսկ երբ 2 տարուց քիչ անց ծնվեց Անին, նա արդեն վերադարձել էր Ռոդ Այլենդ՝ զարդեղենի կայուն դաշտ, ստեղծելով մասնավոր պիտակավորված ականջօղեր և վզնոցներ առևտրի կենտրոնների «Բեբե», «Էքսպրես» և «Վիքտորիա Սիքրեթ» խանութների համար։

Նա զբաղեցրեց իր հոր գործարանի՝ «Սիներամայի» մի անկյունը։ Մինչ նա պատրաստում էր իր 150 հազար դոլարանոց պատվերները Նյու Յորքից, Ռալֆ Ռաֆայելյանը ջանում էր մնալ շուկայում՝ չկարողանալով մրցակցել ասիական ավելի էժան արտադրանքի հետ։ «Ես հիշում եմ այն օրը, երբ ես հետ նայեցի և հասկացա, որ յուրաքանչյուր մարդ գործարանում աշխատում էր այն պատվերների վրա, որոնք ես էի ստանում»,- հիշում է Քարոլին Ռաֆայելյանը։ «Մի ակնթարթում ես հասկացա՝ Աստված իմ, նրանք ինձ վրա են իրենց հույսը դրել»։

Զուգահեռաբար, նա շարունակում էր փորձել ստեղծել իր սեփական բրենդը, որն անվանել է իր երկու դուստրերի անուններով։ «Ես ձայն էի տալիս նրանց, փորձում էի գրավել նրանց ուշադրությունը՝ Ալեքսն իր բարձր աթոռին էր նստում, իսկ Անին, հավանաբար, դեռ քայլասայլակով էր։ Հենց այդ պահին ես հասկացա, թե ինչ պետք է լինի բրենդի անվանումը»,- ասում է Քերոլինը։

10 տարուց ավել նա ընտանեկան բիզնեսը պահում էր՝ շնորհիվ հասարակ մասնավոր պիտակավորված պատվերների։ Արտադրվում էին ականջօղերի կոմպլեկտներ, որոնց ինքնարժեքը կազմում էր 3 դոլար, իսկ վաճառվում էին 16 դոլարով։ Մինչ «Ալեքս և Անի»-ն սկսում էր առաջընթաց ապրել, Ռաֆայելյանն այդ ընթացքում տեղական փակվող ընկերություններից հնաոճ քարեր էր ձեռք բերում, և օգտագործելով դրանք՝ պատրաստում էր բյուրեղյա թևնոցներ և թիթեռի տեսքով մազակալներ։ Հենց այդպիսի զարդեր էին փնտրում երիտասարդները Henri Bendel-ում և Fred Segal-ում։

Նրա բեսթսելլերների շարքում են «անվերջ օղակ» ականջօղերը, որոնք պատրաստված են մետաղյա լարի մի կտորից՝ ուլունքներով։ 2000-ականներին, Մանհեթն-Ռոդ Այլենդ իր երկար ճանապարհորդություններից մեկի ժամանակ, երբ դեռ նոր էր ծնվել Քերոլինի երրորդ դուստրը, մի ուղղորդող միտք ծագեց նրա գլխում։ Այդ ականջօղերի դիզայնը կարող էր կիրառվել թևնոց պատրաստելու համար։ Հարկավոր էր ընդամենը մեծացնել տրամագիծը։ «Կեսգիշերն անց էր, ես միանգամից ուղևորվեցի գործարան»,- ասում է նա։

Ռաֆայելյանը «Ալեքս և Անի»-ի 14 չափսի լայնացող մետաղյա ապարանջանը արտոնագրել է 2004 թվականին։ Դա ընկերության 30 արտոնագրերից մեկն է, որը հաճախ է ստիպված լինում պաշտպանել դատարանում։ «Բազմաթիվ սպորտային կոշիկներ կան շուկայում, բայց Նայքը միակն է»,- ասում է նա։

Նմուշների առաջին վաճառքը Սիներամայում այնքան մարդաշատ էր, որ նա ստիպված էր ոստիկանություն հրավիրել՝ անվտանգության համար։ Մի կին խանութի դռները բացվելուց մի քանի ժամ առաջ աթոռ էր տեղադրել և սպասում էր։ Ռաֆայելյանը շտապել է գործարան, որպեսզի ինքնուրույն պատրաստի նոր թևնոցներ։

«Ալեքս և Անի»-ն կայուն աճում էր, հիմնականում՝ Բլումինգդեյլ և Նորդստրոմ առևտրային կենտրոններում։ 2009-ին բացվում է առաջին մանրածախ սրահը Նյուպորտում։ Սակայն բիզնեսը դեռ փոքր էր, մեծածախ վաճառքը ներառյալ կազմում էր ավելի քիչն քան 5 միլիոն դոլար։ Այնուհետև, Ռոդ Այլենդի համալսարանի աշակերտների վերամիավորման ժամանակ, նա հանդիպում է նախկին սենատոր Ջովաննի Ֆերոչեին, ով օպտիկայի ոլորտի մանագետ էր։ Վերջինս անմիջապես նկատում և զգում է «Ալեքս և Անի»-ի զարգացման ներուժն ու հնարավորությունները։

«Այն դաջում է մարմինը՝ առանց դաջվածքի»,- աում է Ֆերոչեն, ով 2010թ․ դարձել է կազմակերպության գործադիր տնօրենը։

Այս զույգին Ին և Յան նկարագրելը նույնիսկ վիրավորանք է Դաոիզմի նկատմամբ։ Ֆերոչեն Իրաքի պատերազմի վետերան էր և որպես մի մարդ, որն ունի պարտքի բարձր զգացում, նա փորձում էր ռազմական ճշգրտությամբ լրացնել Ռաֆայելյանի ծաղկի նրբությամբ գործող կազմակերպությունը։ «Ես ձեռք եմ բերել իմ հմտությունները պատերազմի ընթացքում, արագ տեմպերով,- ասում է նա։- Բառացիորեն, Կատարում ես նստում ու երևակայում էի, թե ինչպես եմ կիրառելու դրանք բիզնեսում»։

Հաջորդ երեք տարիները փոթորկուն էին։ Ֆերոչեն մշակեց և ներդրեց այնպիսի պրոֆեսիոնալ գործող համակարգ, որը նպաստեց իրենց բիզնեսի արագ զարգացմանը։ JH Partners-ը վերցրեց բաժնետոմսերի 20%-ը (սակայն դուրս եկավ 2014թ․-ին՝ մեկ այլ ներդրողի՝ Lion Capital-ին, ներգրավելով գործարքի մեջ, որն ընկերությունը  գնահատեց 1մլն դոլար)։

Ժամանակը ավելի քան ճիշտ էր ընտրված առավել ագրեսիվ մարքեթինգ իրականացնելու, այդ թվում՝ Super Bowl-ի գովազդ հեռարձակելու համար։  «Ալեքս և Անի»-ի՝ արդեն բրենդ դարձած ոսկյա զարդերը, ի տարբերություն անանուն մեծածախ ընկերության ապրանքի, որը կարելի էր գնել սրահից, իր շուկան ընդլայնում էր մոտ 20%-ով։ Հաճախորդները ցանկանում էին իմաստ փոխանցել զարդեղենի միջոցով։ Ըստ McKinsey խորհրդատվական ընկերության, 2020 թվականին այս տենդենցը 40%-ով ավելանալու միտում ունի։

«Ես միշտ ասել եմ, որ այն ընկերությունը, որը չունի դեմք, ունի խնդիր»,- ասում է Ֆերոչեն։ «Մեր ընկերությունն ուներ դեմք։ Որոշ ժամանակ այն մենք էինք, հիմա նա է»։

2011 թվականին հյուսիսարևելյան նվերների խանութ սրահների ցանցը՝ Paper Store-ը, ծախսում է 11մլն դոլար և իր 72 կետերում կառուցում է «Ալեքս և Անի»-ի սրահ-խանութները։ «Մենք գլխիվայր շրջեցինք մեր ընկերությունը»,- ասում է Paper Store-ի տնօրեն Թոմ Անդերսենը։ «Որոշ մարդիկ կանվանեն սա ռիսկ, բայց հենց սկզբից պահեստներում ոչինչ չէր մնում, զարդերը շատ արագ վաճառվում էին»։

Ավելի մեծ ցանցեր, ինչպիսիք են Harvey Nichols-ը և Saks Fifth Avenue-ն, նույնպես սկսեցին վաճառել Ռաֆայելյանի շղթաները։ Ավելին․ 2012թ․-ից սկսած՝ արտոնագրված գործարքներ իրականացվեցին Walt Disney-ի, Ազգային ֆուտբոլի լիգայի, Ամերիկյան բանակի հետ․ նրանք համաձայն էին, որ կանանց դուր է գալիս ի ցույց դնել իրենց նախասիրությունները։

Օրինակ Disney-ի հավաքածուում կարող եք տեսնել դասական Mickey և Minni-ին՝ Frozen-ից Elsa-ի հետ նույն շղթայում։ (Ներկայիս, Disney-ի սրահի էջի բեսթսելլեր թևնոցներից  5-ից 4-ը «Ալեքս և Անի»-ինն են)։ Ընկերությունը սկսեց իր սրահները բացել լավագույն շուկաներում Քալիֆորնիայում, Նյու-Յորքում և այլուր, այժմ նրանց թիվը հասնում է ավելի քան 80-ի։

Ասում են՝ սա իրոք առասպելական աճ է, եթե հավատանք ընկերությանը։ 2010թ․-ին վաճառքը հասավ 5 մլն դոլարի, իսկ 2013թ․-ին, երբ ընկերությանը միացավ Ֆերոչեն, այն աճեց մինչև 230մլն դոլար։ Այս ամենի հետ, Ռաֆայելյանը շարունակում էր իրականացնել արտադրության բոլոր փուլերը՝ սկսած դիզայնից, մինչև ձուլում և եռակցումից մինչև մարկետինգ՝ Քրենսթոնում գտնվող իրենց կենտրոնական գրասենյակի շրջակայքում։

Նրա հոր Սիներամա գործարանում սկսվել էր եռուն շրջան, այն ընդարձակվում էր, ավելանում էին աշխատակիցները, շատանում էին մոդայիկ շղթաները․ թանկարժեք զարդեր արտադրող Tiffany & Co.-ի նման, «Ալեքս և Անի»-ն նույնպես վերահսկում է ողջ մատակարարման համակարգը։ Քլիվլենդն ասում է․ «Նրանք անտեսում են միջնորդին»։

Գործադրած ջանքերի դիմաց Ֆերոչեն դուրս մղվեց ընկերությունից 2014թ․-ին։ «Երբ ընկրությունը զարգացավ, շատ հիմնադիրների պես, ես ստանձնեցի գործադիր տնօրենի դերը»,- ասում է Ռաֆայելյանը։ (Ֆերոչեին փոխարինած, Yankee Candle-ի նախկին գործադիր տնօրեն Հարլան Քենթը նշանակվեց ընկերության նախագահ, բայց դա տևեց մեկ տարուց քիչ, հեռացան նաև այլ ավագ ղեկավարներ)։ Հիմնադիր ունեցող կազմակերպության տնօրեն լինելը միշտ դժվար է, ղեկավարել ընկերություն մի մարդու համար, ով աստղերի օգնությանն է դիմում որպես ուղեցույց՝ երկակի դժվար է։

«Մենք հասանք այն կետին, երբ պետք էր առաջ շարժվել»,- ասում է Ֆերոչեն, որը Ֆորբսի կարծիքով ետ է վաճառել իր բաժնետոմսերը Ռաֆայելյանին։ Հիմա նա ղեկավարում է Բենռուս ժամացույցների ընկերությունը։ «Ես պատրաստեցի ռազմի դաշտը, Քերոլինը պատրաստեց արտադրանքը։ Մենք անցանք ճակատամարտի գիծը։ Այժմ նա ակտիվ պայքարի մեջ է։ Ամբողջ աշխարհն է ճանաչում «Ալեքս և Անի»-ն, իսկ եթե չգիտեն, ապա կիմանան շուտով»,- ասում է Ֆերոչեն։ Առաքելությունը կատարված է։

Նոյեմբերյան մի կեսօր Ռաֆայելյանը իր դիզայնի թիմից ութ անդամի հրավիում է իր գրասենյակ՝ ժամանակակից ընդարձակ տարածք՝ տախտակապատ պատշգամբով։ Նա նստում է խորհրդակցությունների փայտե սեղանի գլխավոր տեղում։ Սեղանին արտ-դեկո ոճի քանդակներ էն արված՝ գայթակղիչ սանրվածքով կիսամերկ պարուհի, քայլող ընձառյուծ։

Կանայք։ Այս հանդիպման բոլոր մասնակիցները, ինչպես նաև նրա աշխատուժի մեծ մասը  կանայք են։ Ներկաները սպասում են մայրուղիների ցուցանակների գովազդների, սրահի ցուցափեղկի գովազդի, էպօքսիդ ձուլման արժեքի, ապարանջանների փակման օղակի չափերի, պոտենցիալ մոդելների չափազանց կամ  պակաս երիտասարդ լինելու, նոր արտոնագրի, «Wonder Woman» ֆրենչայզի վերաբերյալ Քերոլինի հետ քննարկանն ու հաստատմանը։

Վերջին ին ամիսների ընթացքում Ռաֆայելյանի ընկերությունում հայտնվեցին մի քանի տղամարդիկ՝ Jones Group հագուստի հսկայի աշխատակից 30 տարեկան Սինդի ԴիՊիետրանտոնիոն և Բոբ Վուդրուֆը, ով աշխատել է Nike ընկերությունում։

Նրանց առաջ շատ խնդիրներ կան։ Նորաձևությունը անցողիկ է, հաճախորդները՝ ոչ հուսալի։ Այս տարվա «պարտադիր է ձեռք բերել» իրը մյուս տարվա համար անընդունելի է արդեն։ Ռաֆայելյանը պետք է շարունակի քայլել նորաձևության և պահանջարկի հետ զուգընթաց, առաջ ընկնի կրկնօրինակողներից։

Արտահանումը շատ մեծ քայլ է, ԱՄՆ-ից դուրս վաճառքը կազմում է «Ալեքս և Անի»-ի եկամուտի միայն 10%-ը։ Ռաֆայելյանն ակնկալում է, որ 2020-ին այն կկրկնապատկվի։ Սա նշանակում է՝ մրցել արտաքին շուկայում Պանդորայի՝ Դանիական բարձրորակ արծաթյա իրերի բրենդ հետ, որը գնահատվում է 12 մլրդ դոլար և ունի 2100 սրահ ամբողջ աշխարհով մեկ։

«Ալեքս և Անի»-ի զարդերի նման, Պանդորայի թևնոցները նույնպես հավաքածուներ են և հրաշալի նվեր են, սակայն Պանդորայի կատալոգը տարբերվում է նրանով, որ վաճառում է առանձին ուլունքներ, որոնց գինն ավելի բարձր է, քան «Ալեքս և Անի»-ի մեկ ապարանջանը։

Բացի զարդերից, Ռաֆայելյանը սկսել է այլ իրերի արտադրանք ևս, ինչպիսիք են՝ կաշվե փոքր պայուսակներ և 28 դոլար արժողության մոմեր։ Հոգևոր էլեմենտը շարունակում է գերակշռող մնալ։ Նրա «Բուրմունք 7» անուշահոտությունը նարդոսի և խորդենու նուրբ բույրը է տարածում «Ալեքս և Անի»-ի սրահներում, 12 դոլար արժողությամբ մարմնի օծանելիքը նախատեսված է կրողի չակրաները (ըստ Սանսկրիտի՝ մարդկային մարմնի էներգիայի կենտրոնները) վերականգնելու համար։ «Անվանեք այս ընկերությունը ապրելակերպ, որովհետև սա միայն նորաձևության մասնիկ չի կրում, սա իմ կյանքն է»։

Այս կյանքն արտացոլված է ողջ կազմակերպության մեջ։ Նրա քույրը դեռ ղեկավարում է իրենց հոր հին գործարանը, (այն այժմ պատկանում է երկու քույրերին, քանի որ նրանց հայրը մահացել է 2012թ․-ին)։ Իր շքեղ գրասենյակի ներսում Ռաֆայելյանը մատնացույց է անում պահարանի վրա դրված մաշված կաշվե ճամպրուկը։ Դա այն ամենն է, ինչ իր պապը վերցրել էր իր հետ, երբ լքել էր իր հայրենիքը՝ այժմյան Հայաստանը 1913 թվականին՝ ցեղասպանությունից առաջ, Էլլիս կղզով գաղթելով դեպի Պրովիդենս։

Անցյալ աշնանը Քերոլինն իր պապի պատվին ստեղծեց մի նոր հավաքածու, որի 14 կարատանոց ոսկյա կախազարդը կրում է հենց ինքը։ Այն Ազատության արձանի ջահի կրկնօրինակն է՝ 50 փոքրիկ ադամանդներով՝  մեկական ադամանդ յուրաքանչյուր նահանգի համար։ Հարթ բարձրացող կրակը պատրաստված է պղնձից, որը ժամանակին հենց Ազատության արձանի մաս է կազմել։ 2012 թվականին Ռաֆայելյանը ձեռք է բերել 1984 թվականին արձանի հարյուրամյակին կապակցությամբ արված վերանորոգման արդյունքում առաջացած պղնձի մնացորդները՝ բեկորների հսկայական պաշարների տեսքով, ինչի շնորհիվ էլ կարողացել է վաճառել բեկորներից վերածնված տասնյակ հազարավոր զարդեր։ Այս հավաքածուի վաճառքից ստացված հասույթի մի մասը կնվիրաբերվի Էլլիս կղզու հիմնադրամին՝ Ազատության արձանը պահպանությանը համար։

Նրանք, ովքեր Քերոլինին լավ են ճանաչում, կնկարագրեն նրան որպես 19-րդ դարի պղնձի համար յոթանիշ թիվ ծախսող դասական Քերոլին՝ իմպուլսիվ և կասկածամիտ, բայց և չափազանց խելամիտ և ըմբռնող։

«Ես ոչ մեկին չեմ լսում»,- ասում է Ռաֆայելյանը,- «Եվ դա լավագույն բանն է, որ ես անում եմ»։

Թարգմանությունը՝ Աննա Խալաթյանի

https://www.civilnet.am/news/2019/05/08/Ապարանջանների-միլիարդատերը%E2%80%A4-ինչպես-Քերոլին-Ռաֆայելյանը-կառուցեց-զարդերի-իր-կայսրությունը/360288

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın